«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այս պահին քննարկումներ են անցկացնում, որից հետո իրենց հետագա պայքարի մասին կհայտարարեն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը:
-Ռիմա, նախաձեռնության պայքարն ինչ փուլում է և որոնք կլինեն ձեր հետագա քայլերը:
-Այս պահին նախաձեռնությունը քննարկումների փուլում է: Մենք քննարկում ենք ունեցած ինֆորմացիան, որից հետո հստակ հայտարարություններով հանդես կգանք: Հասարակության շրջանում ինֆորմացիայի որոշակի պակաս կա: Մենք բարձրաձայնեցինք ՓՄՁ ներկայացուցիչների վերաբերյալ խնդիրը, որ նրանց ստիպում են ստորագրել փաստաթղթեր, ըստ որի հոսանքն արդեն թանկացված սակագնով են վճարելու: Այս բոլոր քննարկումներից հետո, հստակ հայտարություններ կանենք: Մեր գործունեությունը թափանցիկ է և օրենքի շրջանակներում: Կոնկրետ հավաքի օր դեռ հայտնի չէ:
-Իսկ ոստիկան-ակտիվիստ սրված հարաբերությունների մասով ի՞նչ կասեք:
-Գիտեք, նախ ուզում եմ ասել, որ ցանկացած ոստիկան պետք է իր օրինակելի պահվածքով օրինակ ծառայի: Հենց Բաղրամյանում ցույցը ցրելու ժամանակ ակտիվսիտների նկատմամբ բռնություն կիրառվեց: Առաջին հայացքից էր թվում, թե ակտիվիստների նկատմամբ բռնություն չի կիրառվել: Նրանք այնպես էին բռնել քաղաքացիներին, որ նույնիսկ մարդիկ կային շնչահեղձ էին լինում: Շատ անգամներ ակցիաների ժամանակ ոստիկանները քթի տակ ինչ-որ բաներ են ասում, որից էլ քաղաքացիները բորբոքվում են: Եվ թվում է, թե քաղաքացին հենց այնպես սկսեց վիրավորել ոստիկանին: Ես չեմ ուզում ոչ մի կողմին արդարացնել, պետք է հանդուրժող լինենք, բայց ոստիկանն էլ ամեն դեպքում չպետք է անցնի իր սահմանը:
-Կոնկրետ ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված մի տեսանյութում «Ոչ թալանին» նախաձեռնության նախկին անդամ Վաղինակ Շուշանյանը և ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը բավական կոպիտ հայհոյանքներ են հնչեցնում ոստիկանների հասցեին: Այդ վիրավորանքներից հետո էլ սկսվեց վիրտուալ պատերազմը:
-Ես չգիտեմ` այդ օրը նրա պահվածքի պատճառը որն էր, բայց էլի եմ կրկնում, որ ես չեմ արդարացնում ոչ մի կողմին: Սակայն, ոստիկանության ծառայողները չպետք է անցնեն սահմանները, չպետք է հայհոյեն և վիրավորեն քաղաքացիներին: Նրանք պարտավոր են օրինակ ծառայել:
-Իսկ նախաձեռնության պայքարի օրակարգում հնչած վիրավորանքների համար պատիվ պահանջելու պահանջով դատարան դիմելու հարցը կա՞:
-Եթե այսպես շարունակվի, ապա այդ հարցն էլ կլինի: Պետք է դադարեցնել փոխադարձ վիրավորանքները և հատկապես ոստիկանությունը, քանի որ անկախ նրանցից թե քաղաքացին ինչ է անում կամ ասում, ոստիկանությունը չպետք է խախտի օրենքը: Այս դեպքում իրենք, այսպես ասած, օրենքի պաշտպաններն են, բայց խախտում են օրենքը: Ոչ մեկին հաճելի չէ նման վիրավորանքեր լսել: Եթե չդադարեցվի և այսպես շարունակվի, այդ հարցը մենք կքննարկենք:
Քրիստինա Աղալարյան