«Վալերիին պարզապես «քաշել են»». Պերմյակովի հայրը վստահ է՝ որդուն խստագույնս կպատժեն. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները երեկ՝ Մեռելոցի օրը, այցելեցին զոհ գնացած ընտանիքի գերեզմանատուն:  Չնայած անցել է բավական ժամանակ, բայց ինչպես մեզ հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան. «Մենք դեռ չենք կարողանում հաշտվել այդ կորուստների հետ, մենք մինչև օրս էլ Ավետիսյանների տուն չենք կարողանում մտնել, ամեն մի մանրուք մեզ հիշեցնում է նրանց: Մեր ցավն անընդհատ թարմ է մնալու քանի էդ հանցագործը չասի, թե ինչը նրան տարավ այդ ոճրագործությանը»:

Մինչ Ավետիսյանների հարազատները սպասում են, թե ի վերջո երբ հստակ կիմանան, թե ինչն էր Պերմյակովին ստիպել այդ քայլին գնալ, ոճրագործի հայրը` Պավել Պերմյակովը, շարունակում է վստահեցնել, որ որդին չէր կարող «այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի, ում չի էլ ճանաչել»: Պերմյակով ավագը մեզ հետ զրույցում նախ նկատեց.

– Դեռ չենք եկել Հայաստան, չենք տեսակցել Վալերիին, բայց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության ժամանակ անպայման կգանք եւ կմասնակցենք: Որպեսզի գոնե այդ ժամանակ լինենք մեր տղայի կողքին: Ճիշտ է, շատ լավ հասկանում ենք, թե Հայաստանում մեզ ինչ արհամարհական կամ ավելի շուտ՝ թշնամական վերաբերմունք է սպասվելու, բայց չգալ եւ գոնե վերջին անգամ չտեսնել Վալերիին, չենք կարող: Ես համոզված եմ, որ որդուս կդատեն խստագույնս ու Աստված գիտի, թե ինչ կլինի իր հետ գաղութում:

…Մենք էլ ոչինչ ի վիճակի չենք մտածելու, հասկանալու, ասելու: Մեզ համար շատ ու շատ հանգամանքներ այդպես էլ չբացահայտված կմնան: Բայց ես հիմա էլ եմ վստահ, որ Վալերին չէր կարող այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի, ում չի էլ ճանաչել, առավել եւս՝ փոքրիկներին. նա երեխաներ շատ էր սիրում:

-Իսկ ի՞նչ գիտեք՝ Ավետիսյաններին ճանաչում էր, թե ոչ: 

– Ենթադրում եմ, որ՝ ոչ: Որովհետեւ նա ընդամենը մի քանի ամիս էր այդտեղ եւ եթե ճանաչեր, շփվեր, գոնե քրոջը, ում հետ շատ մտերիմ էր, տեղյակ կպահեր իր նոր ծանոթների մասին: Նա երբեք չի խոսել զորամասից դուրս ընկերների կամ ծանոթների մասին:

-Դեպքից հետո փորձե՞լ եք գոնե հեռախոսով կապ հաստատել Ձեր տղայի հետ:

-Ոչ, դեպքից հետո երբեք: Նույնիսկ նրա մասին նորություններն ավելի շատ համացանցից ենք իմանում:

-Չե՞ք հետաքրքրվում Ձեր որդու ճակատագրով:

-Ինչու, հետաքրքրվում ենք, բայց մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Երբ զանգում ենք, ասում են, որ պարտավոր չեն մեզ տեղեկություն հաղորդել, երբ ավարտվի քննությունը` ինչպես բոլորը, այնպես էլ մենք՝ կտեղեկանանք…

Ինչպես ասացի՝ ես չեմ հավատում, որ նա նման սառնասիրտ հանցագործ է: Ես կարծում եմ, որ Վալերիին պարզապես «քաշել են». այլ բացատրություն տալ չեմ կարող: Ինքս գիտակցում եմ, որ նրա կատարած հանցանքը ոչ մի մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, ու ոչ մի ներում էլ չունի: Բայց ես չեմ հավատում տղայիցս նման, չնայած՝ չեմ էլ կարող հակառակվել, որովհետեւ, հանգամանքները, այո, այլ բան են փաստում: Չգիտեմ…»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս