Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներն իրենց ծավալով չէին զիջում նախորդ կեղծված ընտրություններին: Ներկայացնում ենք ընտրակեղծիքների մասին ահազանգերը:
10:30. Լոռու մարզի Տաշիր քաղաքի 35/5 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել առ այն, որ լցոնում է տեղի ունեցել: Ընտրատեղամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Պալուցյան Մարիամն ահազանգել է, որ լցոնման երկու փորձ է իրականացվել, որից մեկը հաջողվել է, եւ մոտ երեք ընտրաթերթիկ գցվել է քվեատուփի մեջ, իսկ երկրորդ փորձը կանխվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից:
12:30. Երեւանի թիվ 9/02 ընտրատեղամասում մի երիտասարդ Սերժ Սարգսյանի վստահված անձի հետ զրուցելուց հետո մոտեցել է հանձնաժողովի անդամներին` քվեաթերթիկ ստանալու: Երբ հանձնաժողովի անդամները խնդրել են ցույց տալ անձնագիրը, պարզվել է` դա պատկանում է Վիգեն Անդրանիկի Սարգսյանին, սակայն լուսանկարում պատկերված մարդը եւ անձնագիրը ներկայացնողն ակնհայտորեն տարբեր մարդիկ են եղել: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել է անձնագիրը՝ ստուգելու, երիտասարդը այն խլել է նրա ձեռքից եւ փախել: Կազմվել է արձանագրություն:
14:30. Լենինգրադյան 38 հասցեում գտնվող թիվ 41 մանկապարտեզում 9/31 ԸՏ Արզումանյան փողոցի բնակիչների քվեարկության համար նախատեսված սենյակի քվեատուփում նկատել են մի դաստակ գցած քվեաթերթիկներ, որոնց գցած լինելու ձեւը շատ նման է լցոնման հետեւանքի՝ հայտնում է iditord.org կայքը:
13:40. Աբովյան քաղաքի Երիտասարդական 1 նրբ. 1/40 բնակարանի սեփականատեր, քաղաքացի՝ Հարությունյան Վալերի Արմենակի, հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է եւս երկու անձ՝ Ավետյան Հրայր Էդիկի 27/10/1957, Վարդումյան Գագիկ Վարդանի 19/08/1957, որոնք իրականում այդ հասցեում գրանցված չեն:
15:00. 8/18 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի անդամ Աշոտ Մուսախանյանը պարզել է, որ ընտրություններին երիտասարդը ներկայացել է տարեց տղամարդու անձնագրով: Երբ այդ մասին բարձրաձայնել է, երիտասարդը խլել է անձնագիրն ու փախել դեպքի վայրից՝ հայտնում է «Այլուր»-ը:
15:30. 34/37 ընտրատեղամաս չհասած` մայթին կանգնած մի խումբ տղամարդիկ, նախքան ընտրատեղամասի տեղը մատնացույց անելը, հետաքրքրվում էին, թե արդյոք գումար բաժանողներից ենք, եւ իրենց որեւէ բան կհասնի, թե չէ: 34/37 ընտրատեղամասի մոտ մի կին, մոտենալով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ն ներկայացնող դիտորդ Գայանե Առաքելյանին, փորձում էր ճշտել, թե որտեղ են գումար տալիս:
14:30. Շենգավիթի 12/16 ընտրատեղամասում երկու քաղաքացիներ՝ 1955-ին ծնված Գագիկ Միքայելյանը եւ 1981-ին ծնված Հովհաննես Մովսիսյանը, փորձել են կրկնակի քվեարկություն իրականացնել: Քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամ Նարինե Վարդանյանը («Ժառանգություն») հայտնաբերել է, որ նրանց անձնագրերում արդեն քվեարկությանը մասնակցելու մասին նշում կա: Այնուհետեւ պարզվել է, որ այս երկու քաղաքացիները գրանցված չեն տեղամասի ցուցակում: Քվեաթերթիկները, սահմանված կարգի համաձայն, առանց ծրարից հանվելու անվավեր են համարվել: Միջադեպի մասին հաղորդումն արձանագրվել է եւ ներկայացվել ոստիկանություն:
17:20. Iditord.org կայքի փոխանցմամբ՝ Աջափնյակի 6/16 ընտրատեղամասում այլ ընտրողների փոխարեն քվեարկության դեպքեր են գրանցվել: Դիտորդը նկատել է, որ Նավասարդյան Կարապետի անվան դիմաց Մարտիրոսյան Նարեկն է ստորագրել: Նույն տեղամասում ընտրողներից Մանուկյան Արսենը նկատել է, որ իր եղբոր` Մանուկյան Արմենի անվան դիմաց ստորագրված է, սակայն Մանուկյան Արմենն արտերկրում է: Արսենը դիմել է հանձնաժողովի անդամներին` նշելով, որ բողոքելու է դեպքի առնչությամբ:
18:40. Ըստ Iditord.org կայքի՝ ահազանգ է ստացվել նաեւ մի քաղաքացուց, որը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 եւ 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:
19:00. 8/27 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք: Ինչպես հայտնում է «Այլուր»-ի թղթակիցը, ընտրողը գնացել է ընտրատեղամաս ու հայտնաբերել, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի անդամներն ասել են, որ պետք է բողոքարկի:
Ալավերդու տարածաշրջանի Չկալով համայնքը ներառող 31/24 ընտրատեղամասում քվեարկությունն ուղղորդելու փորձ է նկատվել համայնքի ղեկավարի կողմից: Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանը սեփական ավտոմեքենայով է գյուղացիներին տեղափոխել ընտրատեղամաս: Այս մասին հայտնում է «Այլուր»-ը:
17:15. 9/18 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը փորձել է ընտրության եկած քաղաքացուց պարզել` արդյոք այդ մարդն իր անձնագրով է եկել, նկատել է, որ անձնագրում գեր, սպիտակ մազերով մարդ է, իսկ ինքը՝ նիհար, ոչ այդքան սպիտակ եւ սեւահեր: Տեղում հարցրել է նրա հայրանունը: Ընտրողը մի քանի անգամ հարցնելուց հետո ասել է, որ չի հիշում իր հոր անունը ու արագ փախել ընտրատարածքից: Անձնագիրը պատկանում է Գուրգեն Արտաշեսի Ղազախեցյանին: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանը (ՀՀԿ) լրագրողներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում էլ չի գտնվել՝ հայտնում է «Այլուր»-ը:
Արտաշատի թիվ 17/7 ընտրատեղամասից թեժ գծին ահազանգել է «Իրավունքի Եվրոպա» հկ-ի դիտորդը եւ տեղեկացրել, որ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, որի վերաբերյալ արձանագրություն կազմած դիտորդի նկատմամբ ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամները։ Լցոնման դեպք էլ արձանագրվել էր 17/5 ընտրատեղամասում:
17։00. Կապանի թիվ 38/12 ընտրատեղամասի մոտ «Իրավական շտապօգնության» մեքենայում շրջող լրագրողն ահազանգ է ստացել, որ Կապանի Շինարարների թաղամասում տեղակայված 38/12 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են, մարդկանց ուղեկցելով բերում են ընտրության, ընտրելուց հետո գումար տալիս ու ճանապարհում։
16։50. Մարտունու 22/23 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում եւ քաոսային վիճակ։ Տեղամասում եղել են 15-ից ավելի ընտրող եւ օտար անձինք։
16։12. Երեւանի 8/16 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդը նկատել է, որ քվեարկողների գրանցամատյանում քվեարկել պատրաստվող ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին եւ պարզաբանում պահանջել։
15:00. Արարատ քաղաքի թիվ 18/08 տեղամասում քվեարկում էին տեղի զորամասի զինվորները. նրանք շնչադիմակներով են եղել. պարզվել է` նրանք հիվանդ են եղել ջրծաղիկով:
15:00. Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական փողոցի 6/5 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում: Այս մասին «Առավոտ»-ի թղթակցին է հայտնել 6/5 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի վստահված անձն էլ ուղղորդում է ընտրողներին:
Տաշիրի 32/5 տեղամասում ՏԸՀ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Պալությանն արձանագրել է լցոնման փաստ: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանը, ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս եկել եւ ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել ընտրատեղամասի կենտրոնում եւ «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել «Ո՛չ կեղծ ընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ:
4/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի եւ նույն ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի միջեւ եւս թունդ վիճաբանություն է եղել: Հանձնաժողովի քարտուղարը, որը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դուստրն է, արձանագրել է կրկնակի քվեարկության դեպք: Քաղաքացի Սոնա Միքայելի Վարդանյանը, որը եկել է ընտրատեղամաս` կատարելու իր պարտքը, տեսել է, որ իր անուն-ազգանվան դիմաց արդեն ստորագրել եւ քվեարկել են: Այդ մասին քաղաքացին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, որը թույլ է տվել՝ տվյալ քաղաքացին մեկ անգամ եւս քվեարկի` պատճառաբանելով, որ անուն-ազգանունը համապատասխանում էր, բայց անձնագրի սերիան` ոչ:
Կրկնակի քվեարկության փաստ արձանագրելով` Լուսինե Դրամբչյանը կազմել է արձանագրություն: Հանձնաժողովի նախագահը հերքել է այդ տեղեկատվությունը` պատգամավորի դստերը մեղադրելով ստախոսության մեջ:
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ