Արդեն մի քանի օր է, ինչ ամբողջ համացանցի թեժ քննարկման թիվ մեկ թեման ոստիկանություն-ակտիվիստ փոխադարձ վիրավորանքներն են: Սեպտեմբերի 1-ին Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների անհնազանդությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ հնչած հայոհոյանքներին, վիրավորական արտահայտություններին ոստիկանության կապիտան, «Հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանը պատասխանել էր ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: Վերջինս բավական կոպիտ և վիրավորական արտահայտություններով ակտիվիստներին կոչ էր արել չհայհոյել ոստիկաններին: Գեղամ Խաչատրյանը շեշտել էր երկու ակտիվիստի անուն` Վաղինակ Շուշանյան և Գևորգ Սաֆարյան: Վ. Շուշանյանն էլ դրան ի պատասխան իր ֆեյսբուքի էջում հրապարակային պատիվ էր պահանջել ոստիկանության ծառայողից:
Ահա այս գրառումը օրեր շարունակ քննարկվում է, քննադատվում, կրկին հնչում են փոխադարձ վիրավորանքներ: Ակտիվիստներն էլ պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկանին, ով իրենց վիրավորել է: Սակայն, այս հարցին պետք է նայել նաև իրավական տեսանկյունից: Ինչ հետևանքներ կարող է ունենալ ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի գրառումը ֆեյսբուքում, ինչ քայլեր կարող են անել ակտիվիստները և ինչ պետք է աներ ոստիկանությունը, որ չարեց:
Իրավաբան Երվանդ Վարոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ ֆեյսբուքում գրառում կատարելը ցանկացած մարդու, ինչպես նաև ոստիկանի իրավունքն է. «Ոչ ոք արգելել կամ գրառում կատարելու համար ոստիկանին պատժել չի կարող: Բնականաբար, ոստիկանի իրավունքն է արտահայտվել, ասել, որ պետք չէ հայհոյել և այլն: Կարող է նաև որոշակի սահմաններում սուր արտահայտություններ թույլ տալ: Սակայն, կոնկրետ այս դեպքում ակնհայտ է, որ սահմանների որոշակի անցում է թույլ տրվել, վիրավորական արտահայտություններ են հնչում կոնկրետ անձանց նկատմամբ: Կարծում եմ, որ ոստիկանը խնդիր պետք է ունենա կարգապահական առումով, քանի որ, այնուամենայնիվ, ուսադիր կրող օրենքի պահապան մարդուն հարիր չէ սոցիալական ցանցում վիրավորանքներ սփռել: Նորից եմ ասում, հարցը ոչ թե իր կարծիքն արտահայտելուն է վերաբերում, այլ վիրավորանքներին»:
Վարոսյանի խոսքով` ակտիվիստները, որոնց հասցեին հնչել են վիրավորանքներ, ազատ են քաղաքացիական հայցով դիմել դատարան`պատիվ պահանջելու: Դիտարկմանը` ավելի կոպիտ վիրավորանքներ հնչել են ակտիվիստների կողմից այդ նույն ոստիկանի և մնացածի նկատմամբ, արդյո՞ք այդ դեպքում օրենքով սահմանված կարգով պատժի ենթարկելու ընթացակարգ չկա, իրավաբանը պատասխանեց. «Իհարկե կա: Տեսեք, թե ինչումն է խնդիրը: Ասենք` ինչ-որ մեկն իրավաբան չէ, իր համար երիտասարդ ակտիվիստ է, իրեն դուր չի եկել ոստիկանի գործողությունները, հայհոյել է, արդյո՞ք ոստիկանությունը պետք է ամեն ինչ դնի մի կողմ և սկսի փոխադարձ հայհոյել: Իհարկե ոչ: Այդ դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն` ոստիկանին իր պարտականությունները կատարելու ժամանակ վիրավորելու համար: Վարչական վարույթ սկսկելու լիազորությունը հենց ոստիկանությանն է տրված: Ինքը պետք է աներ այն, ինչը նախատեսված է օրենքով»:
Վարոսյանը նշեց, որ այս դեպքում տվյալ ոստիկանը խախտել է օրենքը` վիրավորանք հասցնելով, ոչ թե իր անձնական կարծիքը սոցիալական ցանցի իր էջում գրելով: «Նա զուտ գրառում չի կատարել, այլ դրանով վիրավորանքներ է սփռել: Այդ ակտիվիստները կարող են հայց ներկայացնել և փոխհատուցում պահանջել»,- պարզաբանեց Երվանդ Վարոսյանը:
Ստացվում է` ոստիկանությունը կարող էր հենց բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկել ակտիվիստներին և վարչական պատասխանատվության ենթարկել ոստիկանին հայհոյելու համար: Սակայն, անհասկանալի պատճառներով, ոստիկանությունն ընտրեց հրապարակային «կռիվ- ղալմաղալի» ճանապարհը և փոխադարձ հայհոյանքների ուղին, որն անհայտ է, թե ինչով կավարտվի: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հենց ակտիվիստների պահվածքը բողոքի ակցիաների ընթացքում ճիշտ չէ, քանի որ վերջիններս շեղվելով իրենց բուն թեմայից և պահանջներից` սկսում են հայհոյել ոստիկանության ծառայողներին և կռիվ հրահրել: Բնականաբար, խոսքը ոչ բոլոր ակտիվիստների մասին է:
Վերջում հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայով ակտիվիստները սկիզբ դրեցին իրենց պայքարի նոր փուլին: Նախաձեռնության անդամները պահանջում են չեղարկել հոսանքի սակագնի բարձրացման վերաբերյալ կայացված ապօրինի որոշումը, պատժել իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և առհասարակ իջեցնել հոսանքի սակագինը:
Քրիստինա Աղալարյան