ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆԸ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ռուսաստանյան Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում հնչած Նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին վերաբերող մոտեցումները վկայում են այդ տարածքում աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ գաղութատիրական պայքարի ուժգնացման մասին: «Սարդարապատը» միջպետական ինտեգրումը չի պատկերացնում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հովանու ներքո կամ նրանց շուրջ ձեւավորվող ռազմաքաղաքական դաշինքների ու վերպետական միությունների կազմում: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Հայաստանի քաղաքացիներին եւ համայն հայությանը կոչ է անում ամեն գնով ընդդիմանալ գաղութատիրական նկրտումներին, ինքնակազմակերպվել եւ ստեղծել հայաստանակենտրոն սկզբունքով գործող նոր որակի մրցունակ ու հզոր պետություն»:

ԽԱՌՆԱՇՓՈԹ ԿԱՌԱՋԱՑՆԻ
Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը երեկ անդրադարձել է ՀԱԿ կուսակցության ստեղծմանը. «Փաստացի արդեն կա երկու Կոնգրես, մեկը՝ 10 կուսակցություններից բաղկացած դաշինքն է, որը մասնակցեց ընտրություններին, մյուսը, որը ստեղծվել էր 2008-ի օգոստոսին, որտեղ կային 18 կուսակցություններ: Հիմա հավելյալ դրա կողքին ստեղծվի համանուն կուսակցություն՝ մի տեսակ խառնաշփոթ կարող է առաջացնել: Ես կարծում եմ, որ կարող էր մի փոքր այլ անվանում լինել»: Դովլաթյանն այս ընտրություններում սատարում է Հրանտ Բագրատյանին:

ԲՈԼՈՐԻՆ ՊԱՐՏՔ Է
Ռուսական «Իզվեստիա»-ի հաղորդմամբ` «ՎՏԲ» բանկը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության եւ հայ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող Mika Limited ընկերության դեմ հայցեր է ներկայացրել դատարան եւ 22 միլիոն դոլար է պահանջում:  Բանկն այդ հայցերով փորձում է վերադարձնել այն գումարները, որոնք հատկացրել էր ավիափոխադրողին` ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավի ձեռքբերման վարկերը վերաֆինանսավորելու համար»: Ռուս իրավաբանների կարծիքով` «ՎՏԲ»-ն մեծ շանսեր ունի շահելու «Արմավիա»-ի դեմ ներկայացված հայցը:

Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ ԷՐ ՔԱՐՈԶՈՒՄ
ԿԳ նախարարի հրամանով Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել` «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար»:

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հանդիպելու է ԵԱՀԿ դիտորդական խմբի հետ, այնուհետեւ ժամը 11-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով, ժամը 15:00-ին մեկնելու է Էջմիածին՝ մոմ վառելու, որի ընթացքում, հնարավոր է, լինի նաեւ հանդիպում ընտրողների հետ: Իսկ երկուսուկես ժամ անց թեկնածուն արդեն կլինի Երեւանում՝ Ազատության հրապարակում՝ հանդիպելու իր ընտրողների հետ:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
168.am-ի տեղեկություններով՝ երեկ նորաբաց Թուֆենկյան հյուրանոցառեստորանային համալիրի երկրորդ հարկում կոնֆիդենցիալ հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջեւ: Այդ հանդիպումը կոնֆիդենցիալ է այնքանով, որ դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, եւ հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:




Լրահոս