
Համաշխարհային երաժշտության աստղ Էլթոն Ջոնն իր միկրոբլոգում կիսվել է նորությամբ այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է paparazzi.ru-ն:
Վլադիմիր Պուտինը զանգել է Էլթոն Ջոնին՝ տեղեկանալով ռուս համասեռամոլների համար նրա անհանգստության մասին: Հավանաբար, Վլադիմիր Պուտինը որոշել է զանգել Էլթոն Ջոնին, որպեսզի հանգստացնի նրան:
Իր հերթին, Էլթոն Ջոնն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահին՝ թվիթերի իր էջում գրառում կատարելով, որում, մասնավորապես, ասվում է. «Շնորհակալություն Ձեզ, նախագահ Վլադիմիր Պուտին, որ զանգեցիք ինձ: Հուսով եմ, որ հետագայում մենք կկարողանանք դեմ առ դեմ հանդիպել և քննարկել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների իրավունքները»:
Ավելի վաղ Էլթոն Ջոնը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և կարելի է ենթադրել, որ վերջինս հավաստիացրել է երգչին, որ իր երկրում համասեռամոլների կյանքի բարելավման համար ստեղծված են բոլոր պայմանները: