Համեմատելով կյանքը 10 տարի առաջ ու հիմա` ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ կարծում է, որ ընտրություններից հետո բարեփոխումներ կլինեն:
-Ինչպես միշտ, կատարելու եմ իմ քաղաքացիական պարտքը: Ոչ միայն ես, նաեւ իմ ողջ ընտանիքը գնալու է ընտրության: Մի հարցի լուծման համար չես գնում ընտրություններին, գնում ես ակնկալիքներով, որ փոփոխություններ պետք է լինեն, կյանքը պետք է լավանա, բնականաբար, ես մտածում եմ իմ երեխաների մասին:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս պահին Հայաստանի համար այն կարեւոր հարցը, որի լուծումից պետք է սկսել Ձեր ակնկալած բարեփոխումները:
-Ամենակարեւորը հայ մարդու, քաղաքացու հարցն է, որ հայ մարդը կարողանա արժանապատիվ ապրել իր երկրում, որի համար ինքը ծնվել է, հոգա իր ընտանիքի հոգսերը, աշխատանք ունենա ու նաեւ մեծ ցանկություն՝ այստեղ ապրելու ու արարելու:
-Գոհանո՞ւմ եք այն ամենով, ինչ ունեք:
-Այս հարցին փիլիսոփայական պատասխան կտամ: Ես միշտ բավարարվել եմ նրանով, ինչ ունեցել եմ: Որովհետեւ հասկացել ու գիտակցել եմ, որ դա է իմ ունեցածը, այսօր ես այդքանի եմ կարողացել հասնել: Բայց կան հարցեր, օրինակ` պետական հիմնարկների աշխատավարձերի պահը, լավ կլիներ, որ այլ մակարդակի լիներ, այսօր դրանք շատ ցածր են: Խոսքս միայն թատրոնի մասին չէ, նաեւ պետական բյուջեով հովանավորվող այլ հիմնարկությունների:
-Որպես ՀՀ վաստակավոր արտիստ՝ ի՞նչ եք կարծում, պետությունն ըստ արժանվույն գնահատո՞ւմ է իր արվեստագետին:
-Եթե մեր ասպարեզում ես ամենաերիտասարդներից եմ եղել, որը ստացել է վաստակավորի կոչումը, կարծում եմ՝ գնահատվել եմ պետության կողմից: Ես նաեւ ուրիշ պարգեւներ ունեմ, որոնց առանձնապես մեծ նշանակություն չեմ տալիս այն առումով, որ շքանշանները չեն, որ տալիս են բովանդակություն:
-Այդ պարգեւները, շքանշաններն ու կոչումներն արդյո՞ք ինչ-որ կերպ օգնում են Ձեզ ընտանիք պահելու հարցում:
-Ո՛չ իհարկե, այդ առումով ընտանիքի բյուջեն մեկ դրամով անգամ չի ավելանում: Դա ընդամենը գնահատականն է քո պետության, քո արած աշխատանքի եւ միջոց` ինչ-որ կերպ տարբերակելու մի արվեստագետին մեկ ուրիշից: Պետք է ասեմ, որ այստեղ բացարձակապես կապ չունի ժողովրդի գնահատականը, նրանք այլ կերպ են գնահատում:
-Այսօր սերիալներում կարծես չեք նկարահանվում:
-Այս պահին միայն թատրոնում եմ եւ երկու հաղորդաշարերում` «Սպասի՛ր ինձ» եւ «Հեռուստաթատրոն»: Կինո եւ սերիալներ չկան:
-Եթե թատրոնից դուրս չլինեն այդ կողմնակի աշխատանքները, կկարողանա՞ք հացի խնդիր լուծել:
-Իսկ ո՞ր ժամանակներում են այդ խնդիրը լուծել միայն մի վայրում աշխատելով: Եթե հետ գնանք նույն Սովետական միության ժամանակները, հայրս, գիտեք՝ ով է եղել, ինքն էլ այդ տարիներին տարբեր տեղեր է աշխատել: Չէ՞ որ դերասանները միայն թատրոնում չէին, գոյություն ուներ ե՛ւ կինո, ե՛ւ ֆիլմերի կրկնօրինակում:
Նրանց թատրոնի աշխատավարձն էլ մեծ չի եղել: Իմ հայրը չէր կարող միայն թատրոնի վաստակածով ընտանիք պահել: Թատրոնների աշխատավարձը միշտ էլ ցածր է եղել: Չգիտեմ՝ գիտեք, թե ոչ, բայց մեր մեծ դերասանները նույնիսկ գնացել են շրջաններ, ներկայացումներ խաղացել, ինչի՞ համար` վաստակելու: Ոչ մի ժամանակ էլ բյուջետային վարձատրությամբ աշխատողները շատ չեն վարձատրվել:
Ամբողջ աշխարհում դերասանները ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների ցանկում են, իսկ էստեղ հակառակն է եղել ու շարունակում է մնալ:
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ վաղը:
-Դժվար է ասել, ես իմ Հայաստանն եմ ուզում ունենալ, որը պատկերացրել եմ իմ երազներում ու արթմնի: Այն Հայաստանը, որտեղ կուզեի, որ իմ երեխաները շարունակեին ապրել, արարել, կրթվել, ստեղծել իրենց իսկ ընտանիքներն ու իրենց զավակներին տալ այն ամենը, ինչ ես փորձում եմ տալ իրենց այսօր:
ՇՔԱՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՏՈՒՆ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ