Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները` հայտարարելով, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ է եղել գյուղատնտեսության համար: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
-Պարո՛ն Կարապետյան, այս տարվա հունվարին, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, Դուք հայտարարեցիք, որ շուտով միս, մսամթերք կարտահանենք ՌԴ: Տարվա մեծ մասն անցել է, սակայն մինչեւ հիմա մեկ կիլոգրամ մսամթերք անգամ չենք արտահանել ՌԴ: Ինչո՞ւ:
-Մսամթերքը հիմնականում արտահանվում է եփած երշիկեղենի եւ պահածոների տեսքով, թարմ միս չենք արտահանում: Միայն մոտ 140 տոննա ոչխարի միս այս տարի արտահանել ենք: Մինչեւ տարվերջ այդ ծավալները կավելանան: Օրեր առաջ Մասիս քաղաքում շահագորման հանձնվեց սպանդանոց, որը հնարավորություն ունի մեկ հերթափոխի ժամանակ մինչեւ 900 հազար գլուխ ոչխար մորթել: Եւ այդ գործընթացը սկսել է, այդ ծավալները կտրուկ կմեծանան: Իհարկե, ոչխարի միս արտահանվում է միայն Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրանի Հանրապետություն: Բացի այս՝ մենք արտահանում ենք կենդանի ոչխարներ: Այս տարի արտահանվել է մոտ 32 հազար գլուխ ոչխար եւ մինչեւ տարեվերջ այդ ծավալները կավելանան, որովհետեւ հիմնական արտահանումը աշնան ամիսներին է տեղի ունենում: Ինչ վերաբերում է հում մսամթերքին, ապա՝ այո, մի քանի տարի առաջ ռուսական շուկայի հետ կապված արգելքներ են եղել: Դրանց մի մասը վերացավ, հատկապես բաստուրմայի, սուջուխի առումով, եւ հիմա թույլատրվում է դրանք արտահանել: Իսկ մյուս մասերով բանակցություններն ընթանում են: Կարծում եմ, որ այս խնդիրը առաջիկա ամիսների ընթացքում կկարգավորվի: Ռուսական կողմի հետ, իհարկե, բարդ է, որովհետեւ ժամանակին, երբ որոշակի հիվանդություններ են արձանագրվել ՀՀ-ում, իրենք դրանից են կառչել. ՀՀ-ում մի քանի տարի առաջ եղել է սիբիրախտ տեսակի հիվանդությունը: Բայց այս խնդիրն էլ կկարգավորվի: Ի վերջո, բոլոր երկրներում էլ արձանագրվել են այդ հիվանդությունները:
-Վերջերս ուշագրավ դեպք տեղի ունեցավ ձկնամթերքի արտահանման հետ կապված, երբ «Արարատ իշխան» ընկերության արտադրանքը՝ 200 կգ թառափը, Սոչիի մաքսակետում անհասկանալի պատճառաբանությամբ ոչնչացվեց: Սա առեղծված էր նաեւ ընկերության սեփականատիրոջ համար: Դուք այս հարցով զբաղվել եք, ի վերջո, պարզել եք, թե որն էր ձուկը ոչնչացնելու պատճառը:
-Այս առումով անձամբ ես եմ պարզաբանում խնդրել ռուսական կողմից: Նամակով դիմել եմ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը եւ խնդրել, որպեսզի իրենք բացատրեն, թե ինչ պատճառով է դա եղել: Քանի որ մինչ օրս թե՛ մեր, թե՛ ընկերության համար դեռ անհայտ է մնում, թե ինչ պատճառով է ոչնչացվել այդ թառափը: Սա փոքր դեպք է, բայց ձկան արտահանումը շարունակվում է, եւ ոչ մի արգելք չկա: Մեր երկրում 26 տնտեսություն թույլտվություն ունի ձուկ, ձկնամթերք արտահանելու, եւ դա անխափան իրականացվում է:
-Պարո՛ն Կարապետյան, հենց սկսում է գյուղմթերքի մթերման շրջանը, գները կտրուկ իջնում են: Օրինակ՝ ցորենի, կաթի, դեղձի, լոլիկի, բադրիջանի, նաեւ` արդեն խաղողի դեպքում այս երեւույթը վառ արտահայտվեց: Գյուղացին ողջ տարին չարչարվում է, որ եկամուտ ունենա, բայց պետությունը, փաստորեն, վերստին խաբում է: Հայտնի է, որ այդ շուկայի կարգավորումն ուղղակի Ձեր գործառույթն է: Ի՞նչ եք անում Դուք այս ուղղությամբ:
-Դա միայն ցորենի հետ կապված չէ. վերջին շրջանում կաթի, ցորենի, մսի գները միջազգային շուկայում 25-30 տոկոսով ընկան: Մենք տվյալներ ենք հրապարակել այս ամենի վերաբերյալ, ե՛ւ եվրոպական, ե՛ւ ասիական երկրների տվյալներն ենք հանել, ե՛ւ միջազգային բորսաների գները: Այսօր, եթե վերածենք դրամի, ապա կստացվի, որ ՌԴ-ն ցորենը մթերում է 70 դրամով: Սա միայն Հայաստանի խնդիրը չէ: Իսկ վերամշակող, մթերող ընկերություններն էլ նայում են բորսայի գներին, որովհետեւ իրենք նաեւ ներկրող են: Այնպես չէ, որ եկավ սեզոնը, ու ամեն ինչ էժանացավ: Իհարկե, նկատվում է նաեւ այլ տենդենց, չէ՞ որ մթերողը ցանկանում է էժան գնով մթերել, իսկ վաճառողը՝ թանկ գնով վաճառել: Բայց խելամիտ գին պետք է սահմանվի, որն էլ մենք վերահսկում ենք: Օրինակ՝ կաթի գինը վերջերս որոշակի անկում ապրեց, իսկ հիմա սկսում է բարձրանալ:
-Գաղտնիք չէ, որ գյուղացիների գերակշիռ մասն ունի վարկային մեծ պարտավորություններ, որոնք չկարողանալով մարել` ընկել է «սեւ ցուցակ»: Իսկ ողջ տարին հողի հետ կռիվ տվող գյուղացիներն իրենց պարտավորությունները չեն մարել, որովհետեւ չեն կարողացել իրենց աճեցրած բերքը նորմալ գնով վաճառել: Արդյունքում այսօր Արմավիրի մարզում կան գյուղեր, որոնք ամբողջովին «սեւ ցուցակում» են:
-Անպատասխանատու վարկառուներ կան: Մենք գյուղացու կողքին ենք, օգնում ենք նրան: Բայց կան մարդիկ, որոնք վարկը վերցնում են եւ այլ նպատակով են օգտագործում: Կամ ուշացնում են վարկի մարումը: Իսկ բանկն էլ իր չափորոշիչներն ունի, եւ ամբողջ ռիսկն ընկած է բանկի վրա: Բանկեր էլ կան, որոնք գյուղացիներին սուբսիդավորվող վարկեր են տրամադրում, բայց դրա դիմաց գրավ չեն վերցնում: Գյուղացիները մեզ էլ են դիմում այս խնդրով, եւ մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում. բանկի հետ բանակցում ենք, խնդրում ինչ-որ չափով ընդառաջել, բայց կան վարկառուներ, որոնք ուշացնում են եւ ժամանակին չեն տալիս գումարները: Այս առումով մենք ոչինչ չենք կարող անել:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք նախկին վարչապետի պաշտոնավարման տարիներին ավտոբուսներով էիք գյուղեր գնում: Հիմա նորից փոխվել է կարգը եւ Ձեր հարմարավետ, թանկարժեք ավտոմեքենաներով եք մարզեր այցելում, ո՞րն է պատճառը:
-Նման բան չի եղել: Երբ ես նոր էի նշանակվել, առաջին անգամ մարզ այցելեցի վարչության պետերի հետ, դրա համար էլ ավտոբուսներով գնացինք: Իսկ այնուհետեւ մեքենաներով ենք գնացել: Իսկ ի՞նչ տարբերակով գնանք՝ թանկարժե՞ք թե՞ էժանագին մեքենաներով, կարո՞ղ է՝ ոտքով գնանք Տավուշ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԿՈՆՉԻՏԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼ
Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումների ժամանակ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները բացասական գնահատականներ հնչեցրեցին նախագծում միասեռականների մասին ներկայացված դրույթների վերաբերյալ, ըստ որոնց՝ թույլ է տրվելու միասեռականների ամուսնությունն ու երեխա որդեգրելը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը եւս դժգոհողների թվում էր: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ որեւէ առաջարկություն չի ներկայացրել եւ չի ներկայացնելու, քանի որ համոզված է՝ ՀՀ իշխանությունները այդ կետերը չեն կարող փոխել. «Եթե փորձեն փոփոխություն անել, կզրկեն կառավարման համակարգի իրենց համար հարմար տարբերակից»:
«Կարծում եմ՝ շատ ավելի հեշտ է ամբողջ Սահմանադրությունն հանրաքվեի դնել, քան այդ կետերը հանել: Դա եվրոպացիների պահանջն է: Համոզված եմ, որ ոչ մի բան չեն կարող այստեղ փոխել, ո՛չ կարող են արգելել միասեռականների ընտանիքը, ո՛չ կարող են վերացնել այն դրույթները, որոնք նպաստում են մեր ընտանիքներից երեխաների օտարումը, ո՛չ կարող են Հայաստանի հողը արգելել ծախել օտար երկրացիներին, ո՛չ էլ թույլ կտան, որ մեր եկեղեցին բարձրանա, աղանդների իրավունքները սահմանափակեն, քարոզի իրավունքը վերացնեն, դրսից ֆինանսավորումը վերացնեն եւ հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը ավելի բարձրացնեն: Այս ամբողջը թույլ չեն տա»,-նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը:
Գիմիշյանի խոսքով՝ կա մի ոլորտ, որին լուրջ զիջումների են գնացել. դա արտաքին կառավարման համակարգն է: «Ամբողջությամբ արտաքին կառավարում է մտցվում: Փաստացի մեր սահմանադրությունը ստորադասվում է որոշ միջազգային փաստաթղթերին: Փաստացի բազմաթիվ միջազգային պայմանագրեր գործելու են առանց վավերացման: Որ պետք է մեր երկիրը փչացնեն, հայ մարդուն սպանեն, Հայաստան պետությունը վերացնեն, մեր հողն ու ջուրը առնեն տան ուրիշին, այս մասով ես բացառում եմ, որ իրենց թույլ տան փոփոխություններ: Դրա համար առաջարկություններ չեմ ներկայացնում, պարզապես խնդիր եմ բարձրացնում, որ այս Սահմանադրությունը այն կոտոշավորի Սահմանադրությունն է, եւ Կոնչիտայի Սահմանադրությունն է, որը նույնիսկ չի կարելի դնել հանրաքվեի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԿՐԿՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՈՎ «ՊՐԾԱՆ»
Երեւանի բնակիչ, 1990թ. ծնված Գեւորգ Գեւորգյանը, նախնական համաձայնության գալով 1986թ. ծնված Ասատուր Ծատուրյանի հետ, 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 02-ից 04-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջանի ամֆիթատրոնի տարածքից հափշտակել են քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի քանդակած, Դիլիջանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, մոտ 600 հազար դրամ արժողությամբ մարմարե «Հայուհի» արձանը, որը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկ տեղափոխելու ընթացքում անզգուշորեն վնասել են` պատճառելով 60 հազար դրամի վնաս: Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Առանձնակի արժեք ունեցող առարկաները հափշտակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնակի արժեք ունեցող առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում»), նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո, սակայն, մեղադրողը որոշում է ներկայացրել Գ. Գեւորգյանի եւ Ա. Ծատուրյանի մեղադրանքը փոփոխելու մասին. երկուսին էլ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով»): Դատարանում տված իրենց ցուցմունքներում Գեւորգ Գեւորգյանը եւ Ասատուր Ծատուրյանն իրենց մեղավոր են ճանաչել: Գեւորգյանը դատարանում ասել է, որ ինքը ծառայել է Դիլիջանում, միշտ ուշադրություն է դարձրել «Հայուհի» արձանին, այն կոտրված է եղել, եւ ինքը 2013թ. մտադիր է եղել այն վերանորոգել: Նշենք, որ Գ. Գեւորգյանը գողացված արձանը տեղադրել է Երեւանում բնակվող իր աներոջ՝ Տիգրան Ռաֆայելյանի առանձնատան բակում: Ասատուր Ծատուրյանն էլ ասել է, թե Գեւորգն առաջարկել է արձանը տեղափոխել Երեւան՝ նորոգելու, ինքն էլ համաձայնել է, հետո են հասկացել, որ իրենց արարքը գողություն է: Նա նաեւ խոստովանել է, որ դեպքի օրն ալկոհոլ է օգտագործել, սակայն իր գործողություններին տիրապետել է: Դատարանը Գ. Գեւորգյանի եւ Ա. Ծատուրյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նրանք դրական են բնութագրվում, ընդունում են իրենց մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար: Նշենք, որ Գ. Գեւորգյանը վերականգնել է Դիլիջանի քաղաքապետարանին պատճառված 60 հազար դրամ նյութական վնասը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ յուրաքանչյուրին դատապարտել 600 հազար դրամ տուգանքի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ