ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԿԱՐ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Երեկոյան ժամին «Ժողովուրդ»-ը զրուցեց այն քաղաքական գործիչների հետ, որոնց կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Փորձեցինք պարզել, թե ինչպիսինն է նրանց գնահատականը՝ նախագահական ընտրությունների հետ կապված:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, մասնակցե՞լ եք նախագահական ընտրություններին:
-Ո՛չ, չեմ մասնակցել, քանի որ քաղաքում չէի: Թբիլիսիում էի:
-Ինչո՞ւ:
-Առավոտյան շուտ էի մեկնել. շատ շտապ գործ ունեի այնտեղ:
-Իսկ հետեւե՞լ եք Հայաստանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին: Ի՞նչ գնահատական կտաք դրանց:
-Այսօր գնահատական չի լինելու: Ես ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեմ:
-Ձեր կարծիքով՝ հետընտրական զարգացումներ լինելո՞ւ են:
-Ընտրությունների հետ կապված, հետընտրական զարգացումների հետ կապված՝ ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում որեւէ բան ասելուց:

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Պարո՛ն Աբրահամյան, ընտրություններին մասնակցե՞լ եք:
-Այո՛, մասնակցել եմ եւ իմ քաղաքացիական պարտքն եմ կատարել: Գնացել, ընտրել ու եկել եմ, ո՛չ ընտրական գործընթացի եմ հետեւել եւ ո՛չ էլ տեղյակ եմ, թե ով ինչպես է ընտրել, որ տեսակետ հայտնեմ: Բացարձակապես ինֆորմացիայի չեմ տիրապետում:
-Ինչո՞ւ եք այդքան անտարբեր Հայաստանում տեղի ունեցող թիվ մեկ իրադարձությանը:
-Ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ: Ով որ ինչ-որ բանի հավատում է, իրե՛նց Ձեր հարցերն ուղղեք: Ես ոչ մի կարգի մեկնաբանություն չունեմ առայժմ:

ՀԱԿ նախկին անդամ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
-Պարո՛ն Շահնազարյան, խնդրում եմ՝ Ձեր գնահատականը տաք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մասնակցե՞լ եք ընտրություններին:
-Իհարկե մասնակցել եմ: Առայժմ շուտ է ինչ-որ գնահատականներ տալ: Ինչ մամուլով կա, այդ ամենին հետեւել եմ, մի քանի օր պետք է անցնի, որ որեւէ գնահատական հնչեցնեմ:

«Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպիսի՞նն  էին նախագահական ընտրությունները, դրանք կարելի՞ է համարել կայացած:
-Առանձնապես գործընթաց չեմ էլ նկատել, միջոցառում եղավ: Երբ մի բան իրականության մեջ տեղի չի ունենում, դա, որպես կանոն, շատ խախանդ է: Ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենում, ի՞նչ անակնկալների էիք սպասում: Ժողովուրդը՝ հասարակությունն ամբողջությամբ, հիասթափված է, զգալի մասը պարզապես չի գնացել, մյուս մասը գնացել է, որովհետեւ ինչ-որ ձեւով, այնուամենայնիվ, գայթակղող պահեր է տեսել, բայց ինձ այդ ամեն ինչը չի հետաքրքրում:
-Ի՞նչ գործընթացներ կհետեւեն ընտրություններին:
-Չգիտեմ:

ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Աբգարյան, գո՞հ եք նախագահական ընտրությունների ընթացքից:
-Դեռ հիմնովին տեղեկություններ չունեմ, որովհետեւ ընտրել եմ ու վերադարձել տուն:  Հեռուստացույցով մի քանի տեսակետներ հնչեցին եւ վերջ: Ուղղակի ուզում եմ մի բան ասել. հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը փորձ ունեցող է եւ նման այլ բաներ… իրականում նման եզրահանգումները ոտքից գլուխ սխալ են: Իրականում ոչ թե պետք է հայտարարել, թե թեկնածուն ինչպես է իրեն դրսեւորել այստեղ կամ այնտեղ, այլ գործել իրական դաշտում: Ոչ ոք չի կարող հաստատել, որ նա, օրինակ, 1993-94 թվականների պատերազմում ինչ-որ մեծ վաստակ ունի: Ընտրությունների ժամանակ ընդամենը պետք է ժողովուրդը հիմք ընդունի հետեւյալը. ի՞նչ է արել այդ մարդը: Նա հակապետական գործունեություն է վարել, պարտքերի ձեւավորումը եւ այլն, եւ այլն: Այս կարգի բաները պետք է հաշվի առնվեին: Սակայն նման բաների վրա ոչ ոք չի ցանկանում ուշադրություն դարձնել: Փաստորեն, երկրի անկախությունը քարուքանդ է արված: Սա՛ է իրականությունը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս