Վլադիմիր Գասպարյանն ընդդեմ կեղծ համարանիշների (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

_____03

Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը, ստորաբաժանումների պատասխանատուները, ոստիկանության կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունների ղեկավարներ:

_____05

Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին ներկայացրեց խորհրդակցության նպատակն ու խնդիրները՝ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության՝ Ճանապարհային ոստիկանությունում իրականացրած հետազոտությունների արդյունքների և հիմնախնդիրների լուծման ուղիների քննարկում:

_____06

Ստուգումներով ի հայտ բերված խնդիրները ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:

_____14

Անդրադառնալով կեղծ համարանիշերով ու տեխնիկական փաստաթղթերով, նաև հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հայտնաբերման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքեր, իսկ մարզերում օգտագործել նույն սարքավորումների շրջիկ տարբերակները:

Ոստիկանության պետը նաև հրահանգեց սեղմ ժամկետում կազմավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ ու հանձնաժողով և ակտիվացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստումը:

_____13

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց լրատվամիջոցների հետ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ճանապարհային ոստիկանության գործունեությունը լուսաբանող հրապարակումների մասնագիտական որակի բարելավման նպատակով:

Վարորդ-քաղաքացու հետ ճանապարհային ոստիկանի աշխատանքի արմատական փոփոխության պահանջ դնելով՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու խնդիրը, ինչը ոստիկանության նախաձեռնությունների հանդեպ հանրային վստահության գրավականն է:

Ոստիկանության պետը կարևորեց Ճանապարհային ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության, յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության, կատարողական կարգապահության բարձրացման խնդիրները՝ հանրապետության Նախագահի հանձնարարականները ժամանակին ու լիարժեք կատարելու համատեքստում:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորեց ու պահանջեց ոստիկանության օրինակով քաղաքացու համար պարտադիր դարձնել օրենքի պահանջների անվերապահ կատարումն ու օրինահարգությունը:

_____07

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ՝ ըստ ոլորտների և իրականացման ժամկետների:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանության ղեկավարությանն օրերս հրահանգել է, որ դիվանագիտական համարանիշներով շրջող ՀՀԿ-ականներից եւս ճանապարհատրանսպորտային կաննոների խախտման համար տուգանքներ գանձվեն: Ինչպես հայտնի է՝ իշխանությունների հովանավորությունը վայելող բազմաթիվ ՀՀԿ-ականների ավտոմեքենաների վրա տեղադրված են դիվանագիտական, այսպես կոչված, «կարմիր համարանիշներ»: Ճանապարհային ոստիկանությունը նրանց երբեք չի կանգնեցնում, իսկ արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար էլ երբեք տուգանքի ակտ չի կազմվում:

Երեկ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք պարզել, թե ինչ հանձնարարական է իրենց տվել Սերժ Սարգսյանն այս առնչությամբ: ՀՀ ՃՈ պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Երկրի նախագահի տված բոլոր հանձնարարությունները կատարվելու են անվերապահորեն,  բոլոր խախտումներ կատարողները պատժվելու են միանշանակ»: Հավանաբար Սերժ Սարգսյանն առաջիկայում կզբաղվի պոլիկլինիկաներով, այնուհետեւ կանցնի մանկապարտեզներին եւ այսպես շարունակ:




Լրահոս