Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրն է: Այդ օրը ավանդական դարձած տոնակատարությունից բացի Երևանում տեղի կունենա ինքնիշխանության երթ դեպի իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վաչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Վերջինս նշեց` երթը հանուն ինքնիշխանության է. «Իսկ ՀՀԿ-ն, տարիներ շարունակ ապօրինաբար յուրացնելով իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր ինքնիշխանությունը առևտրի առարկա է դարձրել»:
Երթի նպատակներից մեկն է արտահայտել սահմանադրական փոփոխություններին դեմ լինելը: «Այս նոր սահմանադրության նախագծով փորձ է արվելու ՀՀԿ-ին տալ գերագույն լիազորություններ, ուստի նպատակահարմար գտանք գնալ դեպի ՀՀԿ գրասենյակ: Անկախության օրը մենք ևս մեկ անգամ պետք է ոչ ասենք թե Եվրասիական տնտեսական միությանը, թե Սերժ Սարգսյանի հեղինակած սահմանադրությանը, թե ՀՀԿ-ի այլևս անհանդուրժելի իշխանությանը»,- ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամը:
Իսկ հարցին` սեպտեմբերի 21-ին բացի երթից դեպի ՀՀԿ գրասենյակ այլ գործողություններ նախատեսվու՞մ են, Մկրտչյանը հրաժարվեց պատասխանել. «Մնացած հարցերը տեղում: Կներեք»: Փողոցներ փակելու, նստացույց անելու կամ անհնազանդության այլ գործողությունների դիմելու վերաբերյալ կուսակցության վարչության անդամը հստակ պատասխան չտվեց. «Կգանք երթին, մնացածը տեղում պարզ կլինի»:
Երթը կմեկնարկի Մատենադարանի հարակից տարածքից, սեպտեմբերի 21-ին ժամը` 13:00-ին:
Քրիստինա Աղալարյան