Ուկրաինացի ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն համոզված է, որ ընդդեմ անպարտելի Թայսոն Ֆյուրիի կայանալիք մենամարտը դուր կգա հանդիսատեսին: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 24-ին, և Կլիչկոն կպաշտպանի WBA/IBF/WBO/IBO վարկածներով չեմպիոնի տիտղոսը:
Վլադիմիր խոսքերով՝ ծավալային առավելության բացակայությունը նրան կստիպի ավելի ագրեսիվ մենամարտել, ինչն անմիջական կերպով կազդի մենամարտի դիտարժանության վրա:
«Ակնհայտ է, որ իմ հասակի կամ ինձանից բարձրահասակ տղաների հանդեպ ես իսկապես ավելի ագրեսիվ եմ, քան այն մրցակիցների, որոնք հասակով ինձ զիջում են: Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է սպասենք հոկտեմբերի 24-ին ու տեսնենք, թե ինչպես կաշխատի իմ ռազմավարությունը: Իհարկե, ես ծրագիր ունեմ, և եթե պահանջվի, պատրաստ եմ այն փոխել հենց մենամարտի ընթացքում»,- Վլադիմիր խոսքերը մեջբերում է Boxingscene-ն:
«Թայսոնը հետաքրքիր կազմվածք ունի՝ նա նման է սարդի: Մեծ որովայն, սակայն երկար ոտքեր ու ձեռքեր: Հուսով եմ՝ բավականին տարածք ու հնարավորություն կունենամ իրանին հարվածներ հասցնելու համար»,- ասել է Կլիչկոն:
Հավելենք, որ Վլադիմիրի հասակը 198 սմ է, իսկ Ֆյուրիինը՝ 206 սմ: