Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի նախաքննությունը Տիգրան Ասատրյանի մասով ավարտվել է: Նույն լուրերի համաձայն` Տիգրան Ասատրյանին առաջադրված մեղադրանքներից մնում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասը (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Տիգրան Ասատրյանին բախտը, կարծես, ժպտացել է: Եթե նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 38-104 հոդվածով (սպանության կազմակերպումը կամ դրան օժանդակելը՝ շահադիտական նպատակներով), ավելին, դրանից առաջ էլ նա մեղադրվում էր նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու մեջ, ապա հիմա ամեն ինչ ավելի քան գունավոր է նրա համար:
Իսկ թե ինչպես այս մութ գործը նման ընթացք ունեցավ, թերևս, դժվար չէ պատկերացնել:
Նախ հիշեցնենք` ինչպես էր դեպքը տեղի ունեցել: Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը, ում մասով դատաքննությունն արդեն իսկ ընթանում է, կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը: Ապա՝ այդ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է Մովսես Ներսիսյանին: Բացի այդ նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն և ռազմամթերք ու դրանք պահել իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ 2014-ի հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա և արդեն մահացած վիճակում տեղափոխել թիվ 3 հիվանդանոց:
Դեպքից հետո կալանավորվել էր նաև սպանվածի դստեր կնքահայրը` Տիգրան Ասատրյանը: Նկատենք` երբ այս քրեական գործի նախաքննությունն ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, և գործի քննության ընթացքը մտավ գաղտնի փուլ: Հավելենք, որ սպանված Մովսես Ներսիսյանի դին մինչ այժմ չի գտնվել:
Խոսքը Մովսես Ներսիսյանի սպանության մասին է, ով, ըստ նախաքննության, գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պատվերով սպանել է Թևոսիկի եղբորը՝ Արթուր Սաֆարյանին, այնուհետև Իսոն էլ սպանել է Մոսոյին:
Իսկ հիմա` Տիգրան Ասատրյանի մասով: Նախ նշենք, որ նախաքննության սկզբում սույն անձը կալանքի տակ էր, սակայն որոշ ժամանակ անց խափանման միջոց էր ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Այժմ մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Իսրայել Սարգսյանի մասով ընթացող դատաքննությանը Տիգրան Ասատրյանը, ով այս մասով որպես վկա է ներգրավված, մի քանի անգամ կանչվել է հարցաքննության: Հարցաքննությանը նախորդած նիստին Իսոն հայտարարել էր, որ հարցեր ունի ուղղված Տ. Ասատրյանին:
Վերջինս, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցերին. «Երբ որ դատարանից կանչում են՝ ես գալիս եմ, տպավորություն է՝ ես վախենում եմ, չեմ գալիս, խուսափում եմ: Ես ոչ մի բանից չեմ խուսափում»,- դատարանում հայտարարել էր Ասատրյանը:
Իսոյի ոչ մի հարցին Տիգրան Ասատրյանի կողմից պատասխան չի տրվել: Նախ ամբաստանվողը հարցրել է, թե ինչ հարաբերություններ նա ուներ Արթուր Սաֆարյանի հետ, ապա`. «Եթե այդպես է, հարգելի՛ դատարան: Ես շատ հարցեր ունեմ, որոնց պատասխանները կուզեի այստեղ ստանալ: Եթե ինքն իմ հարցերի պատասխանը չի տալիս, ես իմ խոսքի մեջ, ընդհանուր գործընթացը, որ կայանա, ես այդ ընդհանուր գործընթացի ընթացքում ընդհանուր պատմությունը կներկայացնեմ, թե իրականությունը որտեղ է եղել, ինչպես է եղել, թե այս գործողության մեջ ով ինչ է արել: Ես այստեղ չեմ եկել, որ հարց տամ, ինքը չպատասխանի: Ճիշտ տղա ես, մաքուր տղա ես, ինչո՞ւ չես ուզում իմ հարցին պատասխանել: Ժամանակին ընկեր ենք եղել, ինչի՞ց ես խուսափում»: «Դու պիտի չվերլուծես իմ ճշտությունը»,- արձագանքել է Ասատրյանը, ապա սկսել է երկխոսությունը. «Դու ես իմ գերեզմանի փոսը փորել, բա ո՞վ պետք է վերլուծի»,- հետաքրքրվել է Իսրայել Սարգսյանը, ինչին վկան պատասխանել է. «Ճշտության, մաքրության մասին դու մտածի»:
Սրան հաջորդել է Իսրայել Սարգսյանի` անպատասխան մնացած հարցերի շարանը` կապված դեպքի, Արթուր Սաֆարյանի և այլնի հետ:
Դատարանում տեղի ունեցած հիշատակված դրվագի նկարագրությունը պատահական չէ: Եթե հավատանք Իսրայել Սարգսյանի խոսքերին` ստացվում է, որ դեպքից առաջ նրանք բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել իրար և Արթուր Սաֆարյանի հետ: Թեպետ, այս հանգամանքը փաստում է նաև համացանցում տարածված նրանց համատեղ լուսանկարները: Եվ հարց է առաջանում` ինչն է պատճառը, որ Տիգրան Ասատրյանը «հանկարծ մոռացավ» վաղեմի բարեկամությունը:
Եվ զարմանալի զուգադիպությամբ հայտնի դարձավ, որ Տիգրան Ասատրյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է: Ենթադրությունները թողնում ենք ձեզ:
Տաթև Հարությունյան