ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ 30 ՏԱՐԻ Է՝ ՊԱՍ Է ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ից սկսվել է մեծ պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր բուն Բարեկենդանից  մինչեւ Սուրբ Հարության Զատիկի տոնը: Մեծ պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, «չարչարանքից»՝ խաղաղության: Պահքի շրջանում ոչ միայն պետք է հրաժարվել կենդանական ծագման մթերքից, այլեւ մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ  կանգնելու անօգուտ է: Կարճ ասած՝ մարդիկ այդ 48 օրերի ընթացքում փորձում են մաքրվել մեղքերից:

ՀԱՐՑ. Սկսվել է մեծ պահքի շրջանը. պաս պահո՞ւմ եք, թե՞ մաքրվելու կարիք չունեք:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ պապերը 300 տարի հոգեւոր դասի ներկայացուցիչներ են եղել, միայն հայրս ու մայրս անցան Կոմունիստական կուսակցության ճամբարը: Պաս պահելը ոչ միայն հոգեւոր արժեքների արտահայտում է, այլեւ ունի ֆիզիոլոգիական նշանակություն. օրգանիզմը այսպես կոչված մաքրելու, հոգին աղտեղություններից սրբելու կարեւորություն: Ես չափավոր պահում եմ այն:

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարքսիստական կուսակցության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես հետեւում եմ սննդիս եւ աշխատում եմ հնարավորինս մեղքեր քիչ գործել: Չեմ կարծում, որ պասը լավ բան է, որովհետեւ այդքան ժամանակ սուտ չխոսելով՝ մեր երկիրը վերջնական կքանդվի, եւ սա էլ այն դեպքում, երբ  ընտրարշավը դեռ չի ավարտվել:

ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Կենտրոն» հ/ը հեռուստամեկնաբան

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ո՛չ,  պաս չեմ պահում: Որեւէ լուրջ պատճառ չկա: Ավելին, իմ ընտանիքում պաս չպահելը դժվար է, քանի որ մյուսները պահում են: Ես ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեմ: Միաժամանակ գտնում եմ, որ պասը նախեւառաջ խղճի պրոբլեմ է, պաս պահողը, ուտելիքից զատ, ինքնազսպման այլ դրսեւորումներ պետք է ունենա: Հույս ունեմ, որ ես հետեւում եմ այս սկզբունքներին:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այո՛, ես պաս պահում եմ, եւ ավելին, 30 տարի է, ինչ պաս եմ պահում, եւ այո՛, ես այդ տարբերակով եմ մաքրվում, աղոթքով ապաշխարում եմ հավիտենական կյանքի համար: Ճիշտն ասած, դժվար չէ 30 տարի պաս պահել: Չեմ ընդունում նաեւ, որ այն պահում են նիհարելու համար:

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Գյումրու նախկին քաղաքապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չեմ պահում: Ինչո՞ւ, պարտադի՞ր է պահելը: Դե ես չեմ պահում, ի՞նչ ասեմ:

ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Երկիր մեդիա» հ/ը հեռուստամեկնաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս