Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում» միջազգային համաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարություն-IOTA. միջազգային գործակցության սերտացում
Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողովը

Ֆինանսների նախարարության և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-18-ը Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով: Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռքբերել անհրաժեշտ գիտելիքներ` հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ:

Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` այն կարևոր է նաև Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետևողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ: Առանձնակի կարևորություն է տրվել Միասնական հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնմանը:

Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման և շահագործման Հայաստանի փորձն առաջատարն է միջազգային հարթակում»: Հայաստանյան փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով վերջերս աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր բարձր գնահատեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ Գագիկ Խաչատրյանի, հարկային բարեփոխումները միաժամանակ դրական գնահատական են ունեցել տարբեր միջազգային վարկանիշերում: Մասնավորապես, 2014թ. Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «2015 թվականի գործարարությամբ զբաղվելը» («Doing Business») զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 45-րդ տեղը. «Հատկանշական է, որ տվյալ վարկանիշում Հայաստանի ընդհանուր դիրքի առաջընթացն ապահովվել է մեծապես «Հարկերի վճարում» ցուցիչի՝ 32 դիրքային կետով բարելավման հաշվին` զբաղեցնելով 41-րդ տեղը»: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Տնտեսական Համագործակցության Զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումին, ինչը թույլ կտա ընդգրկվել հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբին, ընդլայնել ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունները, ինչն իր հերթին երկիրը կդարձնի ավելի թափանցիկ և վստահելի՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսանկյունից:

«Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարևորում ենք Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,-ընդգծել է Ֆինանսների նախարարը: Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ` այն հնարավորություն կտա ցանկացած պահի տնտեսվարողներին` հարկային պարտավորությունների, կատարվելիք վճարումների, ժամկետների վերաբերյալ ավտոմատ եղանակով ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ»: Հարկային ոլորտի հայաստանյան փորձը հետաքրքրել է նաև Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ներկայացուցիչներին: Փորձագետ Դևիդ Վուդսի գնահատմամբ` մասնավորապես ուսանելի է հարկային վարչարարության ոլորտում միջոցների տնտեսման հայաստանյան փորձը: Հայաստանի հարկային ծառայությունը IOTA-ին անդամակցում է 2011-ից և արդեն 4-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում:




Լրահոս