ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել տարբեր բժշկական կենտրոններում գրանցված մահվան դեպքերին, որոնց առնչությամբ մշտապես դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվում: Որքան էլ տարբեր հիվանդանոցներում մահացածների հարազատները պնդում են, որ բժիշկներն են մեղավոր մահվան համար, այնուամենայնիվ, Հայաստանում դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կենտրոնը մշտապես արդարացնում է բժիշկներին: Իսկ ո՞վ է իրավիճակի պատասխանատուն:

Վերջին դեպքը, որի մասին մանրամասները ներկայացրել էինք մեր թերթի երեկվա համարում, Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանի դաժան մահն էր «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԲԿ-ում: Բժիշկ Արմեն Գասպարյանը երեք երեխաների մայր Կարինեի արգանդի միոման 40 րոպեում լաբորոսկոպիկ մեթոդով հեռացնելու փոխարեն հեռացրել էր արգանդը՝ վնասելով հիվանդի աղիները (մինչեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն հասցնելը մահացել էին նաեւ հիվանդի ուղեղի գրեթե բոլոր բջիջները): Բայց այս բժիշկը դեռ շարունակում է աշխատել Մարգարյան հիվանդանոցում եւ մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե փորձաքննություն է ընթանում, ամեն ինչ կպարզվի:
Հիմա փորձենք հասկանալ, թե ովքե՞ր են փորձաքննություն իրականացնողները եւ որքանով են նրանք ի վիճակի օբյեկտիվ եզրակացություն տալու: Ինչպես փորձն է ցույց տվել՝ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից տրված գրեթե բոլոր եզրակացությունները բժիշկներին ջրից չոր են դուրս բերել: Ասել է թե՝ տարբեր հիվանդանոցներում գրանցված մահվան բոլոր դեպքերում բժիշկների մեղքը չի ապացուցվել: Ինչպես ասում են՝ շունը շան թաթը չի կծում:

Մահվան հետքերով
Դեռեւս 2013թ հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որը պատկանում է Աժ պատգամավոր Արա Բաբլոյանին, մահացել էր 2-ամյա Լիա Միսակյանը: Վերջինիս մահվան դեպքով փորձաքննություն էր նշանակվել դատաբժշկական գիտագործնական կենտրոնում: Մահացած երեխայի հարազատները, 1,5 ամիս հետո ստանալով փորձաքննության արդյունքները, տեսել էին, որ բժիշկներին արդարացրել են: Մասնագիտական եզրակացությունը բողոքարկեցին: Եւ 11 ամիս տեւած պայքարից հետո 2 փորձաքննության արդյունքները բողոքարկելով՝ Գեւորգի Միսակյանը ապացուցեց, որ «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներն են մեղավոր եղել իր դստեր մահվան հարցում: Նկատենք, որ դեպքից երկու տարի անց փոքրիկի հայրը՝ Գեւորգին, դատական բոլոր ատյաններին դիմելով՝ դեռ փորձում է հասնել նրան, որ բժիշկներին զրկեն լիցենզիայից: Ու թեեւ արդեն Գեւորգի Միսակյանը ապացուցեց, որ բժիշկներն են եղել իր երեխայի մահվան պատճառը, միեւնույն է, ՀՀ առողջապահության նախարարությունը ոչինչ չի անում:
2013թ-ին էլ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում ծնոտի վիրահատությունից մահացել էր 28-ամյա Մերուժան Ավետիսյանը: Ու մինչ տղայի հարազատները բարձրաձայնում էին, որ բժիշկների անփութության արդյունքում է տղան մահացել, նույն կենտրոնում նշանակված փորձաքննության արդյունքները հակառակը ցույց տվեցին, եւ տղայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվեց: 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել էր Մերի Մարգարյանը, իսկ հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրուն են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Աղջկա ծնողները օրերս հայտարարել էին, որ փորձաքննության արդյունքները ուշանում են, ինչը իրենց շատ է անհանգստացնում: Օգոստոսի 26-ին գրել էինք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի վիրահատությունից հետո մահացել էր 54-ամյա Մարիետա Վասիլյանը: Այսպես կարելի է շարունակել ԲԿ-ներում մահվան դեպքերը, որոնց առնչությամբ դատաբժշկական փորձաքննության կենտրոնը իր եզրակացությամբ բժիշկներին «արդարացրել» է՝ ավելի խորացնելով մահացածի հարազատների վիշտը:

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը
Ինչպես է ստացվում, որ հարազատները վստահ պնդում են, որ բժիշկն է իրավիճակի պատասխանատուն, իսկ փորձաքննության արդյունքները հակառակն են ասում: Բանն այն է, որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնը գործում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ. ասել է թե՝ նույն ոլորտն է, որտեղ բոլորն իրար ճանչում են եւ հազար թելերով միմյանց հետ կապված են: Բայց այս կենտրոնի գործունեության նկատմամբ հասարակության կողմից վստահության պակասը շատ խորը արմատներ ունի: Դեռեւս 2010 թվականին ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի տնօրեն, դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, անդրադառնալով 2008 մարտի 1-ի զոհերին, (փողոցում հորդացող արյան գետերն ու ատամնաշարը ուսումնասիրելով) հայտնել էր, թե հայտնի տեսաերիզում երեւացող ծնոտը ոչ թե մարդու, այլ խոճկորի մարմնի մաս է, իսկ արյունը` գազավորված ըմպելիք: Դատելով կենտրոնի նախկին տնօրենի այս հայտարարությունից՝ կարելի է ենթադրել, թե ինչ սկզբունքով են այնտեղի մասնագետները փորձաքննություններ իրականացնում: Նրանց համար մարդն ու խոճկորը նույն արժեքն ունեն, կարծես:
Ինչեւէ: 2013 թվականին տխրահռչակ Շոթա Վարդանյանին փոխարինելու եկավ Մհեր Բիշարյանը, որի անվան շուրջ աղմկալի պատմությունները պակաս չեն:

Ո՞վ է Մհեր Բիշարյանը
Պարզվում է, որ վերջինս ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի փեսան է: Ըստ aravot.am-ի՝ 2015թ փետրվարի 13-ին Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեսական բժշկության-026 խորհրդում դոկտորական ատենախոսություն պաշտպանելու էր պատրաստվել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական բժիշկ Մհեր Բիշարյանը: Բայց մինչ այդ նախ որոշված էր, որ այդ ատենախոսությունը պետք է պաշտպաներ Մոսկվայում, սակայն, չգիտես ինչու, իր դիմումի համաձայն հրաժարվել էր: Ըստ տեղեկությունների՝ մոսկվացի մի խումբ գիտնականների նամակ էին գրել, եւ հայտնել, որ Բիշարյանի դոկտորական ատենախոսությունը արտագրված է եղել:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 026 խորհրդի նախագահ Արտաշես Ազնաուրյանը, անդրադառնալով Բիշարյանի դեպքին, նշել էր. «Մոսկվայում ստացել են անոնիմ նամակ, բայց աշխատանքի վերաբերյալ ոչ մի բան գրված չի եղել՝ լավ աշխատանք է, թե վատ, միայն իր մասին էին գրում, որ իր փեսան նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարն է: Մոսկվայում ատեստացիոն հանձնաժողովում ասել են՝ գրել են քո վրա, դու էլ ռուս չես, հայ ես, տարիներով կձգվի պաշտպանությունդ, ավելի լավ է փասափուսեդ վերցրու, գնա Հայաստան…»
Ահա, այսպես Ռուսաստանում դոկտոր դառնալու Բիշարյանի ձգտումները հօդս են ցնդել: Նա ստիպված է եղել Հայաստանում պաշտպանել ատենախոսությունը: Բայց պարզվում է՝ Բիշարյանը նաեւ լավ բիզնեսմեն է. իր ղեկավարած դատաբժշկական գիտագործնական կենտրոնում սգո ծառայությունների բիզնեսն է բացել, որով զբաղվում է սանիկը՝ Վիգեն Ադամյանը: Իսկ ընկերությունն էլ Վիգենի եղբայր Նորիկ Ադամյանի անունով է գրանցված: Ըստ լուրերի՝ հիմնարկի շահույթն ամսվա կտրվածքով 3 մլն դրամ է կազմում:
«Ժողովուրդ»-ը փորձեց Մհեր Բիշարյանից պարզել՝ ի՞նչն է պատճառը, որ իր ղեկավարած կենտրոնի կողմից տրված գրեթե բոլոր մասնագիտական եզրակացություններին քաղաքացիները չեն վստահում: Միգուցե ատենախոսության ձախողո՞ւմը կամ սեփական բիզնեսի ծանրաբեռնվարությո՞ւնն է պատճառը, որ կենտրոնի աշխատանքը լավ չի կատարվում: Սակայն Մհեր Բիշարյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ 20-րդ դարի ավանդույթով խորհուրդ տալով. «Գրավոր հարցերը դրեք ծրարի մեջ, ուղարկեք ք. Երեւան, Մ.Հերացի 5/1 հասցեով»: Դա էլ կանենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԻՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է
Նոր զարգացումներ են ծավալվում «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի անվան շուրջ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վահան Մարտիրոսյանի կնոջը տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ինչպես գրել էինք՝ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում էր տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են: Այդ հաղորդման հիման վրա մի քանի օր անց քրեական գործ հարուցվեց: Իր հերթին էլ պատգամավորն է պատրաստվում դատի տալ ակտիվիստին՝ ապատեղեկատվություն տարածելու համար:
Այս դեպքից հետո ակտիվիստ Վահան Մարտիրոսյանն իր բնակարանում չէր ապրում, տեղափոխվել էր իր մտերիմներից մեկի՝ Ռուզան Մարգունու տուն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ռուզանը, որը գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող է, Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ապաստան է տվել: Իսկ ահա ավելի ուշ հայտնաբերել էր, որ իր տանից գումար է անհետացել, եւ դիմել էր ոստիկանություն: Կնոջ հայտարարության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով, քրեական գործ հարուցվեց: Ավելին՝ հարցաքննվեց եւ ստորագրությամբ ազատ արձակվեց նաեւ Վահան Մարտիրոսյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրերս ակտիվիստի կինը գնացել է Ռուզան Մարգունու տուն եւ խնդրել իրավապահներից դիմումը հետ վերցնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ակտիվիստի կինը խնդրել է Ռուզան Մարգունուն գնալ իր հետ նոտարական գրասենյակ, իր բնակարանը գրավադրել, որից հետո նրա գումարը կվերադարձնեն: Մեզ հաջողվեց պարզել, որ հենց այդ պահին Ռուզան Մարգունին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ակտիվիստի կինը իր բնակարանում է եւ նման հայտարարություն է անում: Ավելի ուշ ոստիկանները եկել են Մարգունու բնակարան եւ Վահան Մարտիրոսյանի կնոջը տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել: Այս գործով քննությունը դեռեւս շարունակվում է, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում ակտիվիստին եւ նրա կնոջը:
Նկատենք, որ Ռուզան Մարգունուն այս օրերին անհանգստացնում է մեկ բան, թե ինչու իրավապահները չեն կալանավորում ակտիվիստին, սակայն իրավապահները նրան հայտնել են, թե հիմնավոր փաստեր չունեն, որ կարողանան կալանավորել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա բողոքի հավաք-երթ: Նշենք, որ նույն օրը, նույն ժամին Երեւանում մեկնարկելու է «Ո՛չ թալանին» նախաձեռնության հանրահավաքը:

 

ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրն արդեն իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ում է: Դերասանի` աշխատանքի անցնելու հետ կապված համապատասխան որոշումը կկայացվի եռօրյա ժամկետում: Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով` Վարդան Պետրոսյանը կաշխատի «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում` որպես պրոդյուսեր:




Լրահոս