ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՈՒՂՂԵԼԻ Է
ՀՀ նախագահական ընտրությունների օրը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձել է ընտրական թոհուբոհից օգտվել եւ ավարտին հասցնել իրեն պատկանող գազալցակայանի ապօրինի շինարարությունը: Գյումրու նախկին քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, շինարարական բրիգադը տարել է շինհրապարակ, սակայն հարակից շենքերի բնակիչները թույլ չեն տվել սկսել աշխատանքները: Շինարարները եւս հրաժարվել են աշխատել, ինչի արդյունքում վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել: Ս. Ղուկասյանը ծեծել է կռունկավարին եւ ջարդել կռունկի ապակիները: Վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը, սակայն որեւէ մեկին բերման չի ենթարկել:

ԳՐԵԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան իր էջում նախագահի «ընտրությունների» հումորային ամփոփ արձանագրությունն է ներկայացրել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը. «1) Մասնակիցների թիվը- 5 648 258 մարդ, կամ ցուցակներում գրանցված մասնակիցների 213%-ը: 2) Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քաղաքացիների թիվը- 6 118 256 մարդ, կամ մասնակիցների 108%-ը: Դե հիմա թող Րաֆֆի Հովհաննիսյանը գնա ու բոլորին ձեռքով բարեւի… Տիգրան Մուկուչյան»:

ԿԴԻՏԱՐԿԵՆ
ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

ՄԱՅՐԱՍՊԱՆԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ` ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սպանություն կատարելու կասկածանքով երեկ բերման են ենթարկել 45-ամյա Աիդա Իգիթյանին, որը հայտնել է, թե խոհանոցային դանակով 3 անգամ հարվածել է սեփական մորը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարեւանները պատմել են, որ մայրասպանը տառապել է հոգեկան խանգարմամբ:

ԱՐԺԱՆԻԻՑ ԱՎԵԼԻՆ
Երեկ 9/11 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ նա ասել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Իսկ հարցին` արդյոք կան ՀՀ նախագահի արժանի թեկնածուներ քվեաթերթիկում, Տեր-Պետրոսյանը ժպտալով արձագանքել է. «Իհարկե կար: Օրենքը թույլ չի տալիս, թե չէ 7-ին էլ մեծ սիրով կքվեարկեի»: «Յոթն էլ արժանի՞ են»,-հարցին նա ասել է. «Արժանիից ավելին»:

ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Երեւանի թիվ 10/08 (72 դպրոցում գտնվող) ընտրատեղամասում երեկ քվեարկել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես քվեարկել եմ կայուն Հայաստան ունենալու համար, հայրենիքի անվտանգության համար, մեր ապահով Հայաստանի համար»,-ասել է նա` շեշտելով, որ համոզված է` այս ընտրություններն ավելի լավն են լինելու: Լրագրողների հարցին, թե հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ ԲՀԿ-ականներ սատարում են գործող նախագահին, արդյոք հնարավոր է՝ առաջիկայում կոալիցիա ձեւավորվի, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Ամեն բան հնարավոր է»: Իսկ ընտրություններից հետո իր` վարչապետ նշանակվելու հեռանկարի հետ կապված՝ Աբրահամյանը խուսափողական պատասխան է տվել:

ՄԻ՛ ՆԿԱՐԵՔ, ԷԼԻ՛
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը երեկ անհայտ կարգավիճակով գտնվել է Արտաշատի թիվ 11/17 ընտրական տեղամասային հանձնաժողովում, ինչը ֆիքսել է «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը: Պատգամավորը լրագրողին տեսնելուն պես անմիջապես լքել է տեղամասը՝ «մի՛ նկարեք» բացականչությունով:




Լրահոս