Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած նախագահի թեկնածու, “Ժառանգության”” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի բազմամարդությունն այնքան անսպասելի էր, որքան փետրվարի 18-ին նրա ստացած ձայների քանակը: Ազատության հրապարակում էին ամենատարբեր խավերի, քաղաքական ամենատարբեր նախասիրությունների տեր քաղաքացիներ, որոնց զգալի մասը գուցե անգամ չի համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնպես, ինչպես, ի դեպ, հանրահավաքի հարթակ բարձրացած ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած գործիչների մի մասը: Երեկվա հանրահավաքը փետրվարի 18-ի ընտրությունների շարունակությունն էր, մարդիկ Ազատության հրապարակում էին ոչ թե` հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ` ընդդեմ իշխանության: Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ այսօր գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ այսօր սպասում է Սերժ Սարգսյանին, սպասում է, որպեսզի վերջինս գա, հանձնի իշխանությունը ու շնորհավորի իրեն, կամ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում` շնորհավորի ժողովրդին` տարած հաղթանակի կապակցությամբ: Այս պահանջն, իհարկե, անիրատեսական է, որն առայժմ անհասկանալի է դարձնում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի շարունակության տրամաբանությունը: Որևէ մեկը չգիտի, կամ նրանք, ովքեր գիտեն` չեն ասում, թե ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չգնա Ազատության հրապարակ… Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ պատասխանատվություն է կրում ոչ միայն ու, գուցե, ոչ այնքան իր պայքարը շարունակելու հարցում, այլ դրա տապալման դեպքում` ապատիայից կարծես արթնացող հասարակության կանխատեսելի հուսալքության համար”,-գրում է 168 ժամը:
168 ժամ.Իսկ ի՞նչ է անելու Հովհաննիսյանը, եթե Սերժ Սարգսյանը չգնա Ազատության հրապարակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ