Չնայած ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ լավագույնը, այնուամենայնիվ, երեկ պարզվեց հակառակը: Անգամ նման պայմաններում, երբ չկա թեժ մրցակցություն, իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել ու հրաժարվել ընտրակեղծիքներից:
Դեռ ավելին, այս ընտրություններում կրկին գործի դրվեց նաեւ ընտրակեղծիքների իրենց հին զինանոցը, օրինակ` լցոնումները, որից կարծես թե վերջին ընտրություններում հրաժարվել էին. Արտաշատի 17/05 ընտրատեղամասում անգամ բռնել էին դիտորդի ձեռքերն ու արագ լցոնել, նման ահազանգ էր ստացվել նաեւ 17/07 ընտրատեղամասից: Երեկվա ընտրություններում գրանցվեց կրկնակի քվեարկության կամ ուրիշի անձնագրով քվեարկելու մի քանի փորձ, որոնցից մեկի կապակցությամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել (ընտրակեղծիքների ժամանակագրությունն առավել մանրամասն տե՛ս էջ 6): Այլ կերպ ասած` ցանկանում էին հնարավորինս լավը, բայց ստացվեց` ինչպես միշտ: Արդյունքում` իշխանություններին նախագահական ընտրություններում հաջողվեց ապահովել 60,05 տոկոս մասնակցության ցուցանիշ: Ըստ ԿԸՀ տվյալների` ընտրություններին մասնակցել է 1 մլն 518 հազար 407 ընտրող: Համեմատության համար նշենք, որ 2008թ. նախագահական ընտրություններում, որն անցավ անհամեմատ թեժ մթնոլորտում, ընտրությունների մասնակիցների թիվը շատ չէր տարբերվում երեկվա թվից. այն ժամանակ քվեարկությանը մասնակցել էր 1 մլն 671 հազար 27 հոգի:
Սերժ Սարգսյանն այս ընթացքում փորձել է անել ամեն ինչ, որպեսզի նախագահական ընտրությունների արդյունքներն ընդունեն ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ իր մրցակից թեկնածուները: Սա, թերեւս, անհրաժեշտ է լեգիտիմության ինչ-որ շղարշ ապահովելու համար:
Նախագահի մյուս թեկնածուները երեկվա դրությամբ դեռ չէին որոշել` կընդունեն արդյոք ընտրությունների այս արդյունքներն ու կշնորհավորեն Սերժ Սարգսյանին, թե ոչ: Նրանք վստահեցնում էին` որոշում կընդունեն ընտրությունների նախնական արդյունքներն իմանալուց հետո: Սակայն պարզ է մեկ բան. թեկնածուների մոտ, այնուամենայնիվ, կա դժգոհություն եւ ընտրությունների հանդեպ անվստահություն: Ամենայն հավանականությամբ, թեկնածուներից Հրանտ Բագրատյանը չշնորհավորի Ս. Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա խոստացավ այդ հարցին պատասխան տալ միայն այսօր: «Խոշոր ընտրախախտումների 15-20 դեպք ունենք, հիմա դրանք ենք ամփոփում: Իսկ տեսակետ կհայտնեմ միայն ընտրությունների նախնական արդյունքներն իմանալուց հետո»,-ասաց նա:
Նախագահի թեկնածուներից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ՝ ուշ երեկոյան, հրավիրած ասուլիսում տեղեկացրել է, որ այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում եւ բոլոր հարցերի պատասխանները խոստացել է տալ այդ ժամանակ:
Պարույր Հայրիկյանն էլ նշեց, թե ինքը թույլ չի տվել, որ ընտրությունները տապալվեն, բայց, այնուամենայնիվ, ինքը խաղից դուրս վիճակում է եղել: Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե իր հացադուլը կդադարեցնի միայն այն բանից հետո, երբ դիտորդները տան իրենց գնահատականը, քանի որ իր պահանջներից մեկն էլ օբյեկտիվ գնահատական ստանալն է: «Բայց անկախ նրանից, թե ինչ կլինեն դիտորդների գնահատականները, ես միանալու եմ այն քաղաքացիներին, ովքեր հայտարարելու են քաղաքացիական անհնազանդություն, որովհետեւ գտնում եմ, որ ազնիվ, քաղաքացիական դիրքորոշումն այն է, որ չենթարկվել ոչ լեգիտիմ ճանապարհով ձեւավորված պետական իշխանության մարմնին, եւ քաղաքացիական անհնազանդությունը հենց այն քաղաքական դրսեւորումն է, որը, իմ կարծիքով, հնարավորություն կտա համատեղ ջանքերով քաղաքական եւ քաղաքացիական ուժերի մի համատեղ ճակատ ստեղծել ընդդեմ ոչ լեգիտիմ իշխանությունների»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքներին, ապա առայժմ միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն է երեկ խոսել նախագահական ընտրությունների մասին: «Հետեւում ենք այս գործընթացներին, եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդի առջեւ հավաստիացումներ են եղել, որ բոլոր խախտումներով հետաքննություն կարվի, եւ մեղավորները կպատժվեն: Կոչ եմ անում բոլոր ընտրողներին, եթե տեսնում են խախտումներ, ապա դրանց մասին հաղորդեն եւ այնպես անեն, որ պատկան մարմինները, որոնք հրապարակավ խոստացել են, այդ ուղղությամբ քայլեր անեն, այդ քայլերը ձեռնարկեն, որ ազատ եւ արժանահավատ ընտրություններ անցկացվեն»,-ասել է նա:
ՍՏԱՑՎԵՑ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ