Երեկ` սեպտեմբերի 15-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքացիները օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կարող են կատարել: Վերջինս նշեց, որ իրենց կողմից բանկերին ուղարկվել է համապատասխան ծրագիր, որով հաշվարկվելու է հոսանքի սակագինը և Կառավարության կողմից սուբսիդավորման գումարը:
Առաջին հայացքից որևէ արտառոց բան չկա. Կառավարությունը սուբսիդավորելու է 7 դրամ թանկացումը բնակիչների և մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ների համար: Սակայն, մի քանի օր է, ինչ բնակիչ-բաժանորդների մոտ խուճապային իրավիճակ է: Նրանք Հայփոստի բաժանմունքներում չեն կարողանում վճարումներ կատարել, իսկ բանկերում հաշվարկվում է նոր սակագնով:
Այս առնչությամբ Armlur.am-ը շրջեց մի քանի բանկերում և Հայփոստի բաժանմունքներում, հասկանալու ինչ իրավիճակ է: Հայփոստի և ոչ մի բաժանմունքում հոսանքի վճարման հաշվարկները պատրաստ չէին, քաղաքացիները այնտեղ վճարումներ կատարել չէին կարող: Մեզ հետ զրույցում «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հաստատեց, որ Հայփոստում սպառած հոսանքի դիմաց վճարումներ չեն կարող կատարվել: »Մեզ մոտ ծրագրային խնդիր է, պետք է համապատասխան ծրագիրը համապատասխանեցվի, որպեսզի կարողանանք վճարումներ ընդունել: Առաջիկա օրերի ընթացքում ծրագիրը պատրաստ կլինի և վճարումներ կընդունենք»:
Մենք նաև եղանք «Կոնվերս բանկ»-ում, որտեղ կոմունալ վճարումներն ընդունող աշխատակցուհին մեզ փոխանցեց, որ իրենք տվյալները լրացնում են և մուծումը տեղի է ունենում 48, 78 դրամ ցերեկային և 38,78 դրամ գիշերային սակագներով: Մեր ճշտող հարցին` այսինքն քաղաքացիները պետք է վճարումը կատարել այդ սակագնով, բանկի աշխատակցուհին ասաց. «Այո, ծրագրում այդ սակագինն է նշված»:
Կապ հաստատեցինք ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ, ով հստակ նշեց, որ ուրբաթ օրը իրենք և բանկերին, և Հայփոստին ուղարկել են հաշվարկները. «Անհնար է, որ մեկին ուղարկենք, մյուսին` ոչ»:
Մեր խմբագրություն դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ ինքը բանկում քիչ առաջ հոսանքի վճարում է կատարել և նոր սակագնով: Կտրոնի վրա հաշվարկված է նոր սակագնով և քաղաքացին վճարումը կատարել է թանկացված սակագնով:
Ստացվում է` Կառավարությունը ոչ մի դրամ չի սուբսիդավորում քաղաքացիներին և հայտարարություններն այդ մասին ոչինչ էին, քանզի բնակիչներն արդեն սկսել են վճարել թանկացված սակագնով: Իսկ սպասել, որ ամսվա վերջում իրենց կվերադարձվեն ավել վճարած գումարները, հումորի ժանրից է: Իշխանությունները հերթական անգամ խաբեցին քաղաքացիներին:
Հիշեցնենք` ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից արդեն դարձել է 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:
Քրիստինա Աղալարյան