ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ Ո՞Վ ԼՌԵՑՐԵՑ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վերջին տարիներին դարձել է իր հայրենի կուսակցության այցեքարտերից մեկը: Ցանկացած հարցի վերաբերյալ, երբ լրագրողներին անհրաժեշտ էր լինում ճշտել դաշնակցության կարծիքը, դիմում էին հենց Արծվիկ Մինասյանին: Վերջինս ոչ միայն չէր մերժում, այլ նաեւ կարողանում էր հստակ եւ կապակցված ներկայացնել իրենց տեսակետը: Դաշնակցության ներկայիս խմբակցության մյուս անդամները սովորաբար խուսափում են լրագրողների հարցերից՝ այդ նպատակով տարբեր պատրվակներ հնարելով:

Սակայն արդեն մոտ երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը եւս լրագրողների համար դարձել է «անհասանելի»: Նա փաստացի հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել եւ լրագրողներին ուղղորդում է դեպի իր կուսակից չխոսկան ընկերները: Պարզվում է՝ Մինասյանի այս վերափոխումը լուրջ պատճառներ ունի եւ կապված է իշխանություններ-դաշնակցություն փոխհարաբերություններով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու ամիս առաջ Արծվիկ Մինասյանը հարցազրույց է տվել իշխանական ինտերնետային լրատվամիջոցներից մեկին, որի ընթացքում քննադատել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարությանը: Նա իր խոսքում ՀՀ Կառավարությանն հորդորել է, որ եթե չեն կարողանում տնտեսությունում ստեղծված վիճակը բարելավել, դրական արդյունք չեն արձանագրում, ապա պետք է մտածեն Կառավարության կազմի փոփոխության մասին: Մի խոսքով, այդ հարցազրույցում ոչ մի արտառոց միտք չի հնչել, դրա միակ «սկանդալը» եղել է այն, որ հեղինակը իշխանությունների եւ հատկապես ներկա Կառավարության հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Այդ հարցազրույցն, իհարկե, շատ արագ համացանցից հեռացվել է, սակայն դրա արդյունքում «ռազբորկաների» մի հսկայական շարք է սկսվել: ՀՀԿ-ականներից շատերը Արծվիկ Մինասյանի մոտ են գնացել՝ պարզելու, թե արդյոք Մինասյանը ՀՅԴ-ի պատվերով է նման ձեւով քննադատել Կառավարությանը: Մի կողմից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է հաշիվ պահանջել Դաշնակցությունից, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս Արծվիկ Մինասյանի հետ Կառավարության քննադատության թեմայով զրույց է ունեցել՝ հասկանալու, թե ինչու է նման բան մտածում Մինասյանը:
Անգամ ՀՀԿ ԳՄ ամառային նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցը բարձրացրել է ՀՀԿ-ականների մոտ ու նշել, որ ՀՅԴ-ն օգնելու փոխարեն սկսել է քննադատել: ՀՀԿ-ի վերնախավն էլ սկսել է Դաշնակցությանը ատամներ ցույց տալ: Հանրապետականների հիմնական առարկությունը կարելի է հետեւյալ կերպ բնորոշել՝ «դուք մեզ հավերժ սեր էք խոստանում, իսկ Արծվիկը Կառավարության հրաժարականն է պահանջում»: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ ղեկավարությունը Դաշնակցությանը մեղադրել է երկակի խաղ խաղալու մեջ:
Արդյունքում, բանն այնտեղ է հասել, որ ՀՅԴ ղեկավարությունն իր կուսակցից հաշիվ է պահանջել` հարցազրույցում հնչեցրած կարծիքների համար: Ներկուսակցական «ռազբորկաները» ավարտվել են նրանով, որ Արծվիկ Մինասյանը որոշել է այլեւս ոչ մի մեկնաբանությամբ հանդես չգալ եւ ընդհանրապես անցնել ընդհատակ: Իհարկե, հետագայում, երբ արդեն մեկուկես ամիս անց ակնհայտ է դարձել, որ ՀՅԴ-ի խմբակցության «խոսափողը» լռել է, անմիջապես լուրեր տարածվեցին, թե իբր Արծվիկ Մինասյանն իր կուսակիցներից նեղացել է, քանի որ նրան տեղեկացրել են, որ ինքը գործադիրում պաշտոն չի ստանա, երբ Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ վերնախավը, որպեսզի ստիպված չլինի իր կուսակիցներին եւ լրագրողներին պարզաբանել, թե այդ ինչ է պատահել Արծվիկ Մինասյանի հետ, որոշել է վարկաբեկել Արծվիկ Մինասյանին:
Ընդ որում, այս քայլը շատ հստակ հաշվարկ է ունեցել. բնական է՝ Մինասյանն ինքը երբեք չի բարձրաձայնի եւ չի ասի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եթե անգամ լրագրողները մեկնաբանության համար նրան դիմեն, քանի որ Դաշնակցությունում այդպես է ընդունված` ներսի կեղտոտ սպիտակեղենը երբեք դուրս չեն հանում, նույնիսկ եթե դրա հոտը ներսում եղածներին խեղդամահ է անում:
Սակայն դաշնակցականների հաշվարկները չեն ներառել հանրապետականների վարքը: Նրանք հաշվի չեն առել, որ օրերից մի օր ՀՀԿ-ականներն իրենք տեղի ունեցածի մասին կսկսեն աջ ու ձախ պատմել, գլուխ գովել, իհարկե, «հույժ գաղտնի» եւ «չհրապարակելու» պիտակներով: Ի վերջո, տեղի ունեցածի ողջ իմաստը եղել է այն, որ ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ՀՅԴ-ի ղեկավարությանը ստիպել է, որ նրանք հավատարմության երդում տան: Իսկ նման իրադարձությունները չեն կարող երկար գաղտնի մնալ:
Պարզապես ափսոս էր Արծվիկ Մինասյանը. նրան հաստատ չարժեր զոհաբերել անգամ նման խաղի մեջ:
Հ. Գ. Չի բացառվում, որ բացի ներկուսակցական խանդի դրսեւորումներից (Արծվիկ Մինասյանը հաճախ էր ՀՀ նախագահի նստավայր գնում՝ Սահմանադրության նախագծի առնչությամբ քննարկումներին)՝ այս ամենը կազմակերպել կամ ուղղորդել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որին նույն ժամանակահատվածում Արծվիկ Մինասյանը քննադատել է ԱԺ ամբիոնից՝ թերի նախագծեր խորհրդարան ուղարկելու համար: Հարցականները կատարվածում սպասվածից շատ են, որոնց կփորձենք պատասխանել առաջիկայում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԽԱՂԱԼՈՒ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ այս օրերին ակտիվ պատրաստվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարին: Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում վերջին «պատրաստություներն» են տեսել: Խորհրդարանականների թիմը ղեկավարելու է Էդուարդ Շարմազանովը, իսկ թիմի մյուս անդամներն են լինելու ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանն ու Մարգարիտ Եսայանը եւ «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը: Մեր տեղեկություններով՝ խաղը կնկարահանվի սեպտեմբերի 13-ին, իսկ թե երբ այն կհեռարձակվի հեռուստատեսությամբ, դեռեւս հայտնի չէ:

 

ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք իր եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, իսկապես մեղավոր է Գորիսի Սդղլի գյոլ տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի համար, պատասխանեց, թե ինքը որեւէ բան չի ցանկանում խոսել: Հիշեցնենք, որ նշված ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ս. Խաչատրյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նրան սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում: «Ես այդ գործով չեմ զբաղվում, այդ գործով իրավապահներն են զբաղվում, ինձ ինչու եք այդ հարցերն ուղղում»,-տարակուսեց Սյունիքի մարզեպտը:

 

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է
Երեկ Փարիզում ընթացող ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է վերջին շաբաթներին Հայաստանի եւ ԼՂՀ սահմանում տիրող լարված իրավիճակի մասին: Պատգամավորը հայտարարել է, որ ինչպես խոստացել էր ադրբեջանական կողմը, արդեն սկսել է ծանր զինատեսակներով հրետակոծել հայկական գյուղերը՝ պատճառելով ահռելի վնասներ տեղի բնակիչներին: Ն. Զոհրաբյանը շեշտել է, որ հետագա բոլոր զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա՝ հանձնաժողովի անդամներին կոչ անելով լրջորեն վերաբերվել ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքին, որից տուժում են խաղաղ բնակիչները: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանձնաժողովը լրջությամբ լսել է իր հայտարարությունը ու, ըստ պատգամավորի, նրանց համար եւս հասկանալի է, թե ինչ է կատարվում, եւ Ադրբեջանն ինչպիսի լարված իրավիճակ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի սահմանին:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է պետական գործիչ, 1975-85 թթ. Երեւանի քաղաքապետ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը:

 

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ
Արձագանքելով օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությանը` կապված ԼՂՀ-ում սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ, ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.«Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին: Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա: «Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին՝ ԼՂՀ-ում իշխանության մարմինների ձեւավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների միջոցով»:

 

ՀԱԿԱՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ
«Մենք 21 տարի է՝ զինադադարի պայմաններում ենք, եւ երբեք չեն դադարել սահմանին ընդհարումները, կրակոցները, փոխադարձ սպանությունները: Իհարկե, նախաձեռնողը միշտ Ադրբեջանն է, իսկ պատասխանողը՝ Հայաստանը,- երեկ ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ հավելելով,- «Ադրբեջանը տեռորիստական երկիր է, եւ ՀՀ-ի պատասխանը պետք է լինի հակատեռորիստական գործողություն»:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է երկտող, ըստ որի՝ վերջինս ինքնասպանության մեջ մեղադրել է քաղաքացի Հայկանուշ Ն.-ին եւ ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՊԵՍ
ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Արտաշատի ոստիկանություն, որտեղ նրան դաժանորեն ծեծել էին ու խոշտանգել, իր ցուցմունքներում նշել էր, որ իրեն ծեծի ենթարկած ոստիկանների թվում է եղել նաեւ Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այս գործին ներպետական դատական ատյաններն ընթացք չէին տվել, իսկ Եվրոպական դատարանը 2012թ. հօգուտ Վիրաբյանի որոշում էր կայացրել: Վիրաբյանը, ով տեւական ժամանակ ապաստան էր գտել Բելգիայում, օրերս վերադարձել է Հայաստան` դեմ առ դեմ հանդիպելու ոստիկանապետի հետ: Նա armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ այնքան էլ մեծ ակնկալիքներ չունի այդ հանդիպումից: Ավելին, ըստ նրա՝ այդ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե ոստիկանապետը իրեն տղամարդու պես պահի:




Լրահոս