Նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումից հետո քաղաքական ուժերի հայտնի եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ընտրությունների ընթացքն իրենց չի հետաքրքրում: Եվ երբ Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ շփումներում նշում էին, որ բուն քաղաքական գործընթացները սկսելու են ընտրություններից հետո, շատերը դա բացատրում էին այդ ուժերի` սեփական անկարողությունն ու ձախողումը քողարկելու փորձերով: Սակայն այսօր` նախագահական ընտրություններից երկու օր առաջ, կարելի է ասել, որ ընտրություններից հետո ոչ թե քաղաքական նոր գործընթացներ կսկսվեն, այլ, լավագույն դեպքում, հին եւ ձախողված քաղաքական ծրագրերը թարմացնելու փորձեր կարվեն:
Արդեն իսկ հայտնի է, որ ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու: Նորաստեղծ ՀԱԿ կուսակցության գաղափարախոսներից Լեւոն Զուրաբյանն իր վերջին հարցազրույցում բավականին թափանցիկ կերպով ակնարկել է, որ այսուհետ եւս իրենք փորձելու են ՀԱԿ-ի քաղաքական քայլերը իրականացնել առավելապես ԲՀԿ-ի եւ Ռ. Քոչարյանի հետ համագործակցության «գծի մեջ»: Թե որքանով է ԲՀԿ-ն հակված խաղը շարունակել ՀԱԿ-ի «գծի մեջ», առայժմ դժվար է ասել: Սակայն, ի վերջո, չմոռանանք, որ մեկ տարի առաջ այս օրերին ԲՀԿ-ն իշխանության մաս էր կազմում, եւ, թերեւս, քչերը կարող էին սպասել, որ նա կարող է դուրս գալ Սերժ Սարգսյանի «գծից»: Ինչ մնում է Դաշնակցությանը, ապա այս կուսակցությունն ունի իր սեփական «գիծը»` «կողմ ըլլալով դեմ ենք» կիսահղի կեցվածքը, որից արդեն 120 տարի չի շեղվում:
Հետընտրական զարգացումների հարցում ամենատարօրինակն այն է, սակայն, որ դրանց առանցքում չի կարող լինել ներկայիս նախագահական ընտրապայքարի մասնակիցներից եւ ոչ մեկը. ո՛չ Անդրիաս Ղուկասյանը, որն իր 27-օրյա հացադուլի արդյունքում որեւէ կերպ չկարողացավ քաղաքացիական հասարակության տրամադրությունները փոխել, ո՛չ Հրանտ Բագրատյանը, որը նախագահական պայքարի դուրս եկավ, ըստ էության, մեն-մենակ` առանց քաղաքական հենարանի, եւ ո՛չ էլ Պարույր Հայրիկյանը, որը հետմահափորձյան վարքագծով իրեն առհասարակ դուրս դրեց ո՛չ իշխանական որեւէ գործընթացում դերակատարություն ունենալու հնարավորությունից: Իսկ Արման Մելիքյանի եւ Արամ Հարությունյանի մասին հանրությունը կմոռանա ավելի շուտ, քան կավարտվի փետրվար ամիսը: Էպոսագետին իհարկե կհիշեն` Հայրիկյանի մահափորձի հետ կապված, բայց, բնականաբար, ոչ որպես քաղաքական գործընթացի մասնակցի: Մնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որը թեեւ որոշակի ընտրազանգված եւ քաղաքական հենարան ունի, այդուհանդերձ, դա բավարար ռեսուրս չէ` հետընտրական գործընթացները իր շուրջը ծավալելու համար: Առավել եւս, որ, ինչպես հայտնի է, անկանխատեսելի են քայլերը Րաֆֆիի: Ահա այս տխուր պատկերը թույլ է տալիս ենթադրել, որ ընտրություններից հետո ամեն ինչ կվերադառնա մինչընտրական կետին, ու թերեւս կլինի տպավորություն, որ այս երկու ամիսներին Հայաստանի քաղաքական ժամացույցը պարզապես կանգ էր առել:
ՀԵՏԱԴԱՐՁ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ