«X ԳՐՈՒՊ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն նույնպես մտնում է «X գրուպ»-ի կազմի մեջ եւ, ինչպես «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին: Հիշյալ ՓԲԸ-ն սպառողներին ներկայանում է ««Արաքս»-երաշխիք թարմության եւ որակի» կարգախոսով: Իսկ իրականությո՞ւնը…
«Արաքս թռչնաֆաբրիկա»-ի տարբեր տեսականու հետ կապված խախտումներ են հայտնաբերվել:
«Այս պահին արձանագրություն է կազմվում,-«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի մեկ այլ արտադրանքում հայտնաբերված խախտման առնչությամբ Aysor.am-ի թղթակցին 2012թ. մարտին ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:-«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ ոչ թե մեկ, այլ տարբեր տեսականու հետ կապված խախտումներ են հայտնաբերվել, բայց դրանց մեջ մտնում են ոչ միայն որակական, այլեւ փաստաթղթային անճշտությունները»:
Հիշյալ կայքը, հայտնելով, որ «այդ խախտումները հայտնաբերվել են տեսչության վերջին ստուգայցի ժամանակ, երբ արտադրանքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր ստուգման», ընթերցողներին է փոխանցել Բ. Պիպոյանի հավաստումը, որ «ընկերությանը ամենաքիչը սպառնում է խախտումներ ունեցող տեսականու ոչնչացումը», բայց քանի որ խախտումները մի քանիսն են եղել, մամուլի քարտուղարը պատժի չափը դեռ չի մեկնաբանել (http://www.aysor.am/am
ews/2012/03/14/araqs/):

Նիտրիտներով գերհագեցած նրբերշիկը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) 2012թ. մարտի 14-ին տեղեկացրեց, որ ««Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, եւ տրվել է խմբաքանակի ետկանչի կարգադրագիր»:
Նույն օրը «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ տնօրինությունը, խոստովանելով վերոնշյալ փաստը, շտապեց հայտարարել, թե նիտրիտների նորմայից ավել քանակը «չի վտանգում մարդու առողջությանը»: Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե իրոք չի վտանգում մարդու առողջությանը, ապա նորման էլ ինչի՞ համար է…
Ինչպես տեղեկացանք ՍԱՊԾ-ից, ԳՕՍՏ 23670-79 նորմատիվ փաստաթղթով նատրիումի նիտրիտի թույլատրելի զանգվածային մասը սահմանված է մինչեւ 0.007 միլիգրամ կիլոգրամում, դրանից ավելի չպետք է լինի, մինչդեռ նմուշառված արտադրատեսակի փորձարկման արդյունքում նատրիումի նիտրիտի զանգվածային մասը փաստացի եղել է 0.01 մգ/կգ: Հենց այդ պատճառով էլ, ինչպես նշված է մեր հարցման կապակցությամբ ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի 22.01.2013թ. պաշտոնական պատասխանում, «2012 թվականի փետրվարի 22-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայության) տեսուչների կողմից արտադրանքի իրացումը կասեցնելու մասին թիվ 000002 կարգադրագրով կասեցվել է 1020 տուփ կաթնային նրբերշիկի իրացումը: 2012թ. մարտի 7-ին Ծառայության պետի կողմից տրվել է արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու եւ սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին կարգադրագիր»:
Նատրիումի նիտրիտը (NaNO2), հանդիսանալով սննդային հավելում (E-250), կիրառվում է գույնի կարգավորման, նրբերշիկներին եւ երշիկներին մսի բնական կարմրավուն երանգ հաղորդելու, ինչպես նաեւ աղի առկայությամբ մանրէները սպանելու եւ երշիկեղենի պահպանման տեւողությունն ավելացնելու համար: Ինչպես E-200-299 խմբի սննդային հավելումները, այն եւս կոնսերվանտ է: Նշենք, որ սահմանված նորմային նատրիումի նիտրիտի գերազանցումն անթույլատրելի է. այն աղի առկայության պայմաններում առաջացնում է ազոտական թթու (HNO2), որից աղացվածքի (ֆարշի) ջերմամշակման ժամանակ անջատվում է ազոտի մոնօքսիդ (NO), իսկ դրա ավելցուկը կարող է առաջացնել սննդային թունավորում:
«Ամենատարածված քիմիական հավելանյութը, որ օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ, նատրիումի նիտրիտն է,-168.am-ին ասել է Սպառողների ազգային ասոցիացիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանը:-Այս կոնսերվանտը ներկի ֆիքսատոր է, մսամթերքի գույնը դարձնում է շատ գեղեցիկ, սպառողն էլ գայթակղվում է ու գնում այն: Իրականում նրբերշիկի մաքուր հումքը խմորի գույն ունի: Բացի այդ, նատրիումի նիտրիտի միջոցով երկարացվում է երշիկի պահպանման ժամկետը» (http://archive.168.am/am/articles/23256-pr):
Նույն հոդվածում Մ. Արիստակեսյանը բացատրել է, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել նման սննդամթերքի օգտագործումը. «Եթե արտադրողներն այն օգտագործում են քիչ քանակով, ապա օրգանիզմում կարող է պարզապես ինչ-որ խանգարում առաջանալ, իսկ եթե մեծ քանակով են օգտագործում, ապա դա շատ վտանգավոր է: Այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ»: Փորձագետն ասել է նաեւ, որ «երշիկները շատ ավելի վտանգավոր են երեխաների համար, քանի որ նրանց համար նախատեսված սննդամթերքում այդ հավելանյութի քանակը պետք է հասցված լինի նվազագույնի»:
Հիմա անդրադառնանք մեկ այլ խնդրի. 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակը 2012թ. մարտի 7-ի կամ, թեկուզ, փետրվարի 22-ի դրությամբ ինչո՞ւ է դեռ իրացման ցանցում, շրջանառության մեջ եղել… Սահմանված նորմայից ավելի նատրիումի նիտրիտ խառնելով՝ հավանաբար մտածել են, որ այդ նրբերշիկը երեք ամսում էլ չի փչանա:
շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս