«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական հանձնախմբերն ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում ուսումնասիրություն են կատարում Երևանի Հյուսիսային և Հայբուսակ համալսարաններում: Այս երկու բուհերը բողոքարկել են ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշումները:
Հավատարմագրման հանձնաժողովն ավելի վաղ Հյուսիսային համալսարանին շնորհել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Հայբուսակ համալսարանի հավատարմագրումը մերժել էր:
Բողոքարկման պարագայում, ըստ գործող կարգի, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահը ձևավորում է երեք հոգուց բաղկացած նոր փորձագիտական հանձնախումբ (որի անդամներից մեկը միջազգային փորձագետ է)` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար: Բուհը բողոքարկված չափանիշների առկա վիճակի նոր ինքնավերլուծություն է իրականացնում, որն էլ ներկայացվում է փորձագիտական հանձնախմբին: Այնուհետև փորձագետներն երկօրյա այց են կատարում բուհ` տեղում հանդիպումներ ունենալու և հարցերին պատասխաններ ստանալու համար: Փորձագիտական վերջնական զեկույցը ներկայացվում է Հավատարմագրման հանձնաժողովին, որն էլ նոր որոշում է կայացնում: Հանձնաժողովի այս որոշումը, սակայն, ՈԱԱԿ բողոքարկվել այլևս չի կարող:
Հյուսիսային համալսարանի փորձագիտական խմբում ընդգրկված են ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը, Ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի որակի ապահովման և վերլուծության բաժանմունքի պետ, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Գագիկ Քթրյանը: Հայբուսակ համալսարանի փորձագիտական հանձնախմբի անդամներն են Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, ան. գ. թ. Գարեգին Համբարձումյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, դոցենտ, բ. գ. թ. Ռոբերտ Խաչատրյանը: Երկու բուհերում էլ միջազգային փորձագետը կրթության որակի ապահովման բելգիական VLHORA և VLHUR, ինչպես նաև նիդեռլանդական NVAO կազմակերպությունների փորձագետ, հոգեբանական և մանկավարժական գիտությունների դոկտոր Ռոմեին Հուլպիան է:
Փորձագիտական հանձնախմբի այցը Հյուսիսային համալսարան կայացել է սեպտեմբերի 14-15-ին, իսկ Հայբուսակ համալսարան փորձագիտական հանձնախումբը կայցելի սեպտեմբերի 17-18-ին: