Այս տարվա սկզբից Հանրապետությունում մի քանի դեպքեր գրանցվեցին, երբ ամուսինները սպանեցին իրենց կանանց: Սպանողներից մեկը հոգեբուժարանի բաժանմունքում էր հաշվառված, մյուսը՝ հարբեցող էր, երրորդ դեպքում` սպանության պատճառը ամուսնու խանդն էր և այլն: Իհարկե, անգամ այս զազրելի արարքից հետո մարդասպան ամուսինները մի օր դուրս կգան բանտախցից և կշարունակեն ապրել մեր կողքին. միայն անհասկանալի է, թե ինչ երեսով են նայելու իրենց երեխաների աչքերին. չէ որ նրանց մորն են սպանել՝ զրկելով մայրական ու նաև հայրական խնամքից:
Այժմ անդրադառնանք ընտանեկան ողբերգություններից ամենաառեղծվածայինին
Այս տարվա փետրվարի 15-ին Արմավիր գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Սարխոշյանն իր վաղամեռիկ եղբոր գերեզմանին դաժանաբար սպանել էր կնոջը` 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին: Նախ` քարով հարվածներ էր հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ իր մոտ եղած շեղբով կտրել կնոջ պարանոցը, որից հետո ցանկացել էր ինքնասպան լինել` նույն շեղբով վնասելով իր պարանոցը և ստորին վերջույթները:
Արմավիրում Սարխոշյանին ավելի շատ ճանաչում էին որպես հարսանիքներում երգողի: Նա նաև գրանցված էր հոգեբուժական բաժանմունքում: Ամուսիններն իրենց խնամքի տակ ունեին 4 երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է: Իսկ ահա ամուսնու դժբախտ պատահարի զոհ դարձած 3 երեխաներին ևս խնամում էին Արթուրն ու Արաքսյան: Թե ինչն էր եղել ամուսնու կողմից կնոջը 21 դանակի հարվածով սպանելու պատճառը, դեռևս հայտնի չէ: Միայն նշվում է, որ դեպքի օրը ամուսինները հարսանիքից վերադառնալիս են եղել և Արթուրը երթուղային տաքսու վարորդին խնդրել է, որ տանի իր եղբոր գերեզմանի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը:
Նկատենք, որ սա ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է, երբ հոգեբուժական բաժանմունքում հաշվառված քաղաքացին մարդ է սպանում: Արթուր Սարխոշյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի.. նա հարկադիր բուժում կստանա հոգեբուժարանում: Իսկ որբացած երեխաների միակ խնամակալը նրանց տատն է` տիկին Ազատուհին, ով որևէ տեղից օգնության հույս անգամ չունի: Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ուր են պետական մարմինները, մի՞թե նրանք միայն պատժելու համար են, իսկ ուր է պետության պոզիտիվ պարտականությունը` աջակցելու, ապահովելու իր քաղաքացիների ու մարդու իրավունքներն ու շահերը:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան