Թուրքիայում քրդական հարցը կապված է Հայոց ցեղասպանության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Worldcrunch-­ի փոխանցմամբ՝ հրապարակված հոդվածում գրել է թուրք լրագրող, գրող, վավերագրող եւ Radikal-­ի սյունակագիր Ումիթ Քիվանչը: Թուրքիայի մահմեդական մեծամասնության՝ սուննիների յուրահատուկ գծերից մեկը, ըստ լրագրողի, ցատկերի հանդեպ հակվածությունն է: «Ցատկ մեկ քայլ առաջ այն տեղից, որտեղ նրանք պետք է գտնվեին, ցատկ՝ նպատակ ունենալով ազատվել այս կամ այն պատմական խնդրից:

Օրինակ՝ նրանք չեն կարողանում քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ անհնար է խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ ծրագրվեց եւ իրականացվեց Ցեղասպանությունը: Նրանք փորձում են մարդկանց զանգվածային կոտորածն ու իրենց իսկ հայրենիքից նրանց տարհանումն արդարացնել «բայց, բայց…» բառերով եւ խոսելով «հայկական բանդաների եւ նրանց գործողությունների» մասին»,­ -նշել է Ումիթ Քիվանչը: Սակայն, ըստ նրա, ոչ մի կերպ չեն ցանկանում դիտարկել այն հարցը, թե ինչպես եւ ինչու են ձեւավորվել այդ «բանդաները»:

«Քրդերի համոզմունքը, որ իրենց բանակ է անհրաժեշտ, ինչպես պետության, այնպես էլ սուննի մեծամասնության գործողությունների ուղղակի հետեւանք է: Բազմաթիվ քրդեր, որոնք փորձել են փոփոխությունների հասնել քաղաքականության օգնությամբ, սպանվել են կամ բանտում են»,-­ ընդգծել է Քիվանչը:

Լրագրողը հավելել է, որ հիմա՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում քրդական քաղաքական կուսակցությունը՝ HDP-­ն, կարողացավ խորհրդարանում 80 տեղ ապահովել, թուրքական պետությունն ասում է. «Ոչինչ չի նշանակում այն, որ այդ ուղին երկրի համար խաղաղ ապագա է խոստանում: Մեզ համար խաղաղ քաղաքականության ուղի չի լինի: Խաղաղություն չի լինի ձեր գյուղերում և քաղաքներում: Դուք ապրելու իրավունք չունեք, քանի դեռ ծնկի չեք եկել»:




Լրահոս