
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Կքննարկվեն առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները, դրանց խթանման մեխանիզմները: Շվեդական կողմը հայաստանյան գործընկերներին կներկայացնի ոլորտում արձանագրված իրենց ձեռքբերումներն ու փորձը: Այցի նպատակն է նպաստել երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։