Այնթափում ամուսինը փորձել է սպանել կնոջը. թիրախում է հայտնվել նաև աները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում դատված, դատվածությունը մարված Այնթափի 31-ամյա բնակիչը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել: Նա մեղադրվում է կնոջ նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակը նախկին կնոջից պահանջել է հետ վերցնել ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել:

Այսպես, Վաղինակի պահանջը 23-ամյա նախկին կնոջ կողմից չի կատարվել. կինը հրաժարվել է հետ վերցնել հայցադիմումը:

2015 թվականի ապրիլի 10-ին` ժամը 18-ի սահմաններում, Վաղինակը Այնթափ գյուղում հանդիպել է նախկին կնոջն ու վերջինս հորը և նրանց սպանելու դիտավորությամբ իր ձեռքի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Վիճաբանությանը միջամտել է Վաղինակի նախկին աները: Երիտասարդ կնոջն ուղղված դանակի հարվածները դիպել են նրա հորը:

Նախկին կնոջ հոր կողմից դիմադրության արդյունքում Վաղինակը փախել է:

Վաղինակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (մահափորձ): Նա կալանավորված է:

 




Լրահոս