Բաղրամյանում զանգվածային թունավորումն առեղծված է դարձել. երեխաները նրբերշիկից չեն թունավորվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, անդրադառնալով Արարատի մարզի Բաղրամյանի դպրոցում զանգվածային թունավորման դեպքին, երբ դպրոցականները թունավորվել էին սնունդ մատակարարող «Սարգսյան Գոհար» ԱՁ աշխատակցի կողմից հացի մեջ աղի փոխարեն շաքարավազ  օգտագործելու պատճառով, ասաց, որ քաղցր նրբերշիկից, քաղցր երշիկից հնարավոր չէ թունավորվել, եւ որ  քաղցրից երբեք մարդ չի թունավորվի։ «Պատճառը մեզ գրեթե հայտնի է, դպրոցի երեխաները նրբերշիկ էին կերել, ոչ թե քաղցր հացից է եղել թունավորումը, այլ նրբերշիկից, ու ախտորոշվել է սուր թունավորման պատկերով։ Հետեւություն պետք է անեն նրանք, ովքեր պատրաստում են այդ սննդամթերքը, որ նման բան չկրկնվի»,-ասաց նա։

Ասոյանը նշեց, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում թունավորման հիմնական պատճառը ջուրն է եղել։ «Այնտեղ մենք գործ ունենք ջրատարների մաշվածության հետ։ Դրանց պատասխանատվությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Մեզնից ինչ հասնում է, մենք այդ ամենն անում ենք, փորձում ենք մարդկանց վիճակը բարելավել։ Այս տարի շատ են եղել թունավորման դեպքերը, մի գործոնն այն է, որ շոգ է եղել: Ամռանը կարելի է զերծ մնալ խոզի մսից, դրա փոխարեն հաց ու պանիր ուտել, արաղի փոխարեն թան խմել»,- խորհուրդ տվեց գլխավոր համաճարակաբանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս