ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՓՈՐՁԱՍԵՆՅԱԿ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային նվագարանների պետական նվագախմբի ղեկավար, պրոֆեսոր ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆԸ համարում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելը ճիշտ ճանապարհ է, ամենից հեշտը հիասթափվելն ու ձեռքը թափահարել գնալն է, սակայն դա հարցի լուծում չէ:
-Եթե գնայի, վաղուց կգնայի, բայց ես էստեղ անելիքներ ունեմ, պետք եմ ու պարտավոր եմ մնալ մեր երկրում: Չեմ էլ կարող ուրիշ տեղ ապրել: Արտագաղթն ինձ համար անընդունելի է, բայց եթե մարդիկ գնում են, իրենց կամքն է, ոչինչ չեմ կարող ասել: 20-30 տարի առաջ ես խիստ մեղադրում էի նրանց, ովքեր լքում էին երկիրը, բայց հիմա ոչինչ չեմ ասում:
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ:
-Բարեկեցիկ, որ ձեւավորվի միջին խավ: Ինքս ինձ միջին խավի ներկայացուցիչ եմ համարում, եթե եկամուտի իմաստով նայենք: Ուզում եմ, որ առաջին հերթին օրենքի երկիր ունենանք, ու օրենքները խստագույնս կիրառվեն, բոլորի համար էլ լինեն հավասար: 
-Կգա՞ այդպիսի մի օր, երբ բոլորս հավասար լինենք օրենքի առաջ:
-Վաղ թե ուշ գալու է, կարող է ես չտեսնեմ:
Մեր երեխաներն էլ գուցե չտեսնեն:
-Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը, բայց, այնուամենայնիվ, չարժե այդքան հոռետես լինել, փորձենք մի փոքր լավատեսորեն տրամադրվել ու հուսալ, որ մի քանի տասնամյակ հետո բոլորը մեր երկրում կապրեն բարեկեցիկ կյանքով: 
-Ինչ-որ բան կփոխվի՞ նախագահական ընտրություններից հետո:
-Կյանքը ցույց է տվել, որ ոչինչ էլ չի փոխվել ու չի փոխվում, էդպես շարունակում է մնալ: Իհարկե, ինչ-որ դրական բաներ բոլորս էլ տեսնում ենք, բայց դա չի լուծում աղքատների հարցը: Մենք հիմա խեղճ ու կրակ ժողովրդի ստվար զանգված ունենք, ինձ ցավ է պատճառում, երբ նայում եմ, թե ինչպես են նրանք գոյատեւում:
-Որեւէ լուծում, ելք տեսնո՞ւմ եք:
-Չեմ տեսնում: Ես տեսնում էի մեծ հույս, երբ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը “Միասնություն” դաշինքով մուտք գործեցին քաղաքական ասպարեզ: Բոլորս մեծ սպասելիքներ ունեինք, որ կյանքը պետք է լավանա, բայց, ինչպես տեսանք, եղավ այն, ինչ եղավ: 
-Ձեր սոցիալական կարգավիճակից գո՞հ եք, Ձեզ ըստ արժանվույն գնահատված զգո՞ւմ եք: 
-Ես վաստակավոր արտիստի ու պրոֆեսորի կոչում ունեմ: Կոմունիստների ժամանակ նմանատիպ կոչումներ ունեցողներն այլ կերպ էին գնահատվում: Այն ժամանակ պրոֆեսորները 400 ռուբլի աշխատավարձ էին ստանում, ինչն ամենաբարձրն էր համարվում, իսկ հիմա ամենացածրն է: Սա է իրականությունը: Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել:
-Դուք նաեւ Ազգային նվագարանների պետական նվագախմբի ղեկավարն եք, ինչպե՞ս է կոլեկտիվի վիճակը:
-Խումբն այս պահին ունի հովանավորի կարիք: Մենք պետական բյուջեից ենք աշխատավարձ ստանում, ինչը կազմում է 40.000 դրամ: Փորձեցինք դիմել Ռալֆ Յիրիկյանին, որը մի քանի կոլեկտիվների հովանավորում է, գուցե մեզ էլ ներառեն իրենց ծրագրերի մեջ, որովհետեւ իր տեսակի մեջ հանրապետության միակ նվագախումբն ենք: Խնդիր է առաջանում, մեր լավ երաժիշտները թողնում հեռանում են, այդ մարդկանց էլ մեղադրել չես կարող, 40.000 դրամ աշխատավարձով չեն կարող ապրել:
Վերջին տարիների ընթացքում քանի՞ երաժիշտ է հեռացել խմբից:
-Երկու հրաշալի քանոնահար հեռացան կոլեկտիվից, գուցե եւ օբյեկտիվ պատճառներով` ամուսնություն եւ այլն: Բայց մնացած բոլորը, ովքեր մասնակցում են նվագախմբի աշխատանքներին, պարզապես մոռանում են իրենց աշխատավարձի չափն ու մեծ նվիրվածությամբ ու սիրով աշխատում:
Մեր համերգային շրջագայությունները տարաբնույթ են, տարբեր հիմնարկություններ, ծերանոցներ, զինվորական մասեր… Նաեւ դասախոսություններ ենք կազմակերպում երեխաների համար, մեր ազգային նվագարաններն ենք ներկայացնում, պատմում: Կարծում եմ՝ շնորհակալ աշխատանք ենք անում, դա ասում եմ նաեւ արձագանքներից ելնելով: Ժողովրդի գնահատականը շատ ոգեւորող է, պարտավորեցնող, եթե լիներ նաեւ կառավարության գնահատականը` աշխատավարձի ավելացման տեսքով, կլիներ այն, ինչ մենք ուզում ենք: 
-Իսկ դրանից բացի, ո՞րն է նվագախմբի ամենամեծ խնդիրը:
-Մենք չունենք մեր սեփական փորձասենյակը, աշխատանքի վայրը, որեւէ գրասենյակ, որովհետեւ սա հիմնարկ է իր տնօրենով, հաշվապահով, գանձապահով… 
Այդ դեպքում որտե՞ղ եք փորձեր անում:
-Փորձասենյակը մեզ անվարձահատույց տրամադրել է Էդգար Գյանջումյանը թիվ 10 երաժշտական դպրոցի նկուղային հարկում, որտեղ էլ անց ենք կացնում մեր փորձերը: Եթե Էդգար Գյանջումյանի բարի կամքը չլիներ, մենք կհայտնվեինք փողոցում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 480 համար




Լրահոս