ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեցինք, որ ի՞նչ անենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տաջիկստանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար մարմնի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանը երեկ մեկնել էր Դուշանբե: Ինչպես հայտնի է՝ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կազմակերպություն է, եւ դրա ստեղծումն ի սկզբանե նպատակ է ունեցել Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող երկրներին հավաքել մեկ ընդհանուր կառույցի ներքո:

Ձեւավորման օրերից հռչակվել էր, որ այս կազմակերպության նպատակը անդամ պետությունների անվտանգության ապահովումն է: ՀԱՊԿ պայմանագրի դրույթներն էլ համապատասխան բովանդակությունն ունեն: Մասնավորապես, մեջբերենք պայմանագրի 4-րդ կետը. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից է:

Հայաստանից բացի՝ ՀԱՊԿ անդամ են նաեւ Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Մի խոսքով, երբ ընթերցում ենք ՀԱՊԿ պայմանագիրը, անասելի պաշտպանված ենք զգում: Ի վերջո, ըստ այդ պայմանագրի՝ եթե Ադրբեջանը որոշի հրետակոծել Հայաստանը, ապա կնշանակի, որ նա հրետակոծում է Մոսկվան կամ Մինսկը: Բայց ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսերից Ադրբեջանը սկսել է պարբերաբար հրետակոծել Հայաստանի Տավուշի մարզի դիրքերը, սակայն ո՛չ Մոսկվայի, ո՛չ Մինսկի եւ ո՛չ էլ Ղազախստանի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի ծպտունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, դուրս չեկավ:

Սերժ Սարգսյանը գնաց այդ խուլ ու համր կառույցի ղեկավար մարմնի նիստին մասնակցելու: Կարող է թվալ, թե նա գնաց իր գործընկերներին ասի, որ տղեք, ինչո՞ւ եք լռում, չէ՞ որ Մոսկվան են հրետակոծում, կամ չէ` Մինսկը, իսկ միգուցե Դուշանբեն: Բայց նախագահականի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէր Ադրբեջանի պահվածքը ՀԱՊԿ ղեկավար մարմնի նիստում բարձրացնել: Ըստ հաղորդագրության՝ այդ նիստում քննարկվել են «Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին»: Մի խոսքով՝ տղերքով հավաքվեցին, ասեցին-խոսեցին, մի լավ կերան-խմեցին, ու շուտով կվերադառնան: Ի դեպ, քանի որ առաջիկա մեկ տարվա համար ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, բացառված չէ, որ «պատիվ տվողի» դերում հենց Սերժ Սարգսյանը լինի: Ի վերջո, մարդը նման հզոր կառույցի նախագահություն է ստանձնում, բա «մաղարիչ» էլ չանի՞: Մի խոսքով, կարող ենք կասկած չունենալ, որ Սերժ Սարգսյանի այս այցելությունը Հայաստանի պետբյուջեի համար 30-ից 40 հազար դոլար գումար է արժենալու:

Ի դեպ, ուշագրավ է, որ ամեն անգամ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է լինում Սերժ Սարգսյանին իր մոտ կանչել, բայց այնպես, որ վերջինս հանդիպում խնդրի, ուշագրավ զուգադիպությամբ սահմանին լարվածությունն աճում է: Հուսանք, որ ներկայիս պատասխանատուները մի օր կպարզաբանեն վերը բերված «զուգադիպության» պատճառները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հետ Դուշանբե են մեկնել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթ, 15.09.2015




Լրահոս