Այս օրերին ԱԺ-ում նեղ շրջանակներում ամենից շատ քննարկվող հարցերից մեկն այն է, թե ում է սատարելու նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը՝ մեր երկրի ամենաարտոնյալ խնամիներից մեկը… Ոմանք պնդում են, թե, անկախ իրավիճակից, նա պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պարտավորված լինելով կուսակցական «ճաշակով» եւ բիզնես շահով: Ոմանք էլ այն համոզմունքն ունեն, թե Բադալյանն ընտրությունների օրը չի գնա քվեարկելու՝ այսպես առավել դյուրին ու «մարսելի» դարձնելով իր վիճակը:
ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, սակայն շատերն են պնդում, որ խնամիական կապերը հիմա նրան բնավ չեն խանգարում՝ շարունակելու իր արտոնյալ ներկայությունը տնտեսական դաշտում, խորհրդարանում էլ ունենալու լավ ընկերներ ու մտերիմներ, որոնք պատրաստ են իրեն աջակցելու ցանկացած հարցում: Նրա կարիերան սկզբնական շրջանում պայմանավորված չէր Ռ. Քոչարյանի գործոնով: Ինչպես ասում են, որտե՞ղ էր Քոչարյանը, երբ Բադալյանն իր համար ճանապարհ էր հարթում… Նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է դեռեւս 18 տարեկանում՝ աշխատելով Սպիտակի շաքարի գործարանում: Ուղիղ երեք տարի այստեղ աշխատելուց հետո եւ հասնելով բավական լուրջ հաջողությունների՝ առանց բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության զբաղեցնելով ճարտարագետ կոնստրուկտորի, ապա գլխավոր տեխնոլոգի պաշտոնները՝ 1969-ին տեղափոխվել է Երեւան եւ աշխատանքի անցել Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ… Ինչպես տեսնում ենք, խորհրդային տարիներին մարդուն առանց կրթության կարող էին նշանակել գլխավոր տեխնոլոգ եւ գլխավոր ճարտարագետ: Հարց է ծագում, այդ դեպքում ինչո՞ւ էին պարտադիր համարում մասնագիտական կրթությունը… Գուցե Վ. Բադալյանի բախտն այնքան է բերել, որ անգամ երեկոյան բաժնի ուսանող լինելով՝ նշանակվել է նույն վարչության պետ:
Ամեն ոք կարող էր նախանձել նման հաջողակությանը, այն բանին, որ մարդուն հաջողվել էր չծառայել բանակում եւ անընդհատ առաջ գնալ պաշտոնական աստիճաններով… 1983թ. Բադալյանին վերջապես հաջողվել է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտից: Սակայն, մինչ կավարտեր բուհը, 1981-ին արդեն աշխատանքի է անցել Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանում եւ նշանակվել… ճարտարագետ: Դե, արդեն պետ աշխատած մարդուն հո չէի՞ն ասելու, թե բարձրագույն կրթություն տակավին չունես, բանվոր պիտի աշխատես: Ճարտարագետի պաշտոնին իրար հաջորդաբար շարունակեցին տեղամասի պետի, փոխտնօրենի, տնօրենի պաշտոնները: Բադալյանը, իհարկե, տնօրենի պաշտոնը ստանձնեց արդեն անկախության պայմաններում եւ այս գործարանում աշխատեց մինչեւ 1995թ.: Հետո արդեն մեծ ջանքեր գործադրելով՝ սեփականաշնորհեց այս ձեռնարկությունն ու դարձավ բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ՝ ունենալով ակցիաների բացարձակ մեծամասնությունը: Իր հաջողությունները զարգացնելու համար նա օգտագործեց սկզբում ԳԽ պատգամավորի մանդատը, քանի որ 1990թ. պատգամավոր էր ընտրվել հայրենի Սպիտակից: Ավերված, բնակչությունից զրկված ընտրատարածքներից իր օգտին ձայներ բերելու գործը բնավ էլ դժվար չէր եղել, քվեարկություններին մասնակցել էին Սպիտակ եկած ռուս եւ ուկրաինացի շինարարները, իսկ բուն ընտրողները հեռու էին մնացել ընտրական գործընթացներից: Նրան օգնել էր նաեւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, որը, ինչպես վկայում են ոմանք, մեծ դեր է կատարել Վ. Բադալյանի կարիերայի ձեւավորման ճանապարհին: Գերագույն խորհրդում Բադալյանը սկզբում կոմունիստների կողմն էր, հետո գրավեց «միջին դիրք»՝ այսպես փորձելով ընդունելի լինել նաեւ նոր իշխանությունների համար… 1995-ին Վ. Բադալյանը նորից պատգամավոր դարձավ՝ այս անգամ նույնպես մեծամասնական ընտրակարգով եւ ընդգրկվեց «Հանրապետություն» միավորման կազմի մեջ: Այսինքն՝ դարձավ ՀՀՇ գաղափարախոսության կրողներից մեկը: Շուտով հեռացավ «Հանրապետություն» միավորումից, որովհետեւ տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ հայտնվեց «Բարեփոխումներ» խմբի կազմում: Սա էլ պրոիշխանական խումբ էր, մանր բուրժուական դավանաբանությամբ, ուստի Բադալյանի հայտնությունն այս խմբում պատահական չէր: 1999թ. Վ. Բադալյանն արդեն Հանրապետական կուսակցության հետ էր, ուստի ընդգրկվեց «Միասնություն» դաշինքի կազմում եւ նորից դարձավ պատգամավոր՝ այս անգամ արդեն համամասնական ընտրակարգով: Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ հայտնի խզումը «Միասնության» ներսում, երբ Հանրապետականն ու Կարեն Դեմիրճյանի ստեծած ՀԺԿ-ն հայտնվեցին բարիկադի տարբեր կողմերում, Վ. Բադալյանը որոշեց «չմրոտել» իր անունն ու հեռու մնալ ամեն տեսակի պատգամավորական խմբերից ու խմբակցություններից:
2001թ. դարձավ Ագրոարդյունաբերողների եւ սերմնաբույծների միության նախագահ: 2002-ին էլ ընտրվեց «Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության համանախագահ… Այս ընթացքում հասցրեց խորհրդարանում գլխավորել «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խումբը: 2003թ. Բադալյանը պատգամավոր դարձավ դարձյալ հայրենի Սպիտակից ու որեւէ խմբում չընդգրկվեց: Երեւի այսպիսին էր խնամի Ռ. Քոչարյանի հրահանգը… 2007-ին Քոչարյանն էր կազմում ՀՀԿ համամասնական ցուցակը, ուստի նա չմոռացավ իր խնամուն եւ տեղ ապահովեց խորհրդարանում… 2012-ին էլ նա ՀՀԿ համամասնական ընտրացուցակով պատգամավոր դարձավ:
Հիշեցնենք, որ 2011-ի հունիսին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր Երեւանի 50-ամյա բնակիչ Մամիկոն Այվազյանը: Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով: Ըստ տարածված լուրերի՝ տղամարդու մահվան պատճառը շուրջ 20 օր առաջ տեղի ունեցած դաժան ծեծն էր: Ծեծել էին Վ. Բադալյանի եղբոր թիկնապահները: Բադալյանն էլ լրագրողներին ասել էր, թե դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի պարզաբանեն, թե ինչ է կատարվել: Իհարկե, ամիսներ անց քրգործը կարճվեց: Ու սա այն եզակի դեպքերից էր, երբ շրջանառության մեջ դրվեց Բադալյանի անունը:
Ո՞ՒՄ ԿՍԱՏԱՐԻ ԽՆԱՄԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ