Երեկ՝ քվեարկությունների ամենաթեժ ժամանակահատվածում՝ DDOS հակերային հարձակման ենթարկվեց Գյումրու «Գալա TV» հեռուստաընկերության կայքէջը: Կարծում ենք՝ ամենեւին էլ ոչ պատահական, քանի որ հայաստանյան լրատվամիջոցներից ամենաակտիվը, թերեւս, «Գալա»-ն էր արձանագրում գրանցված ընտրախախտումները: Եվ ահա երեկ՝ երեկոյան, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ galatv.am կայքէջի վրա հարձակման հետքերով օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն. «Գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է»: Սակայն «Գալա»-ն պարզաբանեց, որ ոստիկանությունը ակնհայտ դիտավորությամբ չի հրապարակել Կարինե Հարությունյանի մերժման հիմնական պատճառաբանությունը: Հեռուստաընկերության տնօրենը հայրենի իրավապահներին բացատրել է. «Քանի որ մասսայական են եղել ընտրախախտումների դեպքերը, ուստի, գիտակցելով, որ նման ընտրությունների անցկացման պարագայում ոստիկանությունը պետք է որ գերզբաղված լիներ, «Գալա»-ն հարկ չի համարել ավելորդ անգամ եւս ծանրաբեռնել իրավապահ մարմիններին եւ հորդորել է զբաղվել արդեն իսկ հրապարակված նյութերի ուսումնասիրությամբ եւ բացահայտմամբ»: Հեռուստաընկերության գրասենյակ այցելած իրավապահները նաեւ գրավոր արձանագրություն են կազմել՝ «Գալա» հ/ը տնօրենի հիմնավոր բացատրությամբ, սակայն գերադասել են այդ մասին չբարձրաձայնել: