Նարեկ Սարգսյանը քննարկել է նախարարության ծրագրերն ու միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջիկա ամիսներին իրականացվելիք խնդիրների ցանկում կարևորել է հոկտեմբերի 5-ին՝ Ճարտարապետի միջազգային օրվա շրջանակում նախարարության ծրագրերն ու միջոցառումները, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի 25-ամյա հոբելյանը՝ այդ համատեքստում հանձնարարություններ տալով համապատասխան ստորաբաժանումներին:

Նա անդրադարձել է մի շարք կարևոր խնդիրների, այդ թվում նաև՝ օրենսդրական նախաձեռնությունների (ճարտարապետական գործունեության, Երևանի Փոքր կենտրոնի մասին, վաստակավոր շինարարի կոչման վերաբերյալ օրենքներ) ընթացքին, ինչպես նաև՝ ԱԳՆ նոր շենքի շինարարության ավարտին և աղետի գոտում նախարարության կողմից իրականացվող գործընթացներին՝ շեշտելով վերջիններս խոստացված ժամկետում ավարտին հասցնելու կարևորությունը:

Նա հանձնարարել է նախարարի տեղակալներին աղետի գոտում գտնվող չօգտագործվող արտադրական շենքերի հաշվառում կատարել, որոնք կարող են լուրջ բազա հանդիսանալ տվյալ տարածքներում մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու համար:

Նա միաժամանակ հանձնարարել է նախարարի խորհրդական Ա. Սարգսյանին՝ մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համաձայնագրի նախագիծ, որով հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ ևս հնարավորություն կունենան միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերի նկատմամբ հասարակական փորձաքննություն իրականացնել:

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև «Հին Երևան» և «Ֆիրդուսի» քաղաքաշինական ծրագրերին, հույս հայտնելով, որ խնդրո առարկա ներդրումային ծրագրերի սկիզբը լուրջ խթան կարող է դառնալ հանրապետությունում շինարարության տեմպերի աճի առումով:




Լրահոս