Արմեն Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների և բույսերի առողջության տեսչության պատվիրակությանը՝ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի առևտրի քաղաքականության տնօրեն Ջեյ Միտչելին, կենդանական արտադրանքի արտահանման և անասնաբուժության ավագ մասնագետ Ուեյն Բուռլեսոնին, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական կցորդ Ռեյչլ Վանդերբերգին և Ավստրիայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական մասնագետ Հալա Թուբիա Ռահմեին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Սիմոն Սարգսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Հայրապետյանը բարձր և օգտակար գնահատեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի տեսչության փորձը կենդանիների առողջության ու բույսերի պաշտպանության ոլորտում և հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի համագործակցել որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն քննարկվեց հանրապետությունում գյուղտնտեսական կենդանիների համարակալման ծրագիրը, բրուցելոզի դեմ պայքարն ու հիվանդության կանխարգելումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ ներմուծման դեպքում ներկայացվող անասնաբուժական պահանջներին ու կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի դեպքում սերտիֆիկացման պայմաններին: Հանդիպմանը ներկա՝ Ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնեց գործող ընթացակարգերը՝ անդրադառնալով թե երկկողմ համաձայնագրերով սահմանված, թե ԵԱՏՄ շրջանակներում գործող նորմերին:

Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչները հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին, պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկա անելիքների շուրջ:




Լրահոս