Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի գրվում որևէ անձի համար. Վարդան Պողոսյանը` Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական  բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին այսօր մի քանի հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նախ նրան հետաքրքրում էր` հանձնաժողովի անդամներն իրենց կատարած աշխատանքի համար վարձատրվում են , թե ոչ:

Պողոսյանը, ի պատասխան նշեց, որ սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ, այդ թվում և ինքը, որևէ վարձատրություն չի ստացել: Նրա խոսքով` հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և գումարներ չի ստանում իր աշխատանքի համար:

Արամ Մանուկյանի մյուս հարցը վերաբերում էր նախագահի վերարտադրության հարցին: Մանուկյանը նշեց, որ գործող սահմանադրության պայմաններում երրորդ անգամ նախագահ լինելու համար սահմանափակումներ կան, և հարցրեց հիմա տեսականորեն կա՞ հնարավորություն, որ Սերժ Սարգսյանը լինի թիվ մեկ ղեկավարը: ՀԱԿ պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչու է Վարդան Պողոսյանը նշում, որ սա նոր Սահմանադրություն չէ այն դեպքում, երբ ոչ թե փոփոխություններ են կատարվել, այլ ամբողջությամբ փոխվել է:

«Բովանդակային և ծավալային առումով շատ փոփոխություններ են առաջարկվում, բայց դա չի նշանակում, որ խոսքը գնում է նոր Սահմանադրության մասին», – ի պատասխան` նշեց նա:  Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին հարցին` նա ասաց. «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի գրվում որևէ անձի համար: ՀՀ նախագահը առաջին իսկ հանդիպման ժամանակ միանգամից ասաց, որ բացառում է իր դերակատարումը որպես վարչապետ և հանրապետության նախագահ, այնուհետև նա նաև հայտարարել է, որ բացառում է նաև ԱԺ նախագահ ընտրվելու իր հնարավորությունը: Երրորդ անգամ ընտրվելու արգելքը վերաբերում է միայն անընդմեջությանը: Գործող կառավարման համակարգն ավելի լայն հնարավորություններ է տալիս, քան այն համակարգը, որն առաջարկվում է փոփոխություններով», – ընդգծեց նա:




Լրահոս