Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, բացի ԲՀԿ նախկին առաջնորդ, այժմ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից: Ինչն է պատճառը, որ Ծառուկյանը շարունակում է բացակայել ԱԺ նիստերից, ըստ էության, ոչ մի գործ չի անում, բայց շարունակում է աշխատավարձ ստանալ:
Armlur.am-ի հետ զրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ առաջիկա օրերին Օլիմպիական կոմիտեի 25-ամյակն է նշվելու. «Աշխարհի 60-70 երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներ են ժամանելու և պարոն Ծառուկյանն այս ժամանակահատվածում կազմակերպչական աշխատանքներով է զբաղված»:
Նշենք, որ փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին համարում էր չարիքի իշխանություն և պատրաստ էր ամեն բան անել նրանից ազատվելու համար, իսկական «տեռորի» ենթարկվեց: ԱԺ-ում սկսեցին ուսումնասիրել նրա բացակայությունները և դրա հիմքերը: 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել էր միայն 4-ին: Սակայն, ավելի ուշ, երբ Ծառուկյանը և Սարգսյանը հաշտվեցին, նրա բացակայությունները համարվեցին հարգելի: Միգուցե այս նստաշրջանում ևս Գագիկ Ծառուկյանի բացակայությունները համարվեն հարգելի, քանի որ վերջինս այլևս չարիք չի համարում Սերժ Սարգսյանին:
Քրիստինա Աղալարյան