Սերժ Սարգսյանի քարոզարշավն ավարտվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահի թեկնածուի բոցաշունչ ելույթով: Ինչպես եւ նախկին՝ ոչ պակաս բոցաշունչ ելույթները, այս ելույթը նույնպես չիմացող մարդու մոտ տպավորություն կստեղծեր, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից է, որտեղ ժողովուրդը տարեցտարի գնալով ավելի ու ավելի լավ է ապրում, որտեղ մարդն ապահով է, պաշտպանված, բարեկեցիկ, գնահատված: Սա միայն չիմացողի համար: Իսկ իմացողն ընդամենը կլսի ու կհամեմատի:
«Սա ընտրություն է Հայաստանի զարգացման տարբեր ուղիների միջեւ, ապագայի մասին միանգամայն տարբեր պատկերացումների միջեւ: Հանուն մեր հողի վրա, մեր օրենքներով անվտանգ ու ապահով կյանքի, հանուն Հայաստանցու բարեկեցության»,-ասում է Ս. Սարգսյանն իր ելույթում: Այժմ հիշենք ընդամենը վերջին շրջանի «անվտանգ ու ապահով» կյանքից մի քանի դրվագներ. Սյունիքի մարզպետն ապտակեց գործարար կնոջն ու մնաց անպատիժ, այնուհետեւ հայհոյեց պատգամավոր կնոջը եւ կրկին պատասխանատվություն չկրեց, «Հարսնաքար» ռեստորանում օլիգարխի հաստավիզ թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին բժիշկներին, որոնցից մեկն արդյունքում մահացավ, մեկ այլ օլիգարխ Ազգային ժողովում վիրավորեց լրագրողին՝ սպառնալով կոտրել վերջինիս ծնոտը, իսկ դրանից ավելի վաղ նույն օլիգարխի թիկնապահները բենզալցակայանում ծեծեցին դերասանի, ինչը տարօրինակ կերպով հետո հերքվեց հենց դերասանի կողմից: Կենացները քաղցրացան, եւ հենց քարոզարշավի շրջանում կրակեցին նախագահի թեկնածուի վրա: Իր շրջապատի հովանավորությունը վայելող Ձվերի Խաչիկը հայհոյեց լրագրողին ու արշավ է սկսել թերթի դեմ: Սահմանափակվենք այսքանով:
«Ես ազնիվ եմ եղել ձեզ հետ»,-ասում է Ս. Սարգսյանը: Եթե խոսքը վերջին օրերի մասին է, ապա իրոք ազնիվ է՝ մանավանդ տոկոսներ խփելու մասին իր արտահայտության մեջ:
«Սակայն ես չեմ հավատում, որ երկիրը փորձադաշտի վերածելու պատրաստ արկածախնդիրների ծրագրերը մեր ընտանիքներում կբազմապատկեն աշխատողների թիվը, կմեծացնեն աշխատողների եկամուտները»: Երեւի թե վերջին 5 տարիներին մեր երկիրը փորձադաշտի վերածված չէր, այդ իսկ պատճառով աճեցին արտագաղթի եւ աղքատության ծավալները, իսկ աշխատողների եկամուտը միայն նվազեց, քանի որ եթե 2012-ին նվազագույն աշխատավարձն ավելացավ 2500 դրամով, ապա միայն այդ տարի, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվեց 3,6% գնաճ, ընտանիքներում աշխատողների թիվն էլ չբազմապատկվեց, քանի որ խոստացված 150.000-դրամանոց աշխատատեղերը Գյուլնազ տատի հեքիաթները դուրս եկան:
Ս. Սարգսյանի ելույթը շատ երկար է, անվերջ կարելի է մեկնաբանել, սակայն սահմանափակվենք այսքանով եւ հոդվածն ավարտենք ուրախ նոտայով. ճիշտ են ասում, որ լավ բանը երեք անգամից է լինում, մենք արդեն տեսել էինք «Չեբուրաշկա 1-ին», «Չեբուրաշկա 2-ին», եւ «Չեբուրաշկա 3-ն» էլ երկար սպասեցնել չտվեց, փետրվարի 14-ին Ս. Սարգսյանի ապարանյան հանդիպման ժամանակ հիացրեց ներկաներին ՀՀԿ առաջնորդին ձոնած իր բանաստեղծությամբ: Հուսով ենք, որ «լավ բանը երեք անգամից է լինում»-ը կվերաբերվի միայն չեբուրաշկաներին, այլ ոչ թե, օրինակ, Ս. Սարգսյանի 3-րդ գալստյանը 2018-ին: ՀՀԿ առաջնորդի երկու գալուստն էլ մեզ լիովին բավարար կլինեն, մանավանդ որ գալուստների պակաս չունենք ու չենք ունենա՝ հանձին Սահակյան Գալուստի:
ԿՐԱԿՈՏ ՈՒ ԲՈՑԱՇՈՒՆՉ ԵԼՈՒՅԹԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ