ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համապետական ընտրությունները Գյումրիում թեժ ընթացք ունեցան: Քաղաքի որոշ ընտրատեղամասերում ակտիվություն ու կուտակումներ էին նկատվում դեռ վաղ առավոտից: Ընտրության իրենց իրավունքից ցանկացել էին օգտվել ոչ միայն երիտասարդները,  այլեւ տարեցները, որոնք ընտրատեղամասեր էին գալիս ու քվեարկում հարազատների օգնությամբ:
Երկաթգծի Նորավանի թաղամասի գրադարանում տեղակայված, 1866 ընտրող ունեցող 35/32 ընտրատեղամասում ժամը 15:30-ի դրությամբ ընտրողների թիվը հասնում էր 555-ի:  Ընտրողների մեծ հոսքն այս ընտրատեղամաս երբեմն-երբեմն դառնում էր կուտակումների պատճառ: Վաղ առավոտից ընտրողներին իր աջակցությունն ու զորակցությունն էր ցուցաբերում տվյալ թաղի բնակիչ, ավագանու անդամ Էդգար Մկրտչյանը: Նա օգնում էր մարդկանց դրսում փակցված ցուցակներից գտնել հերթական համարը, մոտենալ համապատասխան սեղանին, նաեւ՝ տարեց ընտրողներին մեքենայով տուն հասցնելու հարցում:  
Ընտրատեղամասի նախագահ Հասմիկ Չարխիֆալակյանից փորձեցինք ճշտել, թե ինչով է պայմանավորված նման աջակցությունը: Նա ասաց, թե Է. Մկրտչյանը վստահված անձ է: Մեր զրույցին միացավ նաեւ Մկրտչյանը, որն այդպես էլ վստահված անձի փաստաթուղթը չկարողացավ ցույց տալ: Րոպեներ անց նա ներկայացրեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը լինելու մասին փաստաթուղթը եւ գրանցվեց գրանցամատյանում: Այս տեղամասում հետաքրքիր մի միջադեպ տեղի ունեցավ ժամը 15:30-ի սահմաններում: Ընտրողներից մեկը, ներս մտնելով ընտրատեղամաս եւ ցույց տալով անձնագրում առկա կնիքը, ասաց. «Ձեզ ո՞վ է ասել, թե ես չեմ ընտրել, որ զանգել եք մեր տուն ու ասել, որ գամ ընտրության: Ես ընտրության եկել եմ առավոտյան: Ես չգիտեմ, թե ով է եղել զանգողը, բայց ասել են, թե ընտրատեղամասից է»: Սակայն ընտրատեղամասի նախագահն ասաց, որ իրենք ոչ մեկին չեն զանգահարել:
12:00-13:00-ի սահմաններում մարդկային եւ մեքենաների կուտակումներ էին նկատվում նաեւ Գյումրու թիվ 21 մանկապարտեզում տեղակայված թիվ 35/22 տեղամասում ու հատկապես դրա շրջակայքում: Տեղամասում գտնվող «Ասպարեզ» ակումբի լրագրող Շուշանիկ Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ ներսում արտաքուստ խաղաղ ու հանգիստ է, բայց ընտրատեղամասից դուրս ինքը հետեւյալ միջադեպին է ականատես եղել. «Ցուցակագրում էին ու ընտրողներին տաքսիներով բերում-տանում: Ցուցակագրող անձը Սերժ Սարգսյանի վստահված անձն էր: Ինքը ներս մտավ, հետո նորից դուրս եկավ, ու ոնց հասկացա՝ նորից գալու էր: Հստակեցնում էր, թե որ մարդկանց որ ժամին պիտի տաներ-բերեր»:
Կուտակումներ եւ արտասովոր եռուզեռ էր նաեւ Գյումրու Թբիլիսյան խճուղում (նախկին Մալայա զեմլյա թաղամասում) գտնվող թիվ 21 մանկապարտեզում տեղակայված 35/22  ընտրատեղամասի շրջակայքում: Մինչ տեղամաս հասնելը տեղեկություն էինք ստացել, որ տարածքի մեքենաներից մեկից` «Նիվա» մակնիշի, գումար է բաժանվում ընտրողներին: Մեր՝ այնտեղ հայտնվելուց րոպեներ անց մեքենան հասցրեց հեռանալ: Քիչ հետո հեռացող անձնակազմին փոխարինեց նորը՝ նոր մեքենայով: «Հրահանգիչները», տեսնելով նկարող լրագրողներին, որոշեցին կանգնել ու սպառնալ, որ նկարելու փորձեր չանենք. «Ո՞վ եք եղած, որ մեզի նկարեք, ըդքան չկաք, եկա՝ աչքերներդ կհանեմ»: Սպառնալիքները հնչում էին մեքենայի դիմացը նստած կնոջից, որը վրդովվել էր լրագրողների ներկայությունից: Նշենք, որ ժամանակ առ ժամանակ հիշյալ մեքենային մոտենում էին բնակիչները ու րոպեներ անց հեռանում: Բնակիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ ամբողջ թաղամասում ընտրակաշառքը սկսել են բաժանել կիրակի երեկոյան թիվ 31 դպրոցից:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս