2008թ. օգոստոսի 11-ին հարձակում էր կատարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա. հայրական տնից դուրս գալիս 2 անհայտ անձինք հարձակվել էին լրագրողի վրա ու նրան ծեծի ենթարկել: Հարուցվել էր քրեական գործ, որը, սակայն, կարճ ժամանակ անց` նույն թվականի նոյեմբերի 11-ին, կասեցվել էր` հանցագործներին չհայտնաբերելու պատճառով:
«Երբ ես իմ հայրական տնից դուրս էի եկել, զգացի, որ մի մեքենա պտտվեց ու եկավ իմ հետեւից, մեքենայից դուրս եկան երկու հոգի եւ հարձակվեցին վրաս ու սկսեցին խփել: Ես սկսեցի բղավել, եւ այդ աղմուկի վրա թողեցին փախան»,-պատմել էր Լուսինեն:
Լրագրողի կարծիքով` հարձակվողները հատուկ էին ընտրել այդ վայրը, քանի որ այն մարդաշատ չէր, եւ կարելի էր հեշտ փախչել: Միջադեպն այնքան արագ էր տեղի ունեցել, որ Լուսինեն չէր հասցրել տեսնել, թե հարձակվողները որ կողմ եւ ինչպես էին կարողացել անհետանալ, նա չէր հասցրել անգամ տեսնել նրանց դեմքերը:
Ճանապարհին Լուսինեն նկատել էր սպիտակ գույնի 15 LU 393 պետհամարանիշով «Մոսկվիչ» մակնիշի մեքենա, որում տեսել էր ոստիկանական համազգեստով վարորդին, հետեւում` իր վրա հարձակվող սափրագլխի նման մեկին, իսկ կողքին` մեկ այլ անձի: Նրանք, ըստ լրագրողի, ուշադիր նայել էին իր կողմը:
Լուսինեն վնասվածքներով հասել էր խմբագրություն, որտեղից շտապօգնություն էին կանչել եւ նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ հետախուզչական միջոցառումները պարզել էին, որ «Մոսկվիչ 21-41» 15 LU 393 պետհամարանիշով մեքենան պատկանում է Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի փողոցի 17 շենքի թիվ 111 բնակարանի բնակիչ Վահե Արմենի Խաչատրյանին, այն վարում է վերջինիս հայրը` ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին կից պահպանության բաժանմունքի ոստիկան, ոստիկանության ավագ Արմեն Խաչատրյանը:
Կատարված քննությամբ պարզվել էր, որ Ա. Խաչատրյանն օգոստոսի 10-ին` դեպքի նախորդ օրը՝ երեկոյան, ընդունել է հերթափոխը Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանում, առավոտյան 09:30-ի սահմաններում հանձնել այն եւ վերոնշյալ ավտոմեքենայով «Տրիումֆ»-ի բանվոր Սեյրան Սարգսյանին եւ էլ. մոնտաժող Յուրի Սարգսյանին տեղափոխել Երեւանի Սարյան փողոց, այնուհետեւ անձնական գործերով ուղեւորվել Լոռու մարզի Ակներ գյուղ: Քրեական գործի նախաքննությամբ կատարված հանցագործությանը վերոնշյալ երեք անձանց մասնակցությունը հիմնավորող տվյալներ ձեռք չէին բերվել:
Քանի որ Լուսինեն գրանցված էր Ավանի հայրական տանը, այդ իսկ պատճառով քրեական գործը հարուցվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնում` ՀՀ քր. օր.-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Օգոստոսի 12-ին Նոր Նորքի քննչական բաժինը գործը վարույթ էր ընդունել: Քրեական գործով նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Նոյեմբերի 11-ին դատաբժիշկը նախնական հետազոտությունների հիման վրա կայացրել էր եզրակացություն, որի համաձայն` Լուսինե Բարսեղյանի ստացած մարմնական վնասվածքները պատճառել են նրա առողջությանը թեթեւ վնաս եւ առողջության կարճատեւ քայքայում:
Նույն օրը որոշում էր կայացվել արարքը ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) վերաորակելու մասին: Սակայն երեք ամիս անց քրգործով վարույթը կասեցվել էր ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործությունը կատարող անձինք պարզված չլինելու հիմքով, որի օրինականությունը ստուգվել է Երեւան քաղաքի դատախազության կողմից:
Լուսինեի վրա հարձակվողների ֆոտոռոբոտը չի կազմվել, քանի որ Լուսինեն նրանց միայն հետեւից էր տեսել, իսկ օգնության հասած մարդիկ անծանոթ էին եղել:
Նշենք, որ դեպքին նախորդող շրջանում լրագրողը հրապարակել էր հոդվածների շարք պաշտոնյաների չարաշահումների մասին: Մասնավորապես հոդվածներ էին եղել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի եւ այն ժամանակ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի գործունեության եւ ունեցվածքի վերաբերյալ: Լրագրողը նույնիսկ նշել էր, որ իր համար առաջին կասկածյալը Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանն է (Թոխմախի Մհեր):
Դեպքից անցել է 4,5 տարի: «Ժողովուրդ»-ը զրուցեց լրագրողի հետ` պարզելու համար նրա գնահատականը: «Ի սկզբանե հասկանալի էր, որ այս գործը չի բացահայտվելու, մի ձեւական հայտարարություն է հնչեցվելու, եւ դրանով հարցը փակվելու է: Ամեն ինչ այդպես էլ եղավ: Այսինքն՝ ո՞վ ո՞ւմ բացահայտեր, իրենք իրե՞նց բացահայտեին, հա՞: Ո՞նց կարող էին իրենք իրենց դեմ ինչ-որ բան անել»,-ասաց Լուսինեն:
ԿՈԾԿԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ