ԹԱՓԱՆՑԻԿ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՇՂԹԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունները կանցնեն, կգնան, ինչպես եւ նախորդները, եւ արդյունքը կլինի ավանդական. սա փորձն է ցույց տալիս, մեր նախագահներից ոչ մեկը դեռ չի կորցրել երկրորդ անգամ նախագահական աթոռը վայելելու իր հնարավորությունը, աթոռը ոչ ոքի չի զիջել եւ այդ ուղղությամբ ջանքեր էլ չի խնայել: Ուստի Սերժ Սարգսյանն էլ բացառություն չէ:
Հիմա, մի քայլ առաջ անցնելով, փորձենք հասկանալ, թե ինչ կարող է լինել ընտրությունների ավարտից հետո, քանի որ առավել հետաքրքիր են հետընտրական գործընթացները:
Նորընտիր նախագահի առաջին գործողությունները նշված են ՀՀ Սահմանադրությունում: Հոդված 51. «Հանրապետության նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը»: Այսինքն՝ իշխանությունների վերարտադրությունը կմեկնարկի ապրիլի 9-ին:
Հոդված 54. «Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»»: Բնավ կասկած չի կարող լինել, որ Սերժ Սարգսյանը հաջողությամբ կտա այդ երդումը, ինչպես եւ նախորդ անգամ, իսկ Սահմանադրության պահանջների կատարումը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովումը կմնա հարցականի տակ՝ ինչպես եւ նախորդ 5 տարիներին:
Հոդված 55. 3. «Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վերընտրվելուց հետո ԱԺ-ի հետ կապված նման ծրագրեր առայժմ չունի, քանի որ ԱԺ ներկա կազմը՝ իր ՀՀԿ-ական մեծամասնությամբ, լիովին ձեռք է տալիս ՀՀԿ առաջնորդին: Այլ հարց է կառավարությունը, որտեղ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, Ս. Սարգսյանը մեծ փոփոխություններ է պատրաստվում անել:
Այս մասին Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետում գրված է. «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում»: Փաստորեն, Տիգրան Սարգսյանն իր «կանխատեսումներում» ճիշտ էր դուրս եկել, երբ լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցի ժամանակ ասել էր՝ այսքան սպասել եք, մի քանի ամիս էլ սպասեք: Խոսքն ընդամենը 2-3 ամսվա մասին է: Բայց դա բնավ չի նշանակում, թե նորընտիր կառավարությունում կունենանք ոչ ՀՀԿ-ական վարչապետ, քանի որ Սահմանադրությունը հստակ ասում է, որ վարչապետ պետք է նշանակվի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձը: Հայտնի է, որ ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ականներն են ու ՀՀԿ-ամետ պատգամավորներ: Ուստի շրջանառվող այն խոսակցությունները, որ Սերժ Սարգսյանն իբրեւ թե կարող է վարչապետ առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Հրանտ Բագրատյանին, մեղմ ասած, անիրատեսական են, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես են ՀՀԿ-ականներն իրենց ելույթներում գովելու վարչապետի՝ իրենց համար ոչ այդքան հարազատ թեկնածուին: Այնպես որ, նոր վարչապետը կրկին կլինի նույն՝ ՀՀԿ-ական թիմի ներկայացուցիչ՝ ավարտելով իշխանությունների վերարտադրության լիարժեք ծրագիրը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գործադիրի կազմում բավական լուրջ փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում մի շարք հրաժարականներ ու փոխատեղումներ կլինեն:
Եվ այս ամենը կլինի այնքան բաց եւ այնքան թափանցիկ, որ այլեւս ոչ ոք չի կարողանա հերքել իշխանությունների գործողությունների թափանցիկությունը, ինչպես եւ հիմա ոչ ոք չի կարող հերքել ընտրությունների թափանցիկությունը, քանի որ, իրոք, նման բացահայտ ու թափանցիկ ընտրակեղծիքներ ու խախտումներ չէինք տեսել: Երկու բառով, այս ամենը թափանցիկ վերարտադրություն էր:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս