ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ» ՉԴԱՐՁՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չէր բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»,-հայտարարել էր Ռ. Քոչարյանը:

«Դա թերեւս ամենից շատ քննարկվող եւ ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, եւ առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ», -հավելել էր Քոչարյանը:
Այս հարցազրուցից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, սկսեցին հնարավորինս շատ ու հաճախ խոսել Ռ. Քոչարյանի վերադարձի ոչ իրատեսականության մասին՝ բացառելով նախկին նախագահի լուրջ դերակատարությունը Հայաստանի քաղաքական զարգացումներում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի «քարոզիչներն» են պետք եղած ժամանակ «ակտիվացնում» Քոչարյանի գործոնը` հանրությանը «վախեցնելով» Քոչարյանով ու հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիները: Եվ սա արվում է միայն նրա համար, որ հանրությանը համոզեն, որ Ս. Սարգսյանն ավելի լավն է, եւ միայն նոր Սահմանադրության միջոցով կարող են «արգելափակել» Ռ. Քոչարյանի վերադարձը իշխանության:
Թերեւս դա էր պատճառը, որ օրերս «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց. «Մի բան կարող եմ ասել. Միքայել Մինասյան, հոգնեցինք այս թեմայից: Ուրիշ առավել աշխատող մի բան մտածեք: Քոչարյանով վախեցնելը, թե Սերժ Սարգսյանը նրա ֆոնին ավելի լավն է, այնքան էլ լավ տարբերակ չէ: Իսկապես ձանձրացանք»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում այդքան ահաբեկված այն մտքից, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ ակտիվ քաղաքականություն:
-Պարո՛ն Նիկոյան, ամեն անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս ու ակնարկում իր քաղաքականություն վերադառնալու մասին, ՀՀԿ-ականները իրար են «խառնվում», ամեն մեկն իր հերթին բացառում է Քոչարյանի վերադարձը՝ հայտարարելով, թե նա շանս չունի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ում մշտապես «ահաբեկված» Քոչարյանի վերադարձից:
-Անկեղծ ասած, ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ կարդացել, եկեք Կիկոսի մահը չդարձնենք, երբ գա ժամանակը, որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն հստակ իր դիրքորոշումները կարտահայտի ու գործնական դրսեւորումներ կունենա, այդ ժամանակ էլ մենք կխոսենք, ես իմ տեսակետն այդ ժամանակ կներկայացնեմ: Ես այժմ չեմ կարող խոսել մի բանի մասին, որտեղ գործողություն չկա:
-Բայց Ռ. Քոչարյանի նմանատիպ յուրաքանչյուր հայտարարությունից, նաեւ այս վերջինից հետո ամեն կերպ փորձ է արվում նախկին նախագահի վերադարձը «կանխել»՝ հանրությանը «վախեցնելով» ու հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիները: Ինչո՞ւ է իշխանություններին այդչափ անհանգստացնում Ռ. Քոչարյանը:
-Դուք եք ինչ-որ ինտրիգաներ առաջացնում: Յուրաքանչյուր քաղաքացու համար հետաքրքիր է, երբ առաջին կամ երկրորդ նախագահները որեւէ կարեւոր իրադարձության մասին իրենց կարծիքն են ասում: Դրան կարելի է նորմալ վերաբերվել, բայց որ ինչ-որ հետեւություններ են անում կամ կոնկրետ կարծիքներ են արտահայտում , թե ինչ է լինելու ապագայում, ինչ կլինի դրանից հետո եւ այլն, ապա ես ասում եմ, որ անիմաստ է դրա մասին խոսել, երբ չկա գործողությունը: Երբ կլինի այդ «հետոն», այդ ժամանակ էլ մենք կխոսենք, կասենք մեր դիրքորոշումը, կարծիք կարտահայտենք: Ուղղակիորեն մենք կարող ենք խոսել, եթե կա գործնական դրսեւորում, բայց եթե չկա գործնական դրսեւորում, ապա ինչի մասին մենք կարող ենք խոսել: Ում եք տեսել իշխանության ներկայացուցիչներից, որոնք ահասարսուռ են այդ հարցազրույցից հետո: Շատ նորմալ է, եթե որեւէ քաղաքական գործիչ կուսակցության անունից կամ իր անունից հստակ դիրքորոշում է արտահայտում, դրան պետք է նորմալ վերաբերվել, ես դրանից չեմ հասկանում, որ որեւէ մեկը ահասարսուռ վիճակի մեջ է:
-Բայց տեսակետ կա, որ դա արվում է միտումնավոր` Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար, քանի որ վտանգ կա, որ իշխանություններին չի հաջողվելու կյանքի կոչել նոր նախագիծը:
-Ես որեւիցե վտանգ չեմ տեսնում Ռ. Քոչարյանի խոսքերում, առաջ չընկնենք, Կիկոսի մահը չսարքենք, մտացածին սցենարների մասին չխոսենք: Երբ կգա կոնկրետ գործնական դրսեւորման պահը, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ, կասեմ իմ դիրքորոշումը Ձեր հարցերի հետ կապված: Դուք «եթե»-ներով հարց եք ուղղում ու ուզում եք, որ ես այդ ամենին կոնկրետ պատասխան տամ, իսկ դրան պատասխան չկա, քաղաքականության մեջ չի կարելի «եթե»-ներով խոսել, դիրքորոշում արտահայտել: Երբ կլինեն գործնական դրսեւորումներ, այդ ժամանակ հարց կուղղեք, ես էլ կպատասխանեմ, իմ վերաբերմունքը կասեմ, չարժի վերաբերմունք արտահայտել մի պրոցեսի մասին, որը դեռեւս չկա:

 

 

 
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ, ԲԱՅՑ ԿՓՈԽՎԻ

«Ժողովուրդ»-ը դեռեւս օգոստոսի 28-ին տեղեկացրել էր, որ «Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւս նախագահական նստավայր է գնալու՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու համար: Եվ, ահա, Մոսկվայից վերադառնալուց հետո, երեկ՝ կեսօրին, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ ներկայացուցիչների հետ:

Երեկ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ «ՀՀ նախագահի նստավայրում հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել «Միավորված աշխատանքային կուսակցություն» (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի եւ Վահե Մանուկյանի հետ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց տեսակետն են ներկայացրել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Մեր տեսակետով սահմանադրական ճգնաժամ չկա, որպեսզի սահմանադրական փոփոխություն անենք, սակայն նախագահի տեսանկյունից կա իրավասությունների խնդիր: Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, այնուհետեւ լսել ենք նախագահի տեսակետը, ու կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել մեր հանդիպման ժամանակ»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Գուրգեն Արսենյանը նշեց, որ սահմանադրական փոփոխություններն արդեն քաղաքական դաշտի օրակարգում ընդգրկված են, եւ իրենք մասնակցում են այդ ամենին: «Եթե բնակիչն ասեց՝ այո, լինելու է Սահմանադրության փոփոխություն, լինելու է պետական կառավարման այլ մեխանիզմ: Մենք մասնակցում ենք որպես քաղաքական միավոր, քաղաքական գործընթացի, մենք անցած տարի հայտարարում էինք, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չկա, դա մեր կարծիքն է, մենք չենք նախաձեռնել այս փոփոխությունները, բայց այն կա քաղաքական օրակարգում: Իրենք նախաձեռնել են այդ փոփոխությունները, մենք էլ մասնակցում ենք ու քննարկում: Համենայնդեպս, մենք այդ ոչ-ին, ժխտողական միջոցառումներին չենք մասնակցելու: Մենք «Ոչ»-ի ճամբարում չենք»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԴՊՐՈՑԸ ՎՆԱՍՎԵԼ Է
Նախօրեին Թուրքիայում Հայաստանի հետ սահմանի հարեւանությամբ տեղի ունեցած պայթյունի արդյունքում վնասվել է նաեւ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցը: Երեկ «Ժողովուրդ»-ը դպրոցի աշակերտներից եւ ուսուցիչներից տեղեկացավ, որ պայթյունի հետեւանքով կոտրվել են դպրոցի մի քանի դասարանների եւ ֆիզկուլտուրայի դահլիճի պատուհանների ապակիները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ, ով ասաց. «Թիվ 4 դպրոցը ավելի հարավում է գտնվում, այնտեղ ավելի ուժգին է զգացվել պայթյունի ձայնը, իսկ դպրոցի տնօրենն անմիջապես կազմակերպել է երեխաներին տարհանելը: Բայց հիմա ամեն ինչ հանգիստ է: Փառք Աստծո, այս պահին արտառոց ոչինչ չկա»: Իսկ թե ում միջոցներով պետք է վերանորոգեն պատուհանները, դեռեւս անհայտ է:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԿ «ՀԱՃՈՒՅՔԸ»
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի եւ բարձրախոսների հավաքածուներ: Այս նպատակով Կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 41 մլն 310 հազար դրամ: Համապատասխան պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին: Ըստ այդմ, Կառավարության աշխատակազմը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ: Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե Կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում: Կառավարությունը բարձրախոսների համակարգ ունի, եթե դրանց հետ կապված ինչ-որ անսարքություններ կան, ապա ինչու չեն նորոգում: Արդյո՞ք ամեն ինչ այդքան քայքայված է:

 

ԲԵՆԶԻՆԸ ԵՎՍ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրվել է բենզինի 0.2 եւ դիզելային վառելիքի 0.5 տոկոս գնաճ: Բացի այս՝ հանրապետությունում արձանագրվել է նաեւ գորգեղենի 0.1, խոհանոցային սպասքի 0.1, այգեգործական ապրանքների 0.1, դեղամիջոցների 0.2, հագուստի եւ գործվածքի 0.3, կահույքի 0.3, գրենական պիտույքների 1.8 տոկոս գնաճ: Այլ կերպ ասած՝ գրեթե բոլոր շուկաներում մեկ ամսվա կտրվածքով անգամ գնաճ է տեղի ունեցել: Ի դեպ, բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտում եւս գնաճ է արձանագրվել: 2015 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ, ծառայությունների գներն աճել են 0.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման 0.3, իրավական ու բանկային 0.4, տրանսպորտի 0.7 տոկոս գների հավելաճով: Մշակույթի ոլորտի, հանգստի կազմակերպման, հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով:




Լրահոս