Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 3/29 ընտրատեղամասում ընտրող 71-ամյա Կարո պապիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Սերժ Սարգսյանին չի ընտրել. «Հրանտին եմ ընտրել: Եթե նա քիչ ձայն հավաքի, ուրեմն ժողովուրդը դեռ չի հասունացել: Նախորդ նախագահական ընտրություններին ընտրել էի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հասկացող մարդը պետք է ոչ թե մարդուն ընտրի, այլ նրա գաղափարները, ծրագրերը, ոչ թե Սերժ Սարգսյանի նման՝ մենք պետք է այսպես անենք կամ այնպես անենք. ախր անցյալ անգամ էլ էիր խոստանում: Նորից նույն երգն է երգում: Էն որ շարֆները վզներին գցած՝ գնում են էստեղ, էնտեղ, մեծ պալատներում ծափ տալիս, դրանից ի՞նչ օգուտ: «Առաջ Հայաստան»-ի ժամանակ ի՞նչ եղավ, որ «ապահով Հայաստան»-ի ժամանակ կլինի, ոչ մի բան…»:
Քանաքեռ-Զեյթունի 3/18 ընտրատեղամասում բավական ակտիվ էին քաղաքացիները: ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Տաթեւիկ Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Կուտակումներ են, բացի այդ, լրացուցիչ ընտրացուցակով ընտրողները 15 հոգով միասին մոտենում են, ինչը ես տարօրինակ եմ համարում»:
Նկատենք, որ Տաթեւիկը միակ վստահված անձն էր, որին «Ժողովուրդ»-ը հանդիպեց: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էլ նույն պատկերն էր. բացի Սերժ Սարգսյանի վստահված անձերից, ոչ ոք չկար ընտրատեղամասերում: Իսկ ընտրողները տեղամասային կենտրոններ մտնելիս պարտադիր բարեւում էին Սարգսյանի վստահված անձին:
Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա Նադյան երեկ ոչ ոքի չընտրեց, պատճառը գործող իշխանության հանդեպ ունեցած զայրույթն էր. «Ով ուզում է՝ թող թագավոր լինի, բայց թող ժողովրդին մի քիչ գոնե խղճա, նայի, օգնի: Մեղք ենք, ախր ամեն ինչ թանկացել է, 1000-անոցը մանրում ենք՝ մեկ վայրկյանում չկա: Աղջի՛կ ջան, թոշակս չի բավարարում. լրիվ տալիս եմ գազին, լսին, ջրին, աղբին»:
Արմավիրի 21/7 ընտրատեղամասի վառարանն այնքան էլ լավ չէր վառվում, այդ պատճառով ծուխ էր լցվել ներսը: Չնայած դրան՝ ընտրական հանձնաժողովի անդամները շարունակում էին կատակել: Նրանցից մեկը, որը դաշնակցական էր, բարձրաձայն հայտարարեց. «Հանրապետականներն ուզում են մեզ խեղդամահ անել»: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Սասունյանը, որը ՀՀԿ-ական էր, ի պատասխան դաշնակցականի հայտարարության, ասաց. «ՀՀԿ-ականները չեն խեղդում, նրանք միայն տաքացնում են»:
Նույն ընտրատեղամասի ընտրողներից մեկը՝ Արմենը, որը Արմավիր քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոցում վոկալի ուսուցիչ է, կատարեց գուսանական մի երգ՝ այն նվիրելով հորաքրոջ ծննդյան 50-ամյակին:
ՆՈՒՅՆ ԵՐԳՆ Է ԵՐԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ