ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդյոք մասնակցելու են երկու օր հետո կայանալիք նախագահական ընտրություններին եւ  ի՞նչ տրամադրվածություն ունեն ընտրություններից առաջ` այս եւ ընտրական այլ հարցերի վերաբերյալ գյումրեցիների  տրամադրությունները  պարզելու  համար փոքրիկ հարցախույզ անցկացրինք: Հարցվածների մեծ մասն ընտրություններ բառը լսելուց հետո անմիջապես հեռանում էր` նետելով. «Ընտրությունները մեզ չեն հետաքրքրում», ոմանք էլ ասում էին, որ ընտրություններին մասնակցելն իրենց պարտքն են համարում եւ պարտադիր քվեարկելու են: Կային նաեւ այնպիսիք, ովքեր թեեւ նշում էին, որ մասնակցելու են, սակայն առիթը բաց չէին թողնում տիրող իրավիճակից իրենց դժգոհությունն արտահայտելու համար:
«Հայաստանի ամենաաղքատ մարզում ենք ապրում, էլ ի՞նչ ձայն էս իշխանություններին, ի՞նչ հավատով նրանց ընտրենք,-ասաց 50-ամյա տիկին Գայանեն ու հավելեց,-իշխանական համակարգում թարմացում է պետք, հակառակ դեպքում նորից նույնն է լինելու: Օդի մեջ մնացող խոսքերի կարոտ չէ մեր ժողովուրդը, իսկական առաջնորդի է կարոտ: Ո՛չ իշխանությունն է մի բան, ո՛չ, առավել եւս, ընդդիմությունը, որն այսօր արդեն առհասարակ չունենք: Վերջին 5 տարիների ընթացքում ես ոչ մի լավ բան չտեսա, ժողովրդի վիճակը գնալով վատանում է»:
26-ամյա իրավաբան Արինա Մեծոյանն այս ընտրություններից հետո երկրի վիճակի փոփոխության ակնկալիքներ չունի: Թեկնածուների ծրագրերին ծանոթ է, բայց, ինչպես ինքն է ասում, իրականություն չդարձող խոսքերի հերթական շարան է եւ ոչ ավելին: Քաղաքում վերջին օրերին շրջանառվող այն լուրերի մասին, թե գումարներ բաժանելու համար ցուցակագրումներ են կատարվում, Ա. Մեծոյանը նշեց, որ ինքն էլ է լսել ընտրակաշառքի մասին լուրերը, բայց չի կարծում, որ այս ընտրություններին ընտրակաշառքը մեծ դեր կարող է ունենալ. «Այս ընտրություններին գործող նախագահի անցնելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ մրցակցություն չկա: Ես կարծում եմ, որ նրա հիմնական մրցակիցը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ես լսել եմ, որ ՀՀԿ կուսակցությունը Երեւանում 20.000-ական դրամ է բաժանում, իսկ Գյումրիում՝ ընդամենը 5.000: Հնարավոր չէ, որ նախորդ ընտրություններից հետո ամեն ինչ նույնը մնար, փոփոխություններ եղել են, բայց դրանք այնքան էլ մեծ չեն, որ աչքի ընկնեն»:
Որ երկրում փոփոխություններն այնքան էլ շատ չեն, նշում էին նաեւ մեր մնացած զրուցակիցները՝ մեւնույն ժամանակ նկատելով, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Գյումրիում, այնուամենայնիվ, բնակարանաշինություն իրականացվել է: Թեեւ ավելի հաճախ ասում էին, որ արված բնակարանաշինությունից էլ գոհ չեն: «Բնակարանների խնդիրն իշխանությունները պետք է շատ վաղուց լուծեին, 23 տարի հետո լուցկու տուփերը տվեցին, հիմա էլ սազները ձեռքներին՝ գովք են անում, թե տուն են տվել»,-ասաց քաղաքացիներից մեկը:
«Ընտրություններին կմասնակցեմ միայն նրա համար, որ իմ ձայնը իրենք չվաճառեն, չնայած գիտեմ, որ ամեն ինչ արդեն որոշված է: Քվեարկությունն ընդամենը ձեւական բնույթ է կրելու»,-ասաց 45-ամյա տաքսու վարորդ Արմենը:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս