ՆՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեցին ՀՀ նախագահի ընտրությունները: Երկրի ապագայի մասին մտածող յուրաքանչյուր քաղաքացի չանտեսեց ընտրության իր իրավունքը եւ պարտաճանաչ կերպով քվեարկեց իր նախընտրած թեկնածուի օգտին: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց մի քանի հայտնիների հետ ու պարզեց՝ արդյոք նրանք մասնակցել են ընտրություններին ու ինչպիսի Հայաստան ունենալու հույսով են քվեարկել:

ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ
-Գնացել եմ ընտրությունների, կատարել քաղաքացիական պարտքս: Ընտրատեղամասում շատ հանգիստ էր, մենք Էրեբունիում ենք ընտրել: Ոչ մի անախորժություն չտեսանք, բոլորը ժպիտով, շատ սիրուն դիմավորեցին: Ինչպես միշտ, այս անգամ էլ լիարժեք հույսերով եմ գնացել, որ ապագան պետք է պայծառ լինի: Եթե հույսը մարդու միջից կորավ, ամեն ինչ իզուր է:
-Կարծում եք՝ արժանի՞ թեկնածուի եք ընտրել:
-Կարեւոր չէ թեկնածուն, ես պետականությունը սիրող, հարգող մարդ եմ, անհատի հետեւից շատ չեմ գնում: Կարեւորը՝ մեր ընտրած մարդը մեր պետականությունը պահի, հազիվ անկախություն ունենք, չկորցնենք: Արցախը միանա, Ջավախքի խնդիր կա, Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան կա, բոլորս դրանց համար ենք ապրում: Ուզում է՝ այդ թեկնածուն սարի հովիվ լինի, ես կամ Դուք, թող մեր պետականությունն ամուր կարողանա պահել: Ես Սերժի ցավն էլ տանեմ, Րաֆֆիինն էլ, մուսներինն էլ, ով մեր ժողովրդի համար լավ բաներ կանի, բոլորն էլ մեր գլխի վրա տեղ ունեն:

ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆ
-Իհարկե մասնակցել եմ ընտրություններին: Էջմիածնում եմ քվեարկել, մեզ մոտ հանգիստ ընտրություններ էին ընթանում:
-Ինչպիսի՞ Հայաստան ունենալու ակնկալիքով եք քվեարկել:
-Լավ Հայաստան, միայն դրական սպասումներով, որ վաղը լավ օր բացվի, իսկ ամենակարեւորը, որ երկրից դուրս ապրողները վերադառնան հայրենիք, արտագաղթ չլինի, ժողովուրդը հետ գա:
-Հավատո՞ւմ եք Ձեր ձայնի ուժին:
-Եթե չհավատայի, չէի գնա: Հավատով եմ գնացել, որ մեր ձայնը տեղ կհասնի, ու մեր ընտրությունը ճիշտ կլինի: Ես ընտրել եմ ինձ համար, իմ երեխաների, մեր Հայաստանի համար: Մենք տանջված ժողովուրդ ենք, մեզ հասնում է, որ լավ ապրենք: Աշխարհի ամենալավ երկիրն է մեր երկիրը:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
-Ընտրությունների գնալն ինձ համար ամեն անգամ սթրես է: Որ չեմ տեսնում դպրոցս, որ ամենամեծ խաղահրապարակն ուներ` կանաչապատ, գեղեցիկ, հիմա 4 կողմից բանտարկված է ավտոտնակներով ու տարաբնույթ, անհասկանալի կառույցներով` անխնամ, կիսախարխուլ, մռայլ: Կանգառի փոխարեն` բենզալցակայան, ամենամեծ ֆուտբոլի դաշտի փոխարեն` սուպերմարկետ, ակացիաների ծառերով փողոցների փոխարեն` անճաշակ կրպակներ: Ամենականաչ ու ամենագեղեցիկ թաղամասը դարձել է ամենաանճաշակն ու անտանելին: Էդքանից հետո էլ ի՞նչ ընտրություն, ում էլ ընտրես, էլ ոչինչ հետ չի բերի….
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ վաղը:
-Այն, ինչ ուզում եմ ունենալ, ակնկալիք չունեմ, որ հենց վաղը կունենամ: Ուղղակի գնացել եմ ընտրության, որ իմ ձայնը չօգտագործվի: Այդ մտավախությունը միշտ կա, եթե դու չկատարես քո պարտքը, ուրիշը կանի, ինչքան էլ ասեն, թե արդար են ընտրությունները: Իմ ենթադրությամբ մրցակից կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց դե միեւնույն ժամանակ կարծում եմ, որ նույնիսկ միջազգային դիտորդներ պետք չեն: Ժողովուրդը հիանալի գիտի, թե տոկոսներն ինչպես են բաշխվելու, ոչ մեկին անակնկալ չի սպասվում: Լինելու է այնպես, ինչպես լինելու է:

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԱՍՈ)
-Գնացի ընտրությունների Քանաքեռում՝ մեր 84 դպրոցում, հենց մտա, տնօրենն առաջինը դիմավորեց: Ես էլ ժպիտով ընտրել եմ, անեկդոտ պատմեցի, շատ հանգիստ էր, ժողովուրդն էլ ուրախ մտնում, դուրս էր գալիս: Ինձ թվում է` նախագահ ընտրելը տոն է, ու տոնին կարելի է բարի նայել:
-Ի՞նչ հույսերով եք գնացել ընտրության:
-Ամեն ընտրության հետ կապում ես նոր իղձեր, հաջողություններ, հենց այդ տրամադրությամբ էլ գնացել էի ու հավատում եմ, որ պիտի լավ լինի: Տա Աստված, արեւը միշտ շողա մեր երկրի վրա:
-Ի՞նչ եք կարծում, թեկնածուներից ո՞վ կլինի առաջատարը:
-Ես չգիտեմ՝ ով կլինի, բայց ինձ թվում է՝ երկու ուժեղ թեկնածու կա` Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես երկուսին էլ հավատում, վստահում եմ, բայց լավ կլիներ՝ իմ ընտրածը լիներ: Իսկ թե ում եմ ընտրել, չեմ ասի, գաղտնիք է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս