Եթե ուշադիր ընթերցեք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը եւ առաջարկությունը, որն արվեց օնլայն ասուլիսի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի պատասխանը, կտեսնեք, որ դրանք բացարձակապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հստակ է ասում եւ օրակարգը, եւ հանդիպման բովանդակությունը, եւ անհրաժեշտության մասին: “Այն, ինչ ասում է Արմեն Արզումանյանը, բացարձակապես կապ չունի այն հայտարարության հետ, որն արվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Մինչեւ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը համապատասխան որեւէ առաջարկություն, քայլ չի ձեռնարկվել Սերժ Սարգսյանի կողմից, եւ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ”,- նշեց Ռուբեն Հակոբյանը` շեշտելով, որ եթե այն օրակարգը, որը թելադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդունվի նախագահի կողմից, իհարկե, հանդիպում տեղի կունենա: