Ինչպես արդեն հայտնել ենք, այսօրվանից սպառողները կարող են օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարել: Այլ կերպ ասած` հոսանքի նոր սակագինը մտնում է ուժի մեջ: Բայց, ինչպես հայտարարվել էր Կառավարության կողմից, բնակչության հոսանքի թանկացած սակագինը կսուբսիդավորեն` մինչև խորհրդատվության ավարտը: Կառավարությունը երկար «քննարկումներից» հետո որոշում կայացրեց մինչև 500 կվտ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ներին ևս սուբսիդավորել, իսկ մնացածը կսկսեն վճարել թանկ գնով:
Armlur.am-ի հետ զրույցում «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Ցոլվարդ Գևորգյանն ասաց` ՓՄՁ-ն ինչպես կարող է տեղավորվել այդ 500 կիլովատի մեջ, ով է արել այդ հաշվարկները:
«Թող ամենափոքր խանութը դնեն հաշվեն, թե քանի հատ սառնարան ունի և ինչ հզորությամբ: Եթե տարեկան 100 մլն շրջանառություն ունի, ինչպես կարող է 500 կ/վ-ի մեջ տեղավորվել: Կամ եթե 500 են ասում, մի քիչ ավել է ծախսում, գոնե թող այդ 500-ը սուբսիդավորեն: Այսպես ոնց կլինի: 500 կվտ-ն ինչ է մի խանութի համար: Այդ որոշումը կամ եղած կամ չեղած է: Այսինքն ` ասում են մնացեք մանր, մնացեք աննշան, թույլ, անճարակ, վերջ: Սա ոչ մի ՓՄՁ-ի էլ պետք չէ»,- մի փոքր վրդովված ասաց Ցոլվարդ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 6.93 դրամով՝ կազմելով 48.78 դրամ: Այդ որոշումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց հունիսի 17-ի նիստում:
Քրիստինա Աղալարյան