ՊԱՏՐՎԱԿՆ ԱՌԿԱ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ ներկայացուցիչների մեծամասնությունը Բաքվի լոբբիստներ են: Մասնավորապես, նրանց մեծ մասը դեմ է քվեարկել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով համազեկուցող Քրիստոֆեր Շտրասերի զեկույցին: Բացի այդ, նրանք տարբեր ծրագրերի շրջանակներում այցելել են  Բաքու, գովերգել Ալիեւների ռեժիմի «ժողովրդավարական գործելաոճը», իսկ, օրինակ, ֆրանսիացի դիտորդներից Ժան Մարի Բոկելը, որը «Եվրոպա-ադրբեջանական համագործակցություն» լոբբիստական կազմակերպության ակտիվ մասնակից է, Երեւան գալուց օրեր առաջ իր երկրի շրջաններից մեկում կազմակերպել է «Ադրբեջանական օրեր»:   Այս տեղեկատվությունը բավականին ուշագրավ է եւ իր մեջ վտանգավոր  մանիպուլյացիաների տարրեր է պարունակում: Եթե «Ռեգնում»-ի աղբյուրներն իրավացի են, եւ իրոք ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված են ադրբեջանամետ գործիչներ, ապա դա կարող է դիտարկվել որպես Եվրոպայի կողմից Սերժ Սարգսյանի դեմ լարված թակարդ: Միայն թե, բավականին կասկածահարույց է, որ այդ թակարդը բացահայտվում է ռուսական հայտնի շրջանակների խոսափողը համարվող լրատվական գործակալության կողմից, այն էլ` ընտրություններից ընդամենը երկու օր առաջ:  Բացի այդ, դժվար է հավատալ, որ ՀՀ պատվիրակության անդամների եւ համապատասխան դիվանագիտական կառույցների աչքից դա կարող էր վրիպել: Իհարկե, նրանց աշխատանքը, մեղմ ասած, փայլուն չէ, բայց ոչ այն աստիճան, որ նրանք չճանաչեին ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիստներին: Սակայն  հենց այսպիսի` երկդիմի եւ խուսափողական պատասխան են նրանք տվել «Առավոտ»-ին:  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է. «Ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններ անել: Փաստագրական տվյալները կան համացանցում, կարող եք բացել ինտերնետը, կարդալ բոլոր ելույթները»: Իսկ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է. «Չգիտեմ՝ ովքեր են այս տարի պատվիրակության անդամները, բայց առաջին անգամ որ եկան, ես այդ անձանց դժվարանում եմ ադրբեջանական լոբբիստներ անվանել: Միգուցե այլ անդամնե՞ր կան, որոնց ես չեմ ճանաչում»: Այսպիսով՝ սա կարող է նշանակել երկու բան. կա՛մ ռուսական լրատվամիջոցի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ այդ պարագայում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները պարզապես փորձում են օգտվել դրանից` անհրաժեշտության դեպքում (եթե դիտորդների գնահատականներն անբարենպաստ լինեն) ասելով, որ նրանք ադրբեջանական գործակալներ էին: Կա՛մ էլ` ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է, սակայն մեր պատվիրակության անդամները ոչինչ չեն կարողացել անել` դրա դեմն առնելու համար ու հիմա ստիպված անտեղյակ են ձեւանում: Ամեն դեպքում, պարզ է մեկ բան. ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականները վիճարկելու պատրվակն արդեն առկա է:




Լրահոս