Ռոբերթ Ուոլթերը Արցախում անելիք չունի, ճիշտ կլինի նա գնա Ադրբեջան, վերցնի մի քանի տուփ խավիար և գնա տուն. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի զեկուցող բրիտանացի Ռոբերթ Ուոլթերը այսօրվանից սկսկել է իր փաստահավաք այցը շփման գիծ: Նշենք, որ Ուոլթերը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակն է: Նա այսօր և վաղը կլինի շփման գծում: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պատոնական կայքից, Ուոլթերի այցը շփման գծի մյուս կողմ նախատեսվում է մոտ ապագայում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ անձնավորությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն չի այցելելու մի քանի պատճառներով:

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական գործչի, վերլուծաբանի, հասարակ մարդու հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նախապատմությունը, ցանկացած հարց, բայց այն դեպքում, եթե կա ողջամիտ, անաչառ մոտեցում, անկեղծ շահ` հակամարտությունը կարգավորելու համար: Բայց մենք նման որևէ նշան չենք  տեսնում: Մենք ասել ենք, եթե այդ մարդը վերանայի իր զեկույցի վերնագիրը, բովանդակությունը, փիլիսոփայությունը, միգուցե և պատրաստ կլինենք նրան ընդունելու: Բայց այսքան ժամանակ ոչ մի քայլ չի կատարվել: Նա ոչ միայն չի վերանայել իր զեկույցի վերնագիրը, բովանդակությունը, այլև բացեիբաց այցելում է Ադրբեջան, այնտեղից ստանում է համապատասխան ֆինանսական միջոցներ, բնամթերք, խավիար և այլն: Դե հիմա բնական է, որ այս մարդը գործ չունի Արցախում: Ավելի ճիշտ կլինի նա գնա Ադրբեջան, զեկուցի, որ զեկույցը պատրաստ է, վերցնի մի քանի տուփ խավիար և գնա իրենց տուն»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա` Ադրբեջանի զեկուցող Ուոլթերի այցը շփման գիծ ունի մեկ նպատակ` ևս մեկ անգամ ԵԽԽՎ-ում հակահայկական ելույթներ, տեքստեր հրապարակել: «Ակնհայտ է, որ այդ զեկույցը գնված է և այդ փողերը, որ ստացել է, պետք է ինչ-որ ձևով իր աշխատանքը ցույց տա: Այդ աշխատանքի մի մասն էլ շփման գիծ այցելելն է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը վերջում հավելեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է. «Իհարկե հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, բայց ընդհանուր առմամբ վերահսկելի է: Հակառակորդը որևէ առավելության չի հասնում և չի էլ հասնելու»:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս