«ՆԱ ՑԱՏԿԵՑ ԴԵՊԻ ԲԵՄԸ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արաբո Իսպիրյանը երկրպագուների համար անակնկալ է պատրաստում. նա ներկայացնելու է էստրադային երգի հիման վրա նոր տեսահոլովակ, իսկ հաջորդ տարի էլ մտադիր է հանդես գալ մենահամերգով: Արաբոն «Ժողովուրդ»-ին պատմել է երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելու, դերասանական փոքրիկ կարիերայի եւ հոր` Ներսիկ Իսպիրյանի անվան հետ կապված «պիտակի» մասին:

-Արաբո՛, առաջիկայում համերգային ի՞նչ ծրագրեր ունեք, նոր երգ, տեսահոլովակ սպասե՞նք:
-Սեպտեմբերի վերջին պլանավորում ենք խմբով մեկնել ՌԴ` համերգային շրջագայությունների, ելույթներ ենք ունենալու 44 քաղաքներում: Հորս` Ներսիկ Իսպիրյանի հետ աշխատում ենք նոր երգի վրա, որը կոչվում է «Թե որ հայ ես, հայ մնա»: Էլի նոր երգեր ունեմ, մտադիր եմ նկարահանել նաեւ տեսահոլովակ: Այդ երգերն արդեն էստրադային ժանրից են, լիրիկական բնույթի:
-Փաստորեն, էստրադային երգեր էլ եք երգո՞ւմ: Իսկ մտավախություն չկա՞, որ ինչպես շատ երգիչների, Ձեզ էլ էստրադան կգրավի, եւ Դուք աստիճանաբար կհեռանաք ազգային-ժողովրդական երգարվեստից:
-Կարծում եմ` ժողովուրդն անակնկալի կգա` իմանալով, որ ես կատարում եմ նաեւ էստրադային երգեր եւ հուսով եմ` կգնահատի իմ աշխատանքը: Իսկ Ձեր նշած վտանգն ինձ երբեք չի սպառնա, եթե հիշեք, ավելի վաղ հայրս էլ ԱՄՆ-ում ձայնագրել է էստրադային երգեր, այդ թվում` սիրային բնույթի, սակայն դրանց կողքին ունեցել է նաեւ հայրենասիրական երգեր: Ինքս բարձր եմ գնահատում ազգային-ժողովրդական երգի արժեքը, այդ ընկալումը նկատում եմ նաեւ երիտասարդների շրջանում, սակայն ժողովուրդը պահանջում է նաեւ այլ ոճի գործեր, ուստի մատուցում եմ թե՛ ազգային-ժողովրդական, թե՛ էստրադային երգեր:
-Սոցցանցերում, հատկապես երիտասարդների կողմից, ակտիվ քննարկվում է Ձեր արտաքինը, հաճախ նշվում է, որ հոլիվուդյան արտաքին ունեք…
-Մանկությունս մեծ մասամբ ԱՄՆ-ում է անցել, եւ ծնողներս նաեւ արտաքինիս առնչվող այդ գործոնը հաշվի առնելով՝ ցանկացել են ինձ դերասանական ոլորտում առաջ տանել, անգամ ԱՄՆ-ում հասցրել եմ խաղալ հայ-ամերիկյան արտադրության մի քանի սերիալներում:
-Դերասանական փոքրիկ կարիերային վերաբերող Ձեր կյանքի այդ էջը մութ է, կարծես թե հրապարակավ այդ մասին չեք խոսել: Դերասանությունը Ձեր կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում: Եթե էլի ֆիլմերում նկարահանվելու առաջարկություն լինի, կհամաձայնե՞ք:
-Ես ինձ դերասան չեմ համարում, դերասանությունն ինձ համար նախասիրություն է, երկրորդական աշխատանք: Եթե առաջարկներ լինեն, պետք է քննարկեմ, տեսնեմ` որքանով են դրանք իմ սրտով, որքանով է դերը հոգեհարազատ: Բայց իմ մշտական գործը երգելն է, շարունակում եմ հայրիկի գործը:
-Իսկ Ներսիկ Իսպիրյանի գործոնը որքանո՞վ է օգնել եւ որքանո՞վ խոչընդոտել որպես անհատ երգիչ Ձեր կայանալուն: Հայտնիների զավակները երբեմն բարդույթավորվում են իրենց ծնողների անվան «պիտակից»:
-Իմ դեպքում այդպես չէ… Ուրախ եմ, որ Իսպիրյանի որդին եմ, կարծում եմ` ժամանակի ընթացքում ժողովուրդն ինձ էլ որպես առանձին անհատ երգիչ կգնահատի: Ես ուզում եմ նրա երգարվեստի ուղին բռնել, իսկ, առհասարակ, ես հենց Իսպիրյանի դպրոցն եմ անցել, հենց նա է ինձ սովորեցրել երգել, ծանոթացրել մասնագիտական նրբություններին:
-16 տարի ապրել եք ԱՄՆ-ում. ամերիկյան մշակույթն ի՞նչ ազդեցություն է թողել Ձեզ վրա:
-Ես 13 տարի բնակվել են Գլենդելում, 3 տարի` Բըրբանքում, այսինքն` հայաշատ տեղերում եմ եղել, բացի այդ` ծնողներս ինձ դաստիարակել են հայրենասիրական ոգով: ԱՄՆ-ի մշակույթից, գուցե, որոշ բաներ քաղել եմ, բայց ավելի շատ վերցրել եմ կենսաձեւին առնչվող որոշ օգտակար սովորություններ. օրինակ` ճիշտ ռեժիմով, պլանավորված գրաֆիկով ապրելը: Հիմա արդեն ԱՄՆ գնում եմ համերգային շրջագայությունների: Ի դեպ, ասեմ, որ հայի կարոտը ամենաշատը զգացել եմ հենց ամերիկյան համերգների ժամանակ, դրանցից մեկը համընկել էր Շուշիի ազատագրման օրվա հետ, մենք ելույթ էինք ունենում եւ բեմից տեսնում էինք հանդիսատեսի արցունքները…
-Երիտասարդների շրջանում բազմաթիվ երկրպագուներ ունեք, հատկապես` սփյուռքից, ի՞նչ հետաքրքիր դրվագ կհիշեք նրանց հետ կապված:
-Հիշարժան դեպքեր շատ են եղել, օրինակ` մի անգամ եվրոպական համերգներից մեկի ժամանակ իմ ելույթի ընթացքում միջին տարիքի մի հայ կին ցատկեց դեպի բեմը եւ համբուրեց ինձ, ողջ դահլիճը ծափահարեց, ես ելույթս ընդհատեցի. այսպիսի հետաքրքիր պոռթկում (ծիծաղում է):
-Մասնագիտությամբ տնտեսագետ եք, հետաքրքիր է` տնտեսագիտությունը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ, հնարավո՞ր է՝ մի օր լսենք, օրինակ, բանկիր-ժողովրդական երգչի մասին:
-(Ծիծաղում է): Ես հիմա Եվրոպական ակադեմիայում եմ սովորում, չորրորդ կուրսում եմ, սա էլ է ինձ համար երկրորդական մասնագիտություն, ի դեպ, այս ոլորտում արդեն փորձ ունեմ, ԱՄՆ-ում աշխատել եմ բանկում, եւ երբ տեղափոխվեցինք Հայաստան, որոշեցի շարունակել քայլերս այդ ասպարեզում: Իսկ բանկիր-ժողովրդական երգչի կարգավիճակում ինձ չեմ պատկերացնում, տեսնենք` կյանքն ինչպես կդասավորվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԿՐԿԻՆ ԿՄԱՅՐԱՆԱ
DJ Վակցինան երկրորդ անգամ կմայրանա։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ տեղեկացնելով, որ երկրորդ բալիկը նույնպես տղա է։
Նշենք, որ Արուսիկի առաջնեկը՝ Վիկը, ծնվել է 2013 թվականին:

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳԸ
Չինաստանում արգելել են Bon Jovi խմբի համերգները, թե ինչու, առայժմ պաշտոնապես չի պարզաբանվել: Հայտնի է միայն, որ Չինաստանի մշակույթի նախարարությունը այդ որոշումը կայացրել է այն պատճառով, որ 2010-ին Թայվանում կայացած համերգի ժամանակ խմբի անդամները որպես բեմի ֆոն ընտրել են Դալայ Լամայի նկարը։
BBC-ն հիշեցրել է, որ Bon Jovi-ն առաջին խումբը չէ, որի համերգը չեղյալ է հայտարարվել Դալայ Լամային սատարելու համար։ Նույն «բախտին է արժանացել» նաեւ Maroon 5 խումբը, որը Twitter-ում շնորհավորել է Դալայ Լամայի ծննդյան տարեդարձը։




Լրահոս